Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 օգոս 2016 18:45

Ռուսաստանը Թուրքիայի հետ բարելավում է հարաբերությունները Պետրոս Մեծի ծրագրերի վերջին կետը իրագործելու համար. Տեսանյութ

Օգոստոսի 15-ին «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին: Պարոն Նավասարդյանը անդրադարձավ աշխարհաքաղաքական զարգացումներին և արցախյան հիմնահարցին:
 Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով՝ հաղթողներ կամ պարտվողներ չպետք է լինեն, բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանն այնպիսի դիրքորոշում ունի, որ նման կոչերով բանակցության գնալն անհնար է. «Այս առումով, ես որևէ քաղաքական հեռանկար չեմ տեսնում: Դա անհնար է: Հնարավոր չէ այսօրվա ժամանակի և տարածության մեջ որևէ հարց լուծել Ադրբեջանի հետ՝ այստեղ բանակցությունները, չեն գործում, քանի որ Ադրբեջանն ասում է, որ Արցախը միայն ու միայն պետք է լինի իր կազմում, իսկ մենք դա չենք ընդունում»: Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, որ մեզ ոչ ոք չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրները. «Մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, այնպիսի ներպետական և արտաքին քաղաքականության, այնպիսի կուռ միասնության, ես կասեի՝ առաջին հերթին՝ ռազմական: Այնպես որ, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք, և հասկանանք, որ մեզ ոչ ոք, մեծ հաշվով, չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրը». ասաց բանախոսը: 
 Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու հանգամանքին Արման Նավասարդյանը նշեց, որ Ռուսաստանը չպետք է գնար Ադրբեջանին զենքի մատակարարելու քայլին։ Այն,  որ Ռուսաստանը,  նախագահի մակարդակով,  ասում է, թե եթե իրենցից չգներ, Ադրբեջանը  ուրիշներից էր գնելու,  իրականությանը չի  համապատասխանում. «Հավատացնում եմ «Տոս 1Ա»-ն և «Ս 400 –ը» ոչ մի տեղից բացի Ռուսաստանից, ԱՄՆ-ից և եթե չեմ սխալվում Անգլիայից՝ չեն կարող գնել: Վերջիններս չեն վաճառում, սակայն Ռուսաստանը վաճառում է, քանի որ Ռագոզինի նման մարդիկ ասում են,  որ վաճառել ենք և վաճառելու ենք։ Ռուսաստանին մենք պետք է կարողանանք հասկացնել, որ իրենց   արևելյան քաղաքականության մեջ եղել են վրիպումներ և հիմա էլ կարող են լինել: Աշխարհում կա դեպի մուսուլմանական, իսլամական աշխարհակարգ գնալու հզոր տենդենց և այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, նրանք որևէ մեկի հետ չեն կարող հարաբերություններ զարգացնել: Լավրովյան ծրագիրը կասեցված է, քանի որ նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»,-ասաց նա։
 Ինչ վերաբերվում է Թուրքիա-Ռուսաստան մերձեցմանը, Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ բարելավում է իր հարաբերությունները Պետրոս Մեծի ծրագրերի վերջին կետը իրագործելու համար, այն է օգտագործել Դարդանելը և Բոսֆորը՝ դուրս գալու համար Հնդկական օվկիանոս: Ըստ նրա, եթե վաղը կարգավորվեն Թուրքիայի հարաբերությունները համաշխարհային մասշտաբով, նա կվազի դեպի ՆԱՏՕ և, որ Թուրքիան երբեք չի կարող կտրվել ո՛չ Արևմուտքից, ո՛չ ՆԱՏՕ-ից: «Պուտինը շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում, դա բյուզանդական դիվանագիտություն է հիշեցնում՝ մոտեցնում է իր հակառակորդին: Դա դիվանագիտության մեջ կոչվում է հակառակորդին խեղդել իր գրկի մեջ: Այդ միտումը ես տեսնում եմ՝ Ռուսաստանը հավասարակշռում է քայլերը մի կողմից Իրանի հետ, մյուս կողմից՝ Թուրքիայի: Դա շատ ճկուն դիվանագիտություն է»: 
 Ըստ Արման Նավասարդյանի, ՌԴ-ի համար առաջնահերթ խնդիրն է նաև օգտագործել Իրանի այն մեծ ռեզերվային հնարավորությունները սանկցիաների վերացումից հետո. «Ռուսաստանը երկու հարցում չի կարող անտարբեր մնալ, նախ՝ շատ թույլ չտալ, որ Իրանն ակտիվանա տարածաշրջանում, որովհետև Կովկասը համարում է իր տարածաշրջանը, մյուսը՝ տնտեսական հարցեր»,- ասաց նա:
 Իսկ ահաբեկչության դեմ պայքարի մասին ՌԴ նախագահ Պուտինի ելույթին ու հռչակագրի անդրադառնալով նկատեց. «Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար առաջնային խնդիր է, որովհետև կա ԻԼԻՊ, ու կա շատ լուրջ վտանգ այս տարածաշրջանում: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են նաև այս հարցով: Ռուսաստանն Ալիևի հետ «մուկն ու կատու» է խաղում, որովհետև եթե Ալիևը գնա, այնտեղ կարող է հաստատվել իսլամական ֆունդամենտալիստական պետություն, ինչը նաև վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նշեց Արման Նավասարդյանը, շեշտելով, որ, եթե Ռուսաստանը որոշում է Ադրբեջանի հետ պայքարել ահաբեկչության դեմ, հարց է ծագում, թե ո՞վ է լինելու պայքարող կողմը, եթե Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի հարցում էլ տարակուսեց. «Ինչպես է  հնարավոր Թուրքիայի հետ պայքարել ահաբեկչության դեմ, եթե նա սնեց, զարգացրեց ու հիմա էլ շարունակում է նույն քաղաքականությունը՝ իսլամական ծայրահեղականությունը տարածաշրջանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր