Թող ձերբակալեն, եթե...Կշեռքի մի թաթին իր անձն է, մյուս թաթին՝ «մեր երկրին սպառնացող վտանգները»

Մի փոքր տարօրինակ է, որ քաղաքական և վարչական կյանքի մեծ փորձառություն ունեցող, և թվում է՝ գործնական կյանքի պրագմատիկ Սերժ Սարգսյանն իր սեփական կյանքի կշիռը հավասարեցնում է «մեր երկրին սպառնացող վտանգների» հանրագումարին՝ իր գնահատականով կշեռքի մի թաթին իր անձն է, մյուս թաթին՝ «մեր երկրին սպառնացող վտանգները»: «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:
Այստեղ ոչ այնքան ձերբակալելու/չձերբակալելու խնդիրն է կարևոր, որքան՝ ձերբակալել/չձերբակալելու իր սահմանած գինը՝ մեր ժողովրդի երջանկությունը, Մարտի 1-Հոկտեմբերի 27 բացահայտվածությունը, ԼՂ բանակցությունների ճիշտ ուղին, մեր երկրին սպառնացող վտանգների չեզոքացումը: Շա՜տ բարձր գին է սահմանում այն մասնավոր կյանքի ազատության համար, որի իշխանության ժամանակաշրջանի գործնական ընթացքին ամբողջովին և անմնացորդ ծառայել է ճիշտ իր ասածի հակոտնյային և դեռ պատրաստվում էր ծառայել:
Տարօրինակ չէ, իհարկե, որ նա ոչինչ չի ասում մեր երկիրն ու մեր հասարակությունն ավերած «արդարադատության» և իշխանության անբարոյականության մասին՝ ի՞նչ բաղադրիչ են կազմում դրանք պարոն Սերժ Սարգսյանի մասնավոր կյանքի հաշվեկշռում: Հանուն դրանց «ճիշտ ուղու» վերադարձի, այսինքն` հանուն երկրի սոցիալական և նյութական ռեսուրսները յուրայիններով յուրացնելու, հասարակությունը հրեշավոր բևեռացնելով «երջանկացնելու» նույնպե՞ս չի ափսոսա ազատությունից զրկվել»: