Կոտայքում հարկադիր կատարողները մի քանի օր է՝ փորձում են 83-ամյա կնոջը դուրս հանել իր տնից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել
![](https://www.tert.am/news_images/1046/3136113_1/2b5db80ee3b8d1e6f509d7c81e4d72d4.thumb.jpg)
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին SHAMSHYAN.com էր դիմել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանն ու նրա աղջիկը՝ Լենա Բադալյանը: Ֆոտլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Ով կմտածեր, որ մեր տան տղամարդու մահվանից հետո գաղտագողի մեր հարսը սև կբերեր մեր գլխին: Մեզանից թաքուն իր մարդկանց գրանցել է տան վրա, ինչի պատճառով անօգնական վիճակում գտնվող թոշակառու տատիկը զրկվել է Փարոսից: Դա քիչ էր, վերջերս էլ տեղեկացանք, որ մեզանից թաքուն դիմել է դատարան ու Կոտայքի մարզի դատարանը Լիդա Բադալյանի ու նրա ամուսնու կողմից տարիներով կառուցված տան մեծ մասը սեփականության իրավունքով հատկացրել է հարսին:
Օրեր առաջ էլ Հարկադիր կատարման ծառայությունից եկել են մեր տուն ու մեզ ժամանակ են տվել, որ փետրվարի 25-ին պետք է տունը ազատենք և 83-ամյա տան իրական սեփականատիրոջն էլ դատարանը հատկացրել է որպես կացարան՝ տան հարևանությամբ գտնվող գոմը: Խնդրում ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որպեսզի իրենց հոսկողության տակ վերցնեն այս գործը ու կհամոզվեն, թե ինչպիսի կոպիտ չարաշահումներ են կատարվել դատարանի կողմից: Լրացուցիչ խնդրանքով դիմում ենք նաև Փաստաբանների պալատաի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի նա էլ ուսումնասիրի մեր փաստաբանի՝ Արթուր Խաչիկյանի կատարած անմարդկային վերաբերմունքը: Մեզ վերաբերող բոլոր որոշումները, մեզ խաբելով, տարել է ու մինչև այժմ ոչ միայն չի վերադարձնում այլ նաև հրաժարվում է մեր հեռախոսազանգերին պատասխանել:
Որպես 83 տարեկան տատիկ խնդրում եմ ձեզանից, որ իմ հարցը լսեք և հետաքննություն անցկացնեք ու կհամոզվեք, որ թե՛ հարսիս, թե՛ մեր փաստաբանի և թե՛ դատարանի կողմից կատարվել են անարդարացի որոշումներ և խնդրում ենք, որ խնդրին հրատապ լուծում տաք, հակառակ դեպքում՝ ես ու իմ աղջիկս դատավորի անօրինական որոշումների պատճառով հայտնվելու ենք փողոցում», արցունքներն հազիվ էր զսպում 83-ամյա Լիդա տատիկը: