Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 նոյ 2019 10:38

«Վարչապետի ֆեյսբուքյան ակտիվությունը նրան որոշ չափով խոցելի է դարձնում»․ Փաշինյանը աշխարհի լիդերների լավագույն տասնյակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում ակտիվություն ցուցաբերող՝ աշխարհի առաջնորդների լավագույն տասնյակում է։ Սա է ցույց տալիս սոցցանցերում աշխարհի առաջնորդների, կառավարությունների ակտիվությունն ուսումնասիրող Twiplomacy կազմակերպության հրապարակած վերջին զեկույցը՝ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում-2019» անվամբ։


Փաշինյանը 10-րդ տեղում է մի աղյուսակում, որտեղ համագումարի է բերված ֆեյսբուքյան էջը լայքելու, տեսանյութերը, գրառումները տարածելու, էջում մեկնաբանություններ գրելու տվյալները։ Փաշինյանը բացարձակ թվերով 14.5 միլիոնից ավելի interaction ունի վերջին 1 տարվա ընթացքում։
Զեկույցում նշված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ուղիղ եթեր մտել իր գրասենյակից և մեքենայից և տեղեկացրել իր կառավարության գործունեության մասին։


«Հնարավոր է, որ ձայնի կամ տեսանյութի որակը լավագույնը չի եղել, սակայն ուղիղ ներգրավվածությունը շատ լավ է ընդունվել, և նա ընդգրկվել է ամենաշատ արձագանքներ ստացող առաջնորդների առաջին տասնյակում», – նշել են զեկույցի  հեղինակները։
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ վարչապետ Փաշինյանի ակտիվությունը սոցիալական ցանցերում ունի ինչպես դրական, այնպես էլ  բացասական ու ռիսկային կողմեր, որոնք նրան որոշ չափով խոցելի են դարձնում։


«Այսօր գրեթե ողջ աշխարհի լիդերները՝  բացառությամբ մի քանիսի, գնում են դեպի թվայնացում, ակտիվորեն  օգտվում  են  սոցցանցերից, բայց շատ  դեպքերում երկրի նախագահները, վարչապետները կամ այլ բարձրաստիճան պետական այրերը  սոցիալական ցանցերում ունեցած իրենց էջերը ինքնուրույն չեն վարում, այլ նրանց փոխարեն դա անում են իրենց PR թիմերի  ներկայացուցիչները։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր «Թվիթեր»-ում ամենաակտիվ դեմքերից մեկն է աշխարհի մասշտաբով և նաև այն քչերից մեկն է, ով անձամբ է վարում իր էջը։  Փաշինյանը նույնպես այն եզակիներից է, ով «Ֆեյսբուք»-ում անձամբ է գրառումներ կատարում, ուղիղ եթերներ մտնում՝ օնլայն հարցուպատասխանի կամ ինչ-որ հայտարարություն անելու համար, որը մի կողմից լավ է՝ որպես հանրության հետ անմիջական շփման գործիք, բայց միևնույն ժամանակ նաև ռիսկային է , որովհետև դա նրա PR թիմի կողմից նաև անվերահսկելի է և որոշ դեպքերում կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
Այսինքն՝ կարող են լինել  գրառումներ, որոնք քաղաքական իմաստով ոչ միանշանակ ընկալելի լինեն կամ կարող են լինել ավելի խոսակցական լեզվով ու ոճով գրված գրառումներ, որոնք շահարկումների առիթ հանդիսանան և տեղեկատվական ու PR թիմը չկարողանա այդ ամենը վերահսկել։ Այս  տեսանկյունից  Նիկոլ Փաշինյանը շատ  անմիջական է, ինչը բնակչության  ու նրա էջի հետևորդների մի հատվածի վրա  դրական  ազդեցություն է ունենում, սակայն մեկ ուրիշ հատված էլ օգտվում է դրանից և կիրառում է հակառակ էֆեկտ  ստանալու համար»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը։
Այս համատեքստում վերջինս նաև հավելեց, որ այս բնույթի տարատեսակ խնդիրներից խուսափելու համար՝ պետական  բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետք է լինի սոցցանցերի  օգտագործման հստակ քաղաքականություն։
«Այսօր նաև ըստ միջազգային թրենդի՝ հասարակության, մարդկանց ծանրակշիռ մասը ինֆորմացիա «սպառում է» սոցցանցերի միջոցով։  Նույն այդ զեկույցի մեջ Twiplomacy-ն առանձին նշում է օրինակ մեր ԱԳՆ-ի թվիթերյան էջը  որպես ամենաազդեցիկներից մեկը և այո´, երբ նայում ենք մեր ԱԳՆ-ի էջը, ապա դա  ճիշտ կառավարվող էջ է, որտեղ  շատ  հստակ դերերի բաշխում կա, կոնկրետ ռազմավարություն կա, հստակ մոտեցումներ կան,  նախապես մշակված լեզու կա և այն և այլն, իսկ մեր մնացած գերատեսչությունները կամ առանձին պաշտոնյաները  չունեն այդ ամենը, ով ոնց կարողանում է վարում է իր էջը,  ինչն այդքան էլ լավ  չէ։ Ուստի,  կարծում եմ՝  մեր ԱԳՆ-ի փորձը պետք է վարակիչ լինի ընդհանուր առմամբ նաև մեր  կառավարության այդօրինակ գործունեության վրա»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանն ու միևնույն ժամանակ խորհուրդ տվեց, որ այս ուղղությամբ գրագետ և  պրոֆեսիոնալ աշխատելու համար նախևառաջ  ներքին ռազմավարություն մշակվի, ինչպես նաև պատշաճ ձևով  ապահովվի այդ սոցհաշիվների պաշտպանվածությունը տարատեսակ կիբերհարձակումներից։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր