Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 դեկ 2019 14:35

Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը

Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին է:
Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների (պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային) մասով:


Ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:

Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:


Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ:
Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ:

Հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը:

Այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը:
Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր