Ահազանգ և զգոնության կոչ.իշխանությունը կքեց բեռի տակ և նրա ներսում ճողվածքներ առաջացան
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար:
Եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը կարողանար հաղթահարել այն:
Սակայն ճգնաժամը երկարաձգվեց, ինչի պատճառով իշխանությունը, լինելով ապիկար, կքեց բեռի տակ և նրա ներսում ճողվածքներ առաջացան:
Այդ պատճառով նա կորցնում է կառավարումը: Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ:
Նման իրավիճակում իշխանությունը պետք է ուշքի գար և փորձեր համախմբել առողջ ազգային ուժերի ռեսուրսը, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունենային հօգուտ մեր ազգի ու պետության և միասնաբար կարողանայինք հաղթահարել ճգնաժամը:
Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին:
Տեղի ունեցող գործընթացը բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին ուղղված ահազանգ և զգոնության կոչ է՝ համախմբվելու և կրեմլահպատակ կիսագաղութային համակարգից դուրս գտնվող ուժերի ու գործիչների առաջնորդությամբ քաղաքական փոփոխություներն ազգային պետություն կերտելու գործին ծառայեցնելու համար»: