Տեսանյութ. «Հիանում եմ Նիկոլ Փաշինյանով». Ստեփան Դանիելյան

«Բացի պոպուլիստական հիմնավորումներից, չկար որևէ ռեալ հիմնավորում: Չկար որևէ պատասխան, թե դուք ինչ եք ուզել անել, որ Սահմանադրական դատարանը ձեզ խանգարել է: Կամ, ժողովուրդը հիմնականում դժգոհ է դատարանի մյուս ատյաններից, ինչո՞ւ այդտեղից չեք սկսում: Ինչո՞ւ չեք փոխում ընտրական հանձնաժողովի կազմը, ժողովուրդն ընտրակեղծիքներից էր բողոքում: Կամ ինչո՞ւ ոստիկանությունում և դատախազությունում որևէ փոփոխություններ չկա: Այն ռեպրեսիա իրականացնող կադրերը, որոնք գործում էին, հիմա շարունակում են գործել: Երևի լավ են իրենց ծառայում: Այսինքն, այս հարցերի պատասխանը գոյություն չուներ»,- նշում է Ստեփան Դանիելյանը:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրենց նպատակն է ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը, քաղաքագետը կրկին պոպուլիստական է համարում:
«Այն արտահայտությունը, թե մենք կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը ժողովրդի ցանկություններով շարժվի, դա աբսուրդ է, որովհետև ընդհանրապես գոյություն ունեն օրինականություն և արդարություն հասկացությունները, որոնք շատ դեպքերում իրար հետ հակասության մեջ են մտնում: Դատարանների դերը օրինական որոշում կայացնելն է: Այսինքն, ելնելով ոչ թե ժողովրդի կամքից, ոչ թե այս կամ այն մարդու կամ մարդկանց խմբերի՝ արդարության մասին պատկերացումներից, այլ ըստ օրենքների: Եթե օրենքները վատն են, ապա Ազգային ժողովը նրա համար է, որպեսզի լավ օրենքներ ընդունի, ու դատավորն ըստ այդ օրենքների որոշումներ կայացնի: Այս որոշումներից կարող է դժգոհ լինեն»,- ասում է Դանիելյանը և օրինակ բերում հոլիվուդյան ֆիլմերը, որոնցում ի ցույց է դրվում օրինականության և արդարության հակասությունը, թե ինչպես է դատավորը կանգնում դժվար ընտրության առաջ.
«Այդ մարդու հանցագործության դրդապատճառները շատ հասկանալի են, մարդկային են, բայց մյուս կողմից ինքը հանցագործություն է կատարել, և օրենքներն ասում են, որ պետք է պատժել: Մեզ մոտ այդ գիտակցությունը, այդ վեճերը, այդ դիսկուսիաները, թեկուզ ֆիլմերի տեսքով, գոյություն չունեն: Հիմա այդ հայտարարությունները, որ գիտեք՝ երազանքի Սահմանադրական դատարան ենք ունենալու, սա ուղղակի դեմագոգիայի գագաթնակետն է, և հատկապես ցավալի է, որ երկրի առաջին դեմքն է դա ասում: Դա շատ վտանգավոր է»:
Քաղաքագետը տոտալիտար մոտեցում է համարում այս հայտարարությունը, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է, և որ երկրի Սահմանադրական դատարանն իրավունք չունի այն սահմանափակել:
«Ցանկացած մեծ հանցագործություն կատարվել է ժողովրդի անունից»:
Ստեփան Դանիելյանը նշում է, որ տեղի ունեցող գործընթացներով գործող իշխող թիմը լվանում է մարդկանց ուղեղները և մանիպուլյացնում:
«Այդ առումով հիանում եմ Նիկոլ Փաշինյանով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: