Աշակերտների դիմակ կրելը կարող է առաջացնել թթվածնային քաղց, ամենաոչհիգիենիկ միջոցառումն է

Արմինե Դավթյանն ընդգծում է, որ դիմակները պետք է երկու ժամը մեկ փոխվեն, ինչը լրացուցիչ ծախս և խնդիր է առաջացնում, քանի որ հնարավոր չէ հետևելու ամբողջ պատասխանատվությունը դնել ուսուցչի և բուժքույրի վրա, այն՝ լրացուցիչ և անիմաստ հոգս է դառնալու.
«Դպրոցում աշակերտների դիմակ կրելն ուղղակի անմտություն եմ համարում, այլ բան է, որ դասարանների քանակը նվազեցնեն, բայց դիմակով դպրոցում գտնվելը ամենաոչհիգիենիկ միջոցառումն է, որը նաև առողջապահական առումով կարող է խնդիրներ առաջացնել: Դիմակի կրումը կարող է առաջացնել թթվածնային քաղց՝ այն էլ շոգ պայմաններում, երեխան կարող է ձեռքով անընդհատ դիպչել դիմակին կամ անզգուշաբար գցել հատակին և արդեն մանրէացված դիմակը դնել դեմքին, դա խելամիտ որոշում չեմ համարում՝ այն էլ ցածր դասարաններում»:
Ինչ վերաբերում է նախարարության որոշմամբ դասի ընթացքում գրատախտակին չմոտենալ և դասամիջոցին դասասենյակը չլքելուն, ապա կրթության փորձագետը տրամաբանություն չի տեսնում որոշման մեջ.
«Երեխաներին սենյակում փակելը ավելի վտանգավոր է, քան եթե երեխան դուրս գա՝ օդափոխվի և հանգստանա, այդ որոշումը ուղղակի երեխայի ֆիզիոլոգիան չիմանալու արդյունք է, չի կարելի երեխային փակել դասարանում՝ անշարժ վիճակում և թույլ չտալ շարժվել: Կամ ֆիզկուլտուրայի դասերը հանելու որոշումը, ֆիզկուլտուրան բացարձակ չի խանգարում, ընդհակառակը, կարելի էր ֆիզկուլտուրայի դասերը ավելացնել և բացօթյա պարապմունքներ իրականացնել, որպեսզի երեխաներն ավելի շատ մաքուր օդ շնչեն: Կամ օրինակ գրատախտակին մոտ գնալn արգելելը, դա ի՞նչ կապ ունի, եթե երեխան դասարանում է:
Տաք ամիսներին կարելի է նաև որոշ դասեր իրականացնել դրսում, ի վերջո, ոչ մեկ չի կարող ասել, որ հնարավոր է երեխայի շփումը սահմանափակել կամ արգելել»:
Կրթության նախարարության ուղեցույցով նշված է նաև, որ դպրոցը պետք է ապահովվի հիգիենիկ պարագաները, սակայն Արմինե Դավթյանի կարծիքով` դպրոցը այդքան հնարավորություն չունի, քանի որ այն բավական ծախս է ենթադրում, իսկ դպրոցի բյուջեն հաստատվել է տարվա սկզբին, իսկ առկա բյուջեն՝ իր եղած ծավալով և հնարավորություններով բավարարում է միայն առկա ծախսերը. «Ախտահանիչ նյութերը էժան չեն, ուսուցիչների քանակը բավականին մեծ է, իսկ դիմակները էժան չեն և այն բավական ծախս է կազմում, հատկապես, երբ պետք է դիմակն օրը երկու անգամ փոխել»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ երկարօրյա ծառայությունը դադարեցվելու է, կրթության փորձագետը նշեց, որ չի կարծում, որ այդ հանգամանքը ծնողների մոտ էական խնդիր կառաջացնի, քանի որ երեխաներն արդեն սովորել են տանը մնալուն: Եվ ընդգծում՝ եթե պահանջ ենք դնում, որ հանրակրթությունը գործի, պետք է գիտակցել, որ դպրոցներում հանրակրթական գործընթացի մեկնարկելը լուրջ պատասխանատվութուն է ենթադրում և ինչ-որ ծրագրեր և միջոցառումներ պետք է ձեռնարկել, որ անվտանգություն և ապահովվություն լինի, քանի որ հասկանալի է, որ կուտակումները բերելու են խնդիրներ: