Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Հովսեփյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Աշոտ Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ հաստատված համարելով հիմնավոր կասկածը և միևնույն ժամանակ նշելով, որ առկա է գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։
Պաշտպանը հայտնեց, որ վերաքննիչ բողոքով վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։
Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք՝ Արմավիրում, Կոտայքում, Երեւանում, որից 17-ը՝ մահվան ելքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։ Հովսեփյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, մասնավորապես, Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի ((կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: Եվս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելուն կամ իրացնելուն օժանդակելը) 2-րդ մասով: Երեք մեղադրյալները կալանավորվել են։