Փաստաթղթեր էին ներկայացվել, նաև այս օրերին,թե Երևանի գրեթե 90 տոկոսն ապահովված է թաքստոցներով. թվեր նկարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության

«Սակայն պարտվել էինք այն ժամանակ, երբ, օրինակ, ապաստարանները դարձան շատ ուտելու և փող աշխատելու վայրեր, ավելի շատ ուտելու և ավելի շատ փող աշխատելու օբյեկտներ, և չգիտես ում թեթև ձեռքով ու մտքով սեփականաշնորհվեցին, և մտածեցին, որ մեզ պետք չեն գա: Մենք շարունակում ենք պարտվել, քանի որ այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրել»,-ասաց նա և նշեց, որ մենք պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետից փաստաթղթեր էին ներկայացվել, թե Երևանի գրեթե 90 տոկոսն ապահովված է թաքստոցներով:
«Ի զարմանս ինձ՝ աշխատանքային քննարկման ընթացքում պարզվեց, որ նույն նկարված թվերով փաստաթղթերը նաև այս պատերազմական դրության պայմաններում են ներկայացվել համապատասխան պետական գերատեսչությանը: Ում ենք մենք ստում, ինչի համար են այդ թվերը նկարվում, ինչ հիմնավորումներ ունեն և կոնկրետ ում կողմից են ներկայացված, նկարված: Ես կարծում եմ, որ անհիմն նկարած թվերով ներկայացված փաստաթղթերի հեղինակները պետք է ենթարկվեն համապատասխան պատասխանատվության, քանի որ իրենց նկարած թվերը ուղիղ կապ ունեն մարդկանց կյանքի հետ»,-ասաց նա:
Արման Անտոնյանը կոչ արեց շրջել և բնակիչներին հարցում անել, թե տագնապի դեպքում ինչ պետք է անեն և որ թաքստոցում պետք է պատսպարվեն:
«Պատերազմը դեռ չի ավարտվել, և ցանկացած իրողություն կարող է փոխվել, և պետք է դասեր քաղենք»,-ասաց նա և հորդորեց վերանայել այս քաղաքականությունը և ուշադրություն դարձնել մետրոյի կայարաններին, գետնանցումներին, ազատել դրանք շիլաշփոթներից և մաքրել: «Մենք սխալվելու իրավունք էլ չունենք»,-ասաց նա:
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Հրաչյա Ներսիսյանը նշեց, որ թաքստոցների հետ կապված բավական խնդիրներ կան: «Երևան համայնքում կա մոտավորապես 4672 բազմաբնակարան շենք, և ոչ բոլորում կան թաքստոցներ, դրանք տարբեր տարիներին դարձել են առևտրի կենտրոններ և լցված է եղել շինաղբով: Այս ընթացքում 172 կամազ մակնիշի ինքնաթափով շինաղբ ենք հանել այդ թաքստոցներից, և նախապատրաստման աշխատանքները իրականացվում է»-ասաց նա և նշեց, որ այդ աշխատանքները շարունակական են:
Նա հայտնեց, որ կա երեք վարչական շրջան, որտեղ բոլոր խնդիրները 70-90 տոկոս լուծված են: «Օրինակ` Շվեյցարիայում բավականին ժամանակ է անցել, և պետությունը բավականին մեծ գումարներ է ծախում ապաստարանների պահպանման համար, այնուամենայնիվ, հասկանալով, որ վտանգները աշխարհաքաղաքական ավելի քիչ են, քան ունի Հայաստանը»,-ասաց նա: