Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 ապր 2021 12:21

Թուրքիան ինչ որ մետաստազ է...Վրաստանը Թուրքիային է վաճառել Ռիոնի գետը ՝ հովիտով և Ռուսաստանի հետ սահմանային գոտիով

Հավաքական Արևմուտքի հովանու ներքո շարունակվում է Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային էքսպանսիան հարավային և արևմտյան Վրաստանում: Միևնույն ժամանակ, Թբիլիսիի արտաքին քաղաքականությունն ուղղված է Մոսկվայի հետ առճակատմանը։ Այս մասին ասվում է ապրիլի 10-ին PolitNavigator կայքում հրապարակված՝ «Թուրքերին է վաճառվել Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը» վերնագրով հոդվածում, որի հեղինակը Շոթա Ափխաիձեն է։

Անկարան գործնականում տիրացել է Վրաստանի ներքին շուկային: Վրաստանում թուրքերին բաժին է ընկնում օտարերկրյա ներդրումների 80% -ը... Իսկ Վրաստանի շրջաններում թուրքական հատուկ ծառայությունները պարբերաբար բախումներ են հրահրում՝ միջկրոնական հիմքերով:

Բաքու-Ջեյհան նավթագազատարը և Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին կարևորագույն նախագծերն են, որոնք աշխարհաքաղաքականորեն Թբիլիսին կապում են Անկարայի հետ:

Այս խոշոր նախագծերից բացի, տասնյակ ավելի փոքր ծրագրեր են իրականացվում: Վրաստանի և Թուրքիայի միջև առկա են շատ սերտ տնտեսական կապեր, Վրաստան բերվող ապրանքների 75%-ը թուրքական է, և Թուրքիան արդեն զբաղեցնում է վրացական շուկայի 75%-ը:

Վրաստանում ներդրումների 80%-ը կատարվում է Թուրքիայի միջոցով: Ֆիրմաների և ձեռնարկությունների մեծ մասը, այս կամ այն կերպ, 70%-ով կախված է Թուրքիայից: Ըստ այդմ՝ Վրաստանի ֆինանսական և քաղաքական էլիտան ասոցացվում է թուրքական կապիտալի ներկայացուցիչների հետ:

«Հիմնվելով  նեոօսմանիզմի ժամանակակից գաղափարախոսության, ռազմավարության և Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության վրա, որն արտահայտվում է պանթյուրքիզմով, թուրքական սալաֆիզմով և այլ մարտահրավերներով ու սպառնալիքներով, ես վստահորեն կարող եմ ասել, որ այսօր ամենամեծ սպառնալիքը Վրաստանի ինքնիշխանությանը և ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը Թուրքիան է», - նշում է հոդվածագիրը:

Պատահական չէ, որ Քութայիսում  չեն դադարում բողոքի ցույցերը թուրքական էքսպանսիայի դեմ: Վերջին երկու ամսվա ընթացքում այստեղ մի քանի անգամ հանրահավաքներ են անցկացվել, որոնց պահանջն է դադարեցնել Ռիոնի գետի վրա հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցումը: Տասնյակհազարավոր մարդիկ մասնակցել են ակցիային․ Քութայիսի բնակչությունը 135 հազար է:

«Մենք կպաշտպանենք մեր հողը: Մենք պետք է զգացմունքները մի կողմ դնենք և համակերպվենք երկարատև բողոքի ակցիային: Համոզված եղեք, որ չկա որևէ ուժ, որը կկանգնեցնի մեզ»,- ասել է հավաքի կազմակերպիչներից Վարլամ Գոլետիանին:

Մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջել են չեղարկել պայմանագիրը թուրքական ENKA ընկերության հետ, որն իրականացնում է շինարարությունը, իսկ ընկերությանը կոչ են արել լքել Ռիոնի կիրճը:

«Եթե կառավարությունը չլսի մեր ձայնը, մենք ստիպված կլինենք ամբողջովին արգելափակել Քութայիսը. Երկու շաբաթից մենք նորից կգանք այստեղ և ոչ մի տեղ չենք գնա, մինչև մեր պահանջը չկատարվի», - սպառնացել է Գոլետիանին:

Ի՞նչն է առաջացրել տեղի բնակիչների բողոքի նման ալիքը ընդդեմ հիդրոէլեկտրակայանների և «թուրքական ներդրումների», որոնք, ինչպես հայտարարվել է, ծածկելու են երկրի տարեկան էլեկտրաէներգիայի սպառման 12% -ը:

Ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան հայտարարված է ենթադրյալ ներդրումային նախագծում: Այնտեղ պնդվում է, որ թուրքական ընկերությունը ֆինանսավորում է հիդրոէլեկտրակայանի կառուցումը՝ Վրաստանի էներգետիկ անվտանգությունը բարելավելու համար: Բայց գործը շատ ավելի լուրջ է, և Իմերեթիի բնակիչները մտահոգվելու տեղիք ունեն: Վրաստանի իշխանությունները, ի դեմս նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի, դառնալով Էրդողանի հերթական վրացի «հավատարիմ ընկերը», դավաճանական ակտ են ստորագրել թուրքերի հետ: Ենթադրյալ ներդրումային նախագիծն իրականում Էրդողանի վարչակազմի հետ համատեղ Թուրքիայի տնտեսական ընդլայնման սինթեզ է Կովկասի տարածաշրջանում և վրացական քաղաքական և ֆինանսական էլիտաների կոռուպցիոն սխեմա:

«Գախարիան համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն` 90 տարվա ընթացքում թուրքերին կփոխանցվի արևմտյան Վրաստանի ամենամեծ գետը`Ռիոնին, իր ամբողջ հովտով` 320 կմ երկարությամբ: Թուրքական ընկերությունը կարող է նաև, իր հայեցողությամբ, շահագործել գետի ավազանի տարածքը`13,4 հազար քառակուսի կիլոմետր, ամբողջ բուսական և կենդանական աշխարհը: Ի թիվս այլոց՝ թուրքերին է տրվել Վրաստանի սահմանային գոտին Ռուսաստանի Դաշնության հետ, Եդենի սառցադաշտը Մեծ Կովկասի լեռներում, որտեղից սկիզբ է առնում Ռիոնի գետը», - գրում է հոդվածի հեղինակը:

Միևնույն ժամանակ, հոդվածը հիշեցնում է, որ Նամախվանի ՀԷԿ-ի նախագիծը ներառում է երկու հիդրոէլեկտրակայանների`Նիժնյայա և Վերխնյա Նամախվանի կառուցումը: Ռիոնի կիրճի Ծագերի և Ցխալտուբսկի շրջաններում պետք է հայտնվեն ամբարտակներ և ջրամբարներ: Կառավարությունը ասում է, որ թուրքական ENKA ընկերությունը և նրա դուստր ձեռնարկություն Enka Renawabels-ը, բացի $ 800 միլիոն օտարերկրյա ուղղակի ներդրումներից և տեղի բնակչության համար գրեթե 2000 աշխատատեղից, կապահովի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, որն էլ ավելի կարիք ունի էլեկտրաէներգիայի ներկրման:

Երկրի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուռնավայի խոսքով՝ Վրաստանն այսօր արդեն 35%-ով կախված է ջերմային էլեկտրակայանների էներգետիկ ռեսուրսներից՝ էլեկտրաէներգիայի և գազի ներկրումից:

Այնուամենայնիվ, վրացի պաշտոնյաները ստում են: Կախվածությունն առաջանում է ոչ թե առկա կարողությունների բացակայության, այլ Ինգուրի ՀԷԿ-ի ոչ ռացիոնալ օգտագործման, և որ ամենակարևորն է` կրիպտոարժույթների անվերահսկելի արդյունահանումից:

Գազի և նավթի ներմուծման տեսանկյունից Վրաստանն իրոք կախված է ներմուծումից, բայց պետք է անմիջապես նշել, որ Թբիլիսիի հիմար հակառուսական քաղաքականության և «Գազպրոմի» հետ համագործակցությունից փաստացի հրաժարվելու պատճառով գազի շուկան ամբողջովին կախված է հարևան Ադրբեջանից, ինչը շատ վտանգավոր է Վրաստանի էներգետիկ անվտանգության համար`հաշվեկշիռների բացակայության և դիվերսիֆիկացիայի պատճառով: Դեռ ավելին՝ Ադրբեջանի հետևում ռազմավարական առումով կանգնած է նույն այդ Թուրքիան:

Գախարիայի՝ իշխանությունը թողնելուց հետո Վրաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կլուծի «Նամախվանի» ՀԷԿ-ի խնդիրը: Բայց պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց նոր վարչապետը ոչ միայն չեղյալ չհայտարարեց հակասահմանադրական համաձայնագիրը, այլ նույնիսկ աջակցեց դրան:

Հիմա, մի փոքր ավելի մանրամասն, ինչու է վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի էներգիայի սպառումը տարեցտարի ավելանում (արդեն մոտ երկու անգամ), չնայած իրական տնտեսական հատվածը և երկրի տնտեսությունները այդքան էլեկտրաէներգիա չեն սպառում:

«Պատասխանը պարզ է. Թուրքիայի ֆինանսական էլիտաները, Էրդողանի մերձավոր շրջապատը, ինչպես նաև Պոմպեոյի ամերիկյան շրջապատը, վրացի քաղաքական գործիչների հետ միասին, երկրում ունեն մի քանի խոշոր, փաստորեն, անօրինական բիտքոինի ֆերմեաներ: Ծանրակշիռ դիվիդենդ ստանալու և բիտքոինի արդյունաբերության լիարժեք գործունեության համար հարկավոր է էժան և որակյալ էլեկտրաէներգիա: Սա է պատճառներից մեկը, որ Վաշինգտոնը, Անկարան և Վրաստանի իշխանությունները պնդում են որքան հնարավոր է շուտ կառուցել «Նամախվանի» ՀԷԿ-ը», - գրում է Շոթա Ափխաիձեն:

«Սա այն դեպքն է, երբ Թուրքիայի տնտեսական ընդլայնումը, ամերիկյան էլիտայի անօրինական բիզնես գործունեությունը և վրացի քաղաքական գործիչների կոռուպցիոն սխեմաները համընկել են», - ընդգծվում է հոդվածում:

«Վրաստանում Թուրքիայի տնտեսական և քաղաքական ընդլայնումը լուրջ վտանգ է պարունակում երկրի և ամբողջ տարածաշրջանի համար: Թուրքիան ինչ որ մետաստազ է, որն անուղղակիորեն տարածում է արևմտյան երկրների՝ Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ պետությունների ռազմատենչ շահերը: Թուրքիան հիբրիդային ագրեսիա է իրականացնում Վրաստանում. սա տնտեսական ընդլայնում է, սա քաղաքական էքսպանսիա, մշակութային և հումանիտար ընդլայնում է, որն արտահայտվում է տարբեր ոլորտներում, ներառյալ կրոնական: Ահա թե ինչպես ենք մենք մեկ անգամ ևս համոզվում, որ Վրաստանի արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը՝ եվրաինտեգրումը և եվրաատլանտիզմը, Վրաստանը բերել է ոչ թե Եվրոպա, այլ Թուրքիա», - նշում է հոդվածի հեղինակը:

yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր