Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 հուն 2021 14:14

Ընտրությունները կընթանան գոյաբանական թշնամանքի հունով.հնարավոր է և՝ ընտրությունները ընդհանրապես չկայանան. Независимая Газета

Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


«Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին, և արդեն կարող ենք ասել, որ երկիրը բացարձակ ռեկորդ է սահմանել քաղաքական ուժերի քանակով, որոնք պատրաստ են պայքարել խորհրդարանական տեղերի համար, իսկ այնուհետև, եթե մարդիկ ավելի շատ վստահեն դրանցից որևէ մեկին, ընտրեն իրենց վարչապետին և կազմեն նոր կառավարություն: Այսօր այդ նպատակին է ձգտում 27 քաղաքական ուժ՝ 23 կուսակցություն և 4 դաշինք: Դիմումներն ու կուսակցությունների ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվել է, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Բայց սա զուտ կանոնակարգ է, իսկ  խորհրդարանում տեղերի համար թեկնածուների պայքարը, ըստ էության, սկսվել է շատ ավելի վաղ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Աշոտ Գազազյանը` նշելով, որ արտահերթ ընտրությունների համար առիթ է դարձել Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունը:


Ըստ նրա` հայ հասարակության մեջ շատերը համարեցին, որ դա գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի ազգային շահերին չհամապատասխանող դավաճանության արդյունք էր: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հայտարարության ստորագրման օրվանից (անցյալ տարվա նոյեմբերի 9-ին էր) Հայաստանում սկսվել են հակակառավարական բողոքի ակցիաներ, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել:


«Եվ չնայած ժողովուրդը հասկանում էր, որ հայերը ոչ մի հնարավորություն չունեին ընդդեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից մի քանի հազար վարձկանների աջակցությունը վայելող Ադրբեջանի ագրեսիայի, այնուհանդերձ նրանք վրդովված էին, որ իշխանությունները լայնամասշտաբ պատերազմ թույլ տվեց, և թույլ տալով դա, ամոթալի կերպով պարտվեց: Ավելի քան 5 հազար մարդ զոհվեց, ավելի քան 10 հազարը վիրավորվեց, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին անօթևան, իսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այժմ այնտեղ փխրուն խաղաղությունը պահպանում են ռուս խաղաղապահները, որոնք հայտարարության ստորագրումից անմիջապես հետո բերվել են ռազմական գոտի: Պատերազմում պարտությունը, փողոցային ճնշումը, զանգվածային բողոքներն էին, որ դրդեցին ՀՀ իշխանություններին որոշում կայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:


Միևնույն ժամանակ, շատ վերլուծաբաններ զգուշավոր մտավախություն են հայտնել առ այն, որ ընտրությունները կարող են ընդհանրապես չկայանալ: Իրադարձությունների նման ընթացքը հնարավոր է, եթե երկրում ստեղծվի արտակարգ կամ ռազմական դրություն ՝ բացառելով ցանկացած մակարդակի ընտրությունների անցկացումը: Թերևս, այսօր երկրում ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կավարտվի հայ-ադրբեջանական սահմանային դիմակայությունը սահմանի մի շարք հատվածներում»,- գրում է վերլուծաբանը` հիշեցնելով, որ մայիսի 12-ից մի քանի ուղղություններով ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողները հաստատվել են ՀՀ տարածքում և չեն պատրաստվում հեռանալ` չնայած, որ  եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, միջազգային կազմակերպությունները համապատասխան կոչերով դիմել են  Բաքվին: Իսկ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, որոնց իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցով պաշտոնապես դիմել է Երևանը, առայժմ զբաղված են  խորհրդակցություններով ու բանակացություններով:


«Իրավիճակը պայթյունավտանգ է: Ոչ ոք չի կարող ասել, թե դա որքան կտևի, արդյոք բացառվո՞ւմ են սադրանքները, որոնց ետևում նոր պատերազմ է ...Այնուհանդերձ, երկիրը պատրաստվում է ընտրությունների: Պատգամավորական մանդատների համար դիմողների ռեկորդային թվից միայն 5-6 քաղաքական ուժ կարող է իրականում մտնել երկրի բարձրագույն օրենսդիր մարմին: Վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը հիմնական մրցակիցների թվում է տեսնում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, որը ղեկավարում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փորձագետների կարծիքով, հենց նրանց միջև է, որ խաղարկվելու է մանդատների մեծ մասը»,-նշում է աղբյուրը:


Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի կարծիքով, այս երկու ուժերից բացի, շեմը կարող են հաղթահարել Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նա նաև չի բացառել «Պատիվ ունեմ», «Շիրինյան-Բաբաջանյան»
դաշինքների և «Հանրապետություն» կուսակցության անցումը խորհրդարան:


Ինչ վերաբերում է գլխավոր մրցակիցներին, ապա Ռոբերտ Քոչարյանը գործնականում չի կասկածում ջախջախիչ հաղթանակի հարցում, իսկ Փաշինյանը վերջերս բառացիորեն հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը կստանա ձայների 60%-ը:


«Այս և բոլոր նախորդ ընտրությունների միջև հիմնարար տարբերությունն այն է, որ ներկայիս ընտրությունները գնալու են ոչ թե քաղաքական մրցակցության, այլ վերոնշյալ երկու ուժերի միջև գոյաբանական թշնամանքի հունով, որի արդյունքում հաղթողը, ամենայն հավանականությամբ, կստանա ամեն ինչ, իսկ պարտվողը` լավագույն դեպքում քաղաքական մահ», - ասել է Ղումաշյանը:


Վերջինս նկատել է, որ թեև Քոչարյանի դաշինքը դեռ չունի բավարար ուժ անվերապահ հաղթանակի համար, բայց ակնհայտ է նաև, որ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը ոչ միայն ընկել է պատերազմից հետո, այլ շարունակում է ընկնել, հատկապես արդեն Հայաստանի տարածքում հայ-ադրբեջանական վերջին բախումներից հետո:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր