Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 նոյ 2021 13:33

Երևանը հույսը դնում է ռուսական ռազմական օգնության վրա, արդյո՞ք Ռուսաստանը կկանգնի Երևանի կողքին ընդդեմ Ադրբեջանի

vedomosti.ru–ն իր «Արդյո՞ք Ռուսաստանը կկանգնի Երևանի կողքին ընդդեմ Ադրբեջանի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ կոչ անելով պաշտպանել հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանական հարձակումներից։ Այդ մասին նոյեմբերի 16-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, Երևանը հույսը դնում է ռուսական ռազմական օգնության վրա, եթե չկարողանան համաձայնության գալ Բաքվի հետ։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ի առանձին կոչում ասվել է, որ երկիրը Մոսկվային դիմել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով։


Ավելի վաղ ՀԱՊԿ մեխանիզմներն օգտագործվել են Ղրղզստանին և Տաջիկստանին օգնելու համար: Վերջին անգամ դա եղել է Տաջիկստանի դեպքում այս ամառ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո: 1999 թվականին Ղրղզստանին է օգնություն ցուցաբերվել Տաջիկստանի կողմից գրոհայինների՝ նրա տարածք ներխուժելուց հետո։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է 1997 թվականի օգոստոսի 29-ին նախագահներ Բորիս Ելցինի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» ռուս-հայկական պայմանագրի համաձայն։ Այդ փաստաթղթի երրորդ հոդվածով կողմերը միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն երրորդ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում և բոլոր հնարավոր ձևերով կդիմակայեն դրան։


Գրիգորյանի հայտարարությունը և Հայաստանի ԱԳՆ–ի կոչը հնչել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային ռազմական բախումների ֆոնին։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Սյունիքի մարզի սահմաններին նոյեմբերին կտրուկ սրվել է։ Երկու պետությունների բանակները փոխանակել են հրետանային հարվածներ, կան զոհեր: Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում հակամարտության սրման մեջ: Փոխհրաձգություններ են տեղի ունենում «նոր», ավելի ճիշտ՝ նախկին խորհրդային վարչական սահմանի վրա, որը սահմանազատված չէ։ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոյի կարծիքով, ՀԱՊԿ-ն ակնհայտորեն կանի ամեն ինչ, որպեսզի չներքաշվի հայ-ադրբեջանական սահմանային այդ հակամարտության մեջ, և Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար։


Ըստ vedomosti.ru-ի ռազմական աղբյուրի, Ադրբեջանը պատահական չի ընտրել իրավիճակը սրելու ժամանակը. Մոսկվան և Արևմուտքը «շեղված» են Ուկրաինայի շուրջ և բելառուսա-լեհական սահմանին աճող լարվածության պատճառով: Բայց վաղաժամ է համարել, որ Ադրբեջանն իր առջև այնպիսի լայնածավալ ռազմական խնդիրներ է դրել, ինչպես անցած տարվա աշնանը, և կարծես թե նպատակը ընդամենը տակտիկական դիրքերի ամրապնդումն է։ Դժվար թե Ռուսաստանը ինչ-որ կերպ ռազմական միջոցներով միջամտի հայ-ադրբեջանական սահմանային հակամարտությանը, ավելին, այդ միջամտությունը օբյեկտիվորեն չի պահանջվի: Նման կերպ է արտահայտվել ՄԳԻՄՕ–ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։


Նրա կարծիքով, Ռուսաստանին ուղղված ռազմական օգնության դիմումը, որը հղում է պարունակում 1997 թվականի համապատասխան երկկողմ համաձայնագրին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, Մոսկվան կարող է օգտագործել Բաքվի հետ Ղարաբաղի և, ընդհանրապես, Հարավային Կովկասի խնդիրների շուրջ բանակցություններում: «Հայաստանն այս հարցում օգնություն կստանա Ռուսաստանից։ Դիմումը դիվանագիտական կարևոր գործիք է և, առաջին հերթին, գործում է որպես այդպիսին։ Ռուսական զենքի մատակարարումները Երևան բավականին զգալի և կայուն են, թեև դրանք կապված չեն այս և նմանատիպ այլ միջադեպերի հետ, ուստի Հայաստանը կարող է վստահ լինել ռուսական աջակցության հարցում»,- ասել է Սիլաևը։


Նա ենթադրել է, որ այս կոչը կարող է լինել բանակցությունների թեմաներից մեկը, որոնք դեռ շարունակվում են Ղարաբաղյան խնդրի և, ընդհանրապես, Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ։ Սիլաևը հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է նաև նոր սահմանի հարցը հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում, թեև դա չի նշվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ղարաբաղի շուրջ զինադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ։ Այնպես որ, այս խնդիրը Երևանի և Բաքվի միջև միջնորդության համատեքստում Մոսկվայի «սեղանին է դրված», և բանակցությունները շարունակվում են, հիշեցրել է փորձագետը։ «Ադրբեջանը սրացումներով փորձում է նպաստավոր պայմաններ ստեղծել սահմանային բանակցությունների համար։ Բայց Բաքվի համար կա վտանգ, որ, փորձելով ուժով նման պայմաններ ստեղծել, նա կարող է, ի վերջո, ընդհակառակը, վատթարացնել իր բանակցային դիրքերը, եթե «չափից ավելի ճկի փայտիկը»։



Իսկ Հայաստանի՝ ռազմական օգնության խնդրանքով անմիջականորեն Ռուսաստանին դիմելը նոր հանգամանք է, որը չի կարելի անտեսել»,- եզրափակել է Սիլաևը։ Երևանի՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը Մոսկվայի և Բաքվի միջև ինտենսիվ շփումների կհանգեցնի։ Ռուսաստանի ղեկավարությունը կփորձի ազդել Ադրբեջանի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե որքանով կհաջողվեն այդ փորձերը։ Հայկական կողմը ձգտում է, որ սահմանին իրավիճակը շտկվի, և ադրբեջանական զորքերը հետ քաշվեն այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ սրացումը։


Իսկանդարյանի խոսքով, Բաքուն այս տարվա մայիսից փաստացի դիվանագիտական, ռազմական կոնսոլիդացված ճնշում է գործադրում Երևանի վրա և, ոչ պաշտոնապես գրավելով նոր տարածքներ, ճանապարհներ և ռազմավարական օբյեկտներ, զբաղված է եռակողմ համաձայնագրի «վերանայմամբ»։ Ադրբեջանի նպատակը Երևանի տարածքային զիջումներն են և միջանցքի ապահովումը հայկական Սյունիքի մարզով, որը կկապի Նախիջևանի ինքնավար էքսկլավը երկրի մնացած տարածքների հետ, պարզաբանել է փորձագետը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր