Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

26 մար 2022 11:52

Դաժան սպանության համար ցմահ դատապարտյալին փորձում են հերոսացնել,գրանցել Դյուցազնագրքում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը մարտի 23-ին պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկ անգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80 կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։


Առաջին հայացքից անմեղ թվացող այս լուրը տեղադրել էինք նաև մեր կայքում, մինչև որ ստացանք մի հեռախոսազանգ: Մեր խմբագրություն էր զանգահարել Էլիզա Մանուկյանը՝ Արթուր Խալաթյանի քույրը, ում սպանության համար Միրզոյանը դատապարտվել է դմահ ազատազրկման:


16 տարի առաջ՝ 2006թ. Միրզոյանն ընկերոջ՝ Ռոբերտ Սարգսյանի պատվերով Երևան քաղաքի կենտրոնում բնակարանին տիրանալու համար մանրամասն պլանավորել, եղբոր հետ դաժանաբար ծեծել և շնչահեղձ անելով սպանել էր բնակարանի սեփականատեր Արթուր Խալաթյանին, որի համար այդ դաժան գործարքից պիտի ստանար երեսուն հազար դոլար վճար:


«Այս մարդասպանն ամեն ինչ անում է, որ ժամանակից շուտ համաներումով ազատվի: Ինքն իրականում շատ դաժան մարդասպան է, խայտառակ դաժան ձևով են սպանել եղբորս՝ կտոր-կտոր անելով, մասնատելով, դին պահելով մեքենայի բեռնախցիկում: Ու հիմա, երբ ինտերնետում փնտրում են նրա անունը, հիմնականում իր ռեկորդների ու հաջողությունների մասին են բոլոր նյութերը, մարդիկ չեն տեսնում, թե իրականում ով է ինքը:


Ինքը մենակ չի եղել, սպանությունը եղբոր հետ են արել, նա էլ շախմատի բնագավառում է փորձում իրեն ցուցադրել: Նրանց Գագիկ Սարոյանն է մարզում, առաջ տանում, ես ուզում եմ նրան հարց տալ՝ երբ դու նրան առաջ ես տանում, չե՞ս խորանում, թե ինչի համար է ինքը նստած, ի՞նչ է արել: Հիմա, ասենք թե, էդ մարդասպանը դուրս եկավ, աջուձախ սպանություննե՞ր է անելու»,- 1or.am-ի հետ զրույցում ասում է Էլիզան:


Հարցին, թե ու՞մ շահերից է բխում մարդասպաններին առաջ տանելը և նրանց հասարակության աչքում հերոսի կերպարում ներկայացնելը, Էլիզան պատասխանեց.


«Ես այստեղ ինչ-որ միտումներ չեմ փնտրում: Սա ինձ թվում է ավելի շատ եվրաինտեգրման, բալային համակարգերի հետ կապված ինչ-որ բան է: Իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ ինչ-որ մեկն առաջ հրի ինձ, իրենք ոչնչություն են, ո՛չ ուժ ունեն, ո՛չ թիկունք:»:


Դաժանաբար սպանված Արթուր Խալաթյանի հայրը՝ Լևոն Խալաթյանը չկարողացավ զսպել հուզմունքը և պատասխանել մեր հարցերին և միայն դողացող ձայնով  հետևյալն ասաց.


«Ես այս քանի օրը Արդարադատության նախարարի և սպորտի ղեկավարներից մեկի հետ եմ հանդիպելու և պահանջեմ, որ այդ Սարոյանին վռնդեն սպորտի բնագավառից: Ես չգիտեմ՝ շահադիտական ինչ նպատակներով է նա թև ու թիկունք կանգնել այդ մարդասպաններին, պարապում է, ռեկորդ սահմանում, ես չգիտեմ՝ ինչ են խոստացել»:


Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանի հետ: Վերջինս զարմացավ մեր հարցից, թե գիտի՞ արդյոք, թե ինչ աստիճանի վտանգավոր մարդասպանների է մարզում.


«Եթե նրանք ազատազրկման մեջ են, ինչպե՞ս կարող եմ մարզել նրանց: Այդ հարցն ավելի լավ  է կալանավայրերի վարչությանը տաք կամ դատարաններին: Մեզ դիմում է կալանավայրերի վարչությունը, ոչ միայն նրանց հարցով: Մեզ դիմում են քրեակատարողական բոլոր հիմնարկներից, տալիս են տեղեկատվություն, որ ունենք մարզիկ, ով մարզումներ է անում, էս-էս ռեկորդներն ունի, մենք էլ ընդամենը գրանցում ենք»:


Հանգուցյալի քրոջ խոսքով՝ ամեն դեպքում մարդասպանների ազատ արձակումն անիրատեսական է, քանի որ հարազատները պետք է համաձայնություն տան դրա համար.


«Այդ մարդասպանների մասին հրապարակումներն ամեն անգամ մեր վերքին աղ են լցնում: Բայց, բնականաբար, իրենց դուրս գալը հնարավոր չէ, որովհետև մենք երբեք չենք տա մեր համաձայնությունը»:


Ընտանիքի անդամներն ասում են, որ 37 տարեկանում սպանված Արթուր Խալաթյանին սիրում էին բոլորը: Բարի, ազնիվ, կամեցող, բոլորին օգնող երիտասարդ էր: Մասնավոր ընկերության տնօրեն էր: Արթուրն ուներ 2 փոքր երեխա:


Մարիամ Նալբանդյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր