Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

11 հուն 2022 14:57

Ազերին Երևանն էլ է ուզում, է, հետո՞, մեր մեջ հայ չկա՞, որ պայքարենք, ասենք՝ Բաքուն էլ ա մերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սասնա ծռերի» հայտնի հայտարարությունից հետո Արցախի Աղավնո գյուղի բնակիչների շրջանում խուճապը գնալով մեծանում է։ Երեկ գյուղից տեղեկություններ ստացանք, որ որոշ ընտանիքներ  ճամպրուկային տրամադրությունների մեջ են, իրերն են հավաքում՝ գյուղը լքելու համար։ Նախօրեին Ազգային ժողովրդավարական բեւեռի տարածած հաղորդագրությունը փոթորկել է գյուղի անդորրը։ Հաղորդագրության մեջ ասվում էր, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից:


Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։ Կառուցվող ճանապարհը շրջանցում է Աղավնոն, եւ այն, ըստ էության, մեկուսանալու է։ Թեպետ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանը մեկ օր առաջ մեր զրույցում հերքել էր այդ տեղեկությունը, երեկ նրանից տեղեկացանք, որ նա բնակիչներին տեղեկացրել է ինֆորմացիայի ստահոդ լինելու մասին, սակայն գյուղում խուճապը չի հանդարտվել։


Հիշեցնենք, որ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:


Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։


Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ 


Բանն այն է, որ ադրբեջանական կողմը ճանապարհաշինական աշխատանքները լայն թափով առաջ է մղում եւ հասել է մինչեւ Աղավնո։ Ադրբեջանը շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում՝ ի տարբերություն Արցախի եւ Արցախի անվտանգությունն ապահովող ռուսական կողմի։ Ու հայկական կողմի հատվածում դեռեւս շինարարություն չկա, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով մինչեւ 23 թվականը ճանապարհը պետք է պատրաստ լինի։ Աղավնոյի համայնքապետ  Արարատ Չաուշյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց, որ գյուղում խուճապ կա, սակայն ասաց, որ իրեն հայտնի չէ գյուղը լքելու կամ լքել պատրաստվելու մասին։ «Գիտեք, խուճապը մարդիկ իրենք են ստեղծում, կամ եթե մարդկանց մտքում ծրագիր կա, կամ էլ հատուկ խմբեր, որ այս մարդկանց խառնում են, ասում են՝ սենց արեք, ընենց արեք»,- ասաց համայնքապետը՝ փակագծերը չբացելով, թե որ խմբերի մասին է խոսքը։ «Եթե նույնիսկ 10 ընտանիք մնա, հերիք է»,- հոգոց հանեց համայնքապետը, գյուղը մոտ 50 ընտանիք ունի։ Ի դեպ, մեզ ասացին, որ տխրահռչակ հայտարարությունից հետո գյուղապետը, դռնեդուռ ընկած, համայնքի բնակիչների հետ հոգեբանական աշխատանքներ է իրականացնում, երդվում-համոզում, որ Ստեփանակերտից Աղավնո մեկնած պաշտոնյան նման խոսակցություն չի վարել։ Տարակուսելի է, բայց երեկ էլ նա չցանկացավ գաղտնազերծել պաշտոնյայի անունը, ասաց՝  հույս ունի, որ ինքն անձամբ կխոսի այդ մասին։


Դիտարկմանը, թե ճանապարհի կառուցման վերջնաժամկետը սարերի ետեւում չէ, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է, որ մինչեւ 2023 թվականը կկառուցվի այն, համայնքապետը հարցով պատասխանեց․ «Իսկ հայկական կողմում կառուցվո՞ւմ է, տարիուկես է՝ շինարարություն են արել, ավարտե՞լ են իրենք, Հայաստանը չի սկսել, չէ՞։ Ո՞վ է հիմք ընդունում 2020 թվականի եռակողմ հայտարարությունը։ Հիմա ուզում եք ես էլ ինձ ոչխար համարեմ, հելնեմ-գնա՞մ»։ Չաուշյանը հիշեցրեց․ «Պատերազմից հետո էլ ասին՝ դուրս պիտի գան, բայց դուրս չեկանք, չէ՞։ Ով ուզում է լինի, չի կարա մեր գյուղը հանձնի, մենք հանձնվո՞ղ ենք, որ գյուղը հանձնեն։ Պիտի դուրս գանք ստրուկի հոգեբանությունից։ Ինչքա՞ն կարանք ասենք՝ լավ․ հելնենք գնանք, ինչ ասեն, անե՞նք։ Ազերին Երեւանն էլ է ուզում, է, հետո՞, մեր մեջ հայ չկա՞, որ պայքարենք, ասենք՝ հոպ, արա, դու ո՞վ ես, Բաքուն էլ մերն ա»։


Աղավնոյի խուճապը հասել է Ստեփանակերտ, առաջիկա օրերին պատգամավորական խումբ կմեկնի՝ գյուղի բնակիչների հետ հանդիպելու եւ իրավիճակը հասկանալու։


Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր