Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

05 մայիս 2023 13:04

Դիտավորությո՞ւն, բիզնես շա՞հ ,թե ....Ուռուցքային հիվանդությունները ՀՀ-ում պատշաճ բուժման չեն արժանանում

Հայաստանում առողջապահական համակարգը չի նպաստում առողջանալուն: Պոլիկլինիկանները հետևողական աշխատանք չեն իրականացնում, բժշկական հաստատություններն իրենց բիզնես շահերն են առաջ տանում: Հայաստանում քաղաքացին հույսը կարող է դնել քիչ թվով պրոֆեսիոնալ բժիշկների մարդկային և մասնագիտական հետևողական աշխատանքի վրա:

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների՝ ՀՀ բնակչության շրջանում չարորակ նորագոյացություն ավելի շատ հանդիպում է կանանց շրջանում՝ 2021թ-ին կանայք՝ 4150, տղամարդիկ՝ 3490 նոր դեպք։

Կանանց շրջանում առաջատարը կրծքագեղձի քաղցկեղն է՝ 1327, արգանդի պարանոցի և մարմնի, ձվարանի քաղցկեղ՝ 697, հաստ աղիք՝ 239, ստամոքս՝ 144, թոք՝ 123 նոր դեպք։
Տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն առաջատար է՝ 684, միզապարկ՝ 379, շագանակագեղձ՝ 343, հաստ աղիք՝ 244, ստամոքս՝ 235, կոկորդ՝ 111 նոր դեպք։

Մտահոգիչ են և՛ թվերը, և՛ հայտնաբերման փուլերը։ Արձանագրված դեպքերից վաղ փուլում հայտնաբերվածները դեռևս քիչ տոկոս են կազմում՝ 45% դեպքերը 3-4-րդ փուլերում են միայն հայտնաբերվում։

Առողջապահության hամաշխարհային կազմակերպությունը ուռուցքաբանական հիվանդների 80 տոկոսին առաջարկում է բուժել ճառագայթային թերապիայի միջոցով: Դա նշանակում է, որ առանց ճառագայթային պատշաճ բուժման, քաղցկեղի բուժումը չի կարող արդյունավետ լինել: Ինչքան թիրախավորված լինի ճառագայթը, այնքան արդյունավետ և հնարավոր կլինի խուսափել առավել լուրջ խնդիրներից:

Արդյունավետ ճառագայթային թերապիան հնարավոր է իրականացնել նորացված արագացուցիչների, փորձառու ռադիոթերապևտների, ֆիզիկոսների և բուժտեխնիկների շնորհիվ:

Ուռուցքաբանության հարցերով հիմնական բուժհիմնարկը, որը պետպատվերի շրջանակում ՀՀ քաղաքացիներին սպասարկում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն է:

Կենտրոնը մարդկանց շրջանում մահաբերության համբավ ունի: Ի դեպ, կենտրոնի պատուհաններից, եթե դուրս նայեք, առաջին բանը, որ կնկատեք, դա գերեզմանոցն է: Հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող հիվանդներն ավելի ծանր իրավիճակում են հայտնվում նման տեսարանն ամեն օր իրենց աչքի առաջ ունենալով:

Հայաստանում յուրաքանչյուր տարի ուռուցքային հիվանդությունների շուրջ 8000 նոր դեպք է գրանցվում: Սա նշանակում է, որ ճառագայթային բուժում իրականացնելու համար Հայաստանը պետք է ունենա 6-ից 8 սարքավորում, որպեսզի հասցնի սպասարկել հասարակությանը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կայքում ծանոթանում ենք, որ սարքավորումներին, որոնցից մեկը Էլեկտրոնների գծային արագացուցիչ ELEKTA Compact սարքն է, որը Հայաստանը ձեռք է բերել 2013թ. թվականին, որտեղ նշված է, որ շվեդական արտադրության արագացուցչային համալիրը թույլ է տալիս իրականացնել լիարժեք եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում (3D-CRT), որը ներկայում ուղեցուցային մոտեցում է չարորակ նորագոյացությունների մեծ մասի ճառագայթային բուժման գործընթացում: Արագացուցիչը հագեցված է բազմաթերթ կոլիմատոր կոչվող սարքով, որի շնորհիվ հնարավոր է ճառագայթման փնջերը հարմարեցնել ճառագայթվող ուռուցքների չափերին և ձևին` առավելագույն պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները:

Որպեսզի ավելի պարզ բացարտենք այս գեղեցիկ ձևակերպված պարբերությունը, գերմանացի ուռուցքաբաններից ստացած տեղեկատվությունն եմ փոխանցում ընթերցողին: «ELEKTA Compact» սարքը Գերմանիայում դուրս է մղվել շահագործումից և նորագոյացությունների բուժումն այս գծային արագացուցիչով չի իրականացվում, որովհետև ճառագայթի փունջն արդյունավետ չէ և վնասում է նաև այլ օրգաններ:

Այս ոլորտի ուսումնասիրությունն իրականացնելուց պարզ դարձավ, որ աշխարհում ամենահայտնի ընկերությունը Varian-ն է, որը նորարարական լուծումներով արագացուցիչներ է արտադրում: Ելնելով լրագրողական հետաքրքրվածությունից՝ ուսումասիրելով մեր երկրում այս ոլորտի առկա իրավիճակը, պարզեցինք հետևյալ իրողությունը. 2017 թվականին «Իրա մեդիքլ գրուպ» ընկերությունը Հայաստան է ներկրել ճառագայթային թերապիայի համար նախատեսված սարքավորումներ,այդ թվում նշված Varian արտադրության գծային արագացուցիչ, որ ապահովում է գերժամանակակից ճառագայթային բուժում:

«Ընկերությունը ներկրել է նաև երկրորդ Varian արագացուցիչը, որի տեղադրման թույլտվությունը, չնայած դատարկ բունկերի առկայության, ՈՒԱԿ-ի տնօրենը, ելնելով անձնական ամբիցիաներից, առանց հիմնավոր պատճառաբանության չի թույլատրում տեղադրել նախօրոք վարձակալված բունկերում և շահագործել։ Արդյունքում թանկաժեք և մեր երկրի համար այդքան կարևոր բժշկական սարքավորումը փակ արկղերով գտնվում է բաց երկնքի տակ՝ ընկերության բակում», – ներկայացնում են ընկերության աշխատակիցները։

Պարզվում է, այս նույն ընկերությունը դեռևս 2019 թվականին, համաձայն Առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրի, ներմուծել էր նաև ներքին ճառագայթային բուժման (բրախիթերապիայի) համար նախատեսված սարքավորում, որն 85 % դեպքերում կիրառվում է կանանց սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների բուժման համար, մոտ 10 %՝ շագանակագեղձի, ինչպես նաև ուղիղ աղու, կերակրափողի, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում:

2019 թվականից այս սարքավորումը գտնվում է Հայաստանում, բայց պետական հաստատությունը, թեկուզ վարձակալմամբ չի տրամադրել ճառագայթի համար նախատեսված խցիկ (բունկեր), որպեսզի մասնագիտացված ընկերությունը կյանքեր փրկի: Տարիներով հայաստանցիները մեկնել են արտերկիր՝ Եվրոպա, Ռուսաստան, Վրաստան, որպեսզի կարողանան հավուր պատշաճի իրենց բուժումն ապահովեն:

Պարզվում է, Ուռուցքաբանության ազգային ընկերությունը վերջերս ձեռք է բերել նաև նմանատիպ սարքավորում, այն չի գործարկվում, որովհետև համապատասխան մասնագետներ չկան: Տեղեկությունները հավաքագրել ենք հիվանդների, բժշկների օգնությամբ, ինչը հնարավորություն տվեց այցելել Իրա մեդիքլ հասկանալու խնդիրը: Աշխատակիցը ցույց տվեց տարիներով իրենց վարչական շենքի բակում լցված պարկերն ու տուփերը, ինչը վկայում է, որ համապատասխան պաշտոնյաններն իրենց շահն առաջ տանելու համար խոչընդոտներ են ստեղծում այս ոլորտի զարգացման, գրագետ առողջապահական մոտեցում ցուցաբերելու համար:

Այս հոդվածն ահազանգ է, ուռուցքով հիվանդների, լրատվամիջոցների, պետական մարմինների համար, որպեսզի իրավական և գրագետ լուծում տրվի խնդրին: Տարիներով չօգտագործված և չօգտագործվող ճառագայթման համար նախատեսված խցիկները, պետք է տրամադրվեն գոնե այն ընկերություններին, որոնք ի զորու են աշխատանք իրականացնելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր