Բոլոր կուսակցությունները մտածում են. եթե թեկնածուն ասելիք չունի, գոնե կոստյումով լուսանկար կհրապարակեն.Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբի հյուրեր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը անդրադարձան կուսակցությունների քարոզարշավի արդյունավետությանն ու այն հարցին արդյոք դա որոշիչ կլինի վերջնական արդյունքների համար:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի կուսակցություններն ուզում են առավելագույնս ներկայություն ունենալ Facebook սոցիալական ցանցում, ընդ որում, նրա խոսքով, պաշտոնական էջեր են բացում նաեւ նրանք, ովքեր նախկինում էջեր չեն ունեցել.«Հիմա բոլոր կուսակցությունները մտածում են. եթե թեկնածուն ասելիք չունի, գոնե կոստյումով լուսանկար կհրապարակենք: Ավելի լավ է, քան ոչինչը: Այս անգամ բոլոր քաղաքական ուժերը համացանցում օգտագործում են գրեթե նույն մեթոդները, հիմնականում բոլորը նստած են Facebook-ի վրա և մի քիչ էլ Instagram-ը, սակայն դա մեխանիկորեն է, քանի որ Facebook-ի գովազդները գնում են նաև Instagram»,- նշեց Մարտիրոսյանը: Մեդիա-փորձագետը, սակայն, ընթացող քարոզարշավը հետաքրքիր համարեց և նշեց, որ ամեն բան ավելի քաղաքակիրթ է, քան նախկին ընտրություններին ընդառաջ եղած քարոզարշավների դեպքում. «Ամեն բան ավելի կուլտուրական է անցնում, քան ես սպասում էի, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ ֆեյքերի մեծ բանակ կար, ահռելի թվով կայքեր, որոնք ապատեղեկատվություն էին տարածում»,-ասաց նա եւ նշեց, որ թեեւ հիմա էլ կա այդ ամենը, սակայն հնարավորինս չափավոր է: Մեդիափորձագետի խոսքով՝ որքան ավարտը մոտենա, այնքան լարվածությունը կմեծանա, իսկ հիմա քարոզարշավը շատ կոռեկտ է անցնում: «Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ անցյալ անգամ հիմնական պայքարը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մեջ էր, սակայն, չգիտես ինչու, նրանք այս անգամ շատ կոռեկտ են պայքարում, կարելի է ասել` չեն պայքարում»,- ասաց նա:
Սամվել Մարիտրոսյանը նաեւ կատեց, որ ՀՀԿ-ն քարոզարշավին պատրաստվել է ավելի վաղ և մի շարք գործողություններ պլանավորված են եղել: «Նրանք ունեին պատրաստի տեսահոլովակ, լուրջ ֆինանսական ռեսուրներ, զգացվում է, որ մասնագետներ են ներգրավված գործին, իսկ մնացածի առումով երևում է, որ հապճեպ են գործել ու փորձում են ոտքի վրա ձևավորել իրենց մոտեցումները»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ թեև կարծում է, որ լավ խորհրդարան չի լինի, սակայն չի կարող ասել՝ նախորդից վատը կլինի՞, թե ոչ: Ըստ նրա՝ խորհրդարան կանցնեն «ՀՀԿ»-ն, «ԲՀԿ»-ն, «Ելքը», իսկ «Ազատ դեմոկրատների» հարցը անհասկանալի համարեց:
Իսկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը անդրադառնալով ՀՀԿ-ին, նշեց, որ Հայաստանում իշխող կուսակցությունը ցանկանում է իր վրա տարածել վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը։ Նրա խոսքով՝ Կարապետյանի վարկանիշը գնահատվում է 78-80 տոկոս, իսկ ՀՀԿ–ինը 4 անգամ ավելի ցածր է։ Այդ պատճառով էլ ՀՀԿ–ն ցանկանում է վարչապետի վարկանիշն իր վրա տարածել՝ նրան ուղարկելով քարոզարշավների։ «Նրա օգնությամբ կուսկացությունը ցանկանում է ներգրավել նաեւ երիտասարդ ընտրազանգվածին, ինչպես նաեւ վարչապետը ներկայանում է որպես նոր եւ փոփոխությունների կրող մարդ»,- նշել է Հակոբյանը։
Վիգեն Հակոբյանը նաեւ նշեց, որ թեև կանխատեսել էր, որ խորհրդարանական ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է երկու ուժերի`«ՀՀԿ»-ի և «Ծառուկյան դաշինքի» միջև, քարոզարշավը ցույց է տվել, որ այս ուժերի մեջ դեռևս սուր պայքար չկա, կա թաքնված պայքար:««Ելքը» փորձել է նոր տեխնոլագիա օգտագործել, մասնավորապես, «ելք կա» ֆիշկեն։ Բավականին հին տեքստ ունի Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և հիմնականում քարոզարշավն ուղղված է այն ընտրազանգվածին, որը շահագրգռված է, որ հենց հիմա պատերազմ չլինի: Սակայն, կարծում եմ, որ բավականին հնոտ են նրանց մեթոդները՝ սկսած պաստառների նկարներից: Կոմունիստները շատ կոնկրետ խնդիր ունեն, իրենք համարում են, որ ունեն ընտրազանգված, որին կորցրել են ժամանակին և այն տեղափոխվել է «Ծառուկյան դաշինք»: Չեմ կարծում, որ մեծ տոկոսով մարդ վերադառնա Ծառուկյանի մոտից կոմունիստների մոտ, բայց 1-1,5 տոկոս ձայն կարող է գնալ»,-ասաց նա և նշեց, որ ՀՅԴ-ն իր ավանդական դիրքորոշումն է շարունակում պահպանել: «Հայկական վերածնունդը բավականին պոպուլիզմ է օգտագործում: Ես միշտ ասել եմ, որ Արթուր Բաղդասարյանը այն բացառիկ գործիչներից է, որ օդում կարողանում է որսալ, թե այս պահին լսարանն ինչ է ցանկանում լսել, և այս առումով ինքն իրեն չի դավաճանում, շարունակում է իր ոճը: Սակայն ինձ մոտ այն տպավորությունն է, որ նախկին դրայվը չկա: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա, կարծում եմ, որ ի սկզբանե մի քիչ բարդ է ՕՐՕ-ի վիճակը՝ իրենց հետագիծը, քանի որ այն, ինչի մասին իրենք խոսում են, հետո իրենց դեմ է օգտագործվում: Բայց, իմ տեսակետից, վերջին մի քանի օրը ՕՐՕ-ն ավել ագրեսիվ է դառնում և փորձում է տեղավորվել արմատական դաշտում, որը բավականին դատարկ է»,-ասաց նա: