Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

02 նոյ 2017 11:47

Վրաստանը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի աբխազական երկաթուղին շուտափույթ գործարկելու ուղղությամբ. Շիրակ Թորոսյան

Օրերս Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը, որի շինարարությունը մոտ 15 տարի առաջ էր սկսվել: Հայաստանի և Ջավախքի համար երկաթգծի գործարկման վտանգների և տարածաշրջանում նոր իրողությունների շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ:

-Պարոն Թորոսյան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը կարելի՞ է արդյոք դիտարկել տարածաշրջանում զուտ որպես տնտեսական գործոն:
-Սա նախևառաջ քաղաքական նախագիծ էր, որով Թուրքիան և Ադրբեջանը, փորձելու են մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանային հաղորդակցական հնարավորություններից: Ժամանակին, երբ Սահակաշվիլին իշխանության գալով Վրաստանում, ընդառաջ գնաց թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությանը, մենք անմիջապես և բազմիցս բարձրաձայնեցինք մեր մտահոգությունների մասին, բայց այն ժամանակ մեզ լսող չեղավ, իսկ հայաստանյան որոշ վայ վերլուծաբաններ ու պաշտոնյաներ հավատացնում էին, թե այդ նախագիծը երբեք կյանքի չի կոչվի: Ես չեմ կարող ասել, թե որն էր այդ մարդկանց անհիմն լավատեսության աղբյուրը, բայց մի բան պարզ էր. կամ Սահակաշվիլու թիմն էր մեզ խաբում և, ժողովրդական լեզվով ասած, փափուկ բարձ դնում մեր գլխի տակ, կամ մեր պատասխանատուները, չկարողանալով ազդել գործընթացի վրա, փորձում էին հայ հանրության ուշադրությունը շեղել այս վտանգից:

-Կարո՞ղ ենք այն համարել աշխարհաքաղաքական նոր իրողություն՝ Հայաստանի համար լուրջ վտանգներով:
-Այո, կարող ենք: Բացի հաղորդակցային խնդիրներից, Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են այս տնտեսական գործիքն օգտագործել արցախյան հակամարտությունում Հայաստանին զիջումների մղելու համար: Արդեն իսկ, այդ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Հայաստանը կկարողանա օգտվել այս երկաթուղուց, եթե զորքերը դուրս բերի այսպես կոչված օկուպացված տարածքներից: Սակայն, Հայաստանն էլ ունի իր գործիքները, որոնցով կարող է կտրուկ հակազդել երկաթգծից օգտվելու թուրք-ադրբեջանական այս նախապայմաններին, ուղղակի պետք է ճիշտ և ժամանակին օգտագործել այդ գործիքները:

-Այն կարո՞ղ է ռազմավարական նշանակություն ձեռք բերել Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու և թյուրքական էթնիկ տարրերի արմատավորումն ապահովելու առումով:
-Ի վերջո, Թուրքիայի գլխավոր նպատակը դա է: Նա  ձգտում է իրականացնել իր պանթուրքական վաղեմի ծրագրերը՝ փորձելով ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, որից հետո բավականաչափ դյուրին կդառնա  Հյուսիսային Կովկասի սուննի մահմեդական բնակչության վրա ազդեցության տարածումը: Այդ իսկ պատճառով, Թուրքիան Աջարիայի օրինակով փորձելու է թուրքացնել Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը, որից դեպի արևելք՝ Վրաստանի հիմնականում ազերիաբնակ Քվեմո Քարթլի նահանգն է, իսկ այն արդեն սահմանակից է Ադրբեջանին: Նշենք նաև, որ Թուրքիան անթաքույց հավակնություններ է ցուցաբերում  Սամցխե-Ջավախքի նկատմամբ՝ ելնելով այն անհեթեթ հիմնավորումից, թե այդ տարածաշրջանը ժամանակին  Օսմանյան կայսրության մաս է կազմել: Իսկ Վրաստանը, Սահակաշվիլու կողմից իր երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմից տնտեսական խորը կախվածության տակ դնելու անհեռանկար քաղաքականության հետևանքով, մեծ դժվարությամբ է այսօր դիմակայում Թուրքիայի այդ վտանգավոր նկրտումներին:

-Այս երկաթուղին կարո՞ղ է սպառնալիք լինել ջավախահայությանը և արդյոք չի ծառայի նրանց արտագաղթի մղելու նպատակին:
-Միանշանակ սա մեծ սպառնալիք է  ջավախքահայության համար: Առաջին հայացքից թվում է թե երկաթուղու շահագործումը տնտեսական աշխուժություն կառաջացնի Ջավախքում, ինչը, զուտ տնտեսագիտորեն, կնպաստի տեղի հայ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Գուցե սրա մեջ որոշակի ճշմարտություն կա, բայց ինչպես նշեցի՝ միայն առաջին հայացքից: Իսկ իրականությունը, ցավոք, բոլորովին այլ է: Դեռևս երկաթգծի շինարարության  ընթացքում քանի որ հիմնական ներդրողները Թուրքիան և Ադրբեջանն էին, տեղի հայ բնակչությունը միտումնավոր կերպով  գրեթե ներգրավված չէր: Հիմնականում աշխատել են դրսից եկած թուրքերն ու ադրբեջանցիները։ Հետևաբար, լուրջ մտավախություն կա, որ երկաթուղու շահագործման պատրվակով,  դեպի Ջավախք մշտական բնակության կուղղվեն թուրք և ազերի բնակչություն, ինչը, բնականաբար, կփոխի տարածաշրջանի ժողովրդագրական կազմը և լրջագույն պատճառ կհանդիսանա ջավախքի հայաթափման համար: Սա մեծ մարտահրավեր է նաև վրացական իշխանությունների համար, քանզի Ջավախքը և նրա հայ բնակչությունը իսկական սահմանապահ բերդ-ամրոց են Վրաստանի համար: Թուրքական պատվերով, Ջավախքի հայաթափման ծրագրի  կարևոր մաս էր կազմում նաև, Վրաստանի նախկին իշխանությունների վարած հայահալած քաղաքականությունը տարածաշրջանում, որի դեմ իմ մղած հետևողական պայքարի պատճառով էլ տարիներ շարունակ արգելվեց իմ մուտքը Վրաստան: Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հարցը մինչև հիմա վերջնական լուծում չի ստացել: Բայց նաև պետք է փաստենք, որ Վրաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը ջավախքահայության նկատմամբ էականորեն դրական փոփոխություն է կրել:

-Հստա՞կ է, թե ով է տնօրինելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Հայաստանից Վրաստան մտնող երկաթուղու, ինչպես նաև ավտոճանապարհների հատման կետերը: Արդյո՞ք հայկական բեռների տարանցման համար խոչընդոտներ չեն ստեղծվի:
-Հայաստանը միշտ էլ Վրաստանին դիտարկել է որպես բարեկամ երկիր: Առավել ևս ՀՀ ներկայիս իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում Վրաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Վրաստանի իշխանություններն իրենց հերթին  անթաքույց համակրանք են ցուցաբերում դեպի Հայաստանը: Սակայն այդ ամենը պետք է առարկայական դրսևորում ունենա: Այնուամենայնիվ գնդակը Վրաստանի դաշտում է: Հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկայի անհամատեղելիությունը Կարս-Բաքու երկաթգծի շահագործման փաստի հետ, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի և Վրաստանի համար ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու հրամայականը, Վրաստանն իր բոլոր հնարավորությունները պետք է ներդնի մի կողմից նորակառույց երկաթուղուց Հայաստանի օգտվելու հնարավորությունն ապահովելու, մյուս կողմից՝ աբխազական երկաթուղին շուտափույթ գործարկելու ուղղությամբ: Վերոնշյալն իրագործելու համար անհրաժեշտ է արդյունավետ համատեղ փոխգործակցություն:
 Հարցազրույցը՝ Դիանա Մանուկյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր