Մանվելը ԵԿՄ-ն դարձրել էր իր թալանի երաշխավորը․ Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
– Պարոն Հակոբյան, հիմա, երբ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա քաղաքապետ որդուն մեղադրանք է առաջադրվել, իսկ կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում կա, ի՞նչ մթնոլորտ է Էջմիածնում: Կարո՞ղ եք փաստել, որ, ինչպես նախկինում էիք ասում, Էջմիածինն ազատագրվեց:
– Այո: Էջմիածնում լավ տրամադրություն է տիրում: Մարդիկ դուրս են գալիս փողոց բարձր տրամադրությամբ, առանց վախի զգացողության քայլում են, զբոսնում, մեքենաներով հանգիստ շրջում են քաղաքում: Էսօրվա էջմիածինցիները ավելի շատ են օրենքի տառը պահում, քան նախկինում: Նախկինում ոչ ոք չէր մտածում օրենքը պահելու մասին: Իսկ հիմա՝ Մանվելից հետո, մարդիկ ավելի օրինապաշտ են դարձել, ցույց են տալիս, որ Մանվելը իրենց խանգարել է լինել օրինապաշտ:
– Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ չարաշահումները այս ծավալի են, ինչպես երևաց ԱԱԾ-ի տեսանյութից:
– Այո, իհարկե: Ես ավելի շատ բան գիտեմ այդ չարաշահումների մասին, քան վերջին օրերին ցուցադրվեց մամուլով: Եվ ԵԿՄ-ի ներկայացուցիչները տարիներ շարունակ ճիշտ կանեին չգովերգեին Մանվելին: Ես նրանց զգուշացնում էի, որ եթե իրականում տեսնեն Մանվելի դեմքը, կդադարեն գովերգել նրան, բայց ոչ ոք ինձ չէր լսում: Բայց Մանվելը ԵԿՄ-ն դարձրել էր իր թալանի երաշխավորը:
– Սակայն Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը տեղյակ չի եղել այդ ամենից, իսկ ինքը՝ Գրիգորյանը, խոստացել է վերականգնել իր համբավը:
– Ոչ: Այդպիսի բան հնարավոր չէ: Մանվելը ցանկացած հարցից տեղյակ էր՝ լինի դա իր ընտանիքի հետ կապված, թե քաղաքապետարանի աշխատանքների: Ցանկացած հարց լուծվում էր Մանվելի գիտությամբ, նրա որոշմամբ: Օրինակ՝ եթե մի մարդ խնդիր էր ունենում քաղաքապետարանի հետ, գնում էր, հարցը չէր լուծվում, նրան ուղղորդում էին Նազիկի մոտ: Նազիկն առաջին ատյանն էր: Իսկ եթե որոշում կար, որ այդ հարցը չի լուծվելու, այդ մարդուն ուղղորդում էին Մանվելի մոտ: Եվ շատ-շատ մարդիկ հրաժարվում էին Մանվելի մոտ գնալուց՝ գերադասելով իրենց խնդիրը թողնել առանց լուծման, քանի որ Մանվելի մոտ գնալը հավասար էր թակարդն ընկնելուն և ունեցածը կորցնելուն: Մանվելը Էջմիածնում լուծում էր ցանկացած հարց՝ գարաժներից սկսած մինչև լուրջ հարցեր: Իրենք հաշիվներ ունեին, որով իրենց անօրինական փողերը Երկրապահի միջոցով դուրս էին հանում, լվանում էին: Այնպես որ, այդ ամենը ժողովուրդը տեսել է, գիտի, որ Մանվելենք հարցը լուծում էին մեկը մյուսին պաս տալով:
– Այս բացահայտումներից հետո Էջմիածնում վենդետայի, հաշվեհարդարի հնարավորություն կա՞: Վերջերս մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե բացահայտումներից հետո էջմիածնում նոր մանվելգրիգորյաններ ու դոնպիպոներ են հայտնվել:
– Նման բան չկա: Էջմիածնում հիմա ուրախություն և ոգևորություն է: Մարդիկ փորձում են իրենց տարիների խնդիրներին ժամ առաջ լուծում տալ: Վախ, վենդետա, հաշվեհարդար… չկան սենց բաներ: Դա Մանվել Գրիգորյանի ու նրա որդու գործելաոճն էր:
Հիմա չկա նման բան: Հավատացեք:
– Պարոն Հակոբյան, գեներալ Մանվելի վերաբերյալ բացահայտումներին զուգահեռ՝ Ձեր մասով ևս խնդիր առաջացավ՝ կապված Ձեր կողմից անօրինական շինարարություն իրականացնելու, շենքեր կառուցելու հետ: Քրեական գործ կա՞ հարուցված:
– Չկա նման բան: Մենք քաղաքապետարանի կողմից ունենք շենք կառուցելու թույլտվություն: Երկու անգամ հաստատվել է այդ թույլտվությունը, բայց մեր կողմից այդտեղ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Հետագայում մենք դիմել ենք քաղաքապետարան, որ մեր շինարարության ժամկետն ավելացնեն: Դիմել ենք փետրվարին, բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք քաղաքապետարան: Նշեմ, որ մինչ թույլտվություն ստանալը՝ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, կապիտալ շինարարություն չի եղել: Հիմա էլ մենք աղբահանությամբ ենք զբաղված, կռան ենք բերում, նախապատրաստական աշխատանքներ, մինչև որ երկարացման թույլտվությունը լինի, որ սկսենք կառուցել: Թե չէ ո՞նց եք պատկերացնում Կոմիտասի վրա կառուցել տասը հարկանի շենք առանց թույլտվության: Էդ մենք ո՞վ ենք, մեզանից ի՞նչ ենք ներկայացնում: Մենք ոնց կարող էինք տասը հարկանի շենք կառուցել առանց թույլտվության, ու չգային մեզ ասեին՝ էս ինչ եք անում: Ասեմ ավելին՝ քաղաքապետարանը շինարարության ժամկետները ուշացնելու համար մեզ 36 միլիոն դրամով տուգանել է: Կա դատարանի որոշում, որը փաստում է, որ մենք օրինական թույլտվություն ունեցել ենք շենքը կառուցելու համար: Եվ հետո, այդ շենքը 1 միլիոն 700 հազար դոլար հարկ պետք է տա պետությանը: Այդ շենքի վրա 80 մարդ է աշխատելու: 126 բնակարան է կառուցվելու, որը հիպոթեքով տրամադրվելուէ երիտասարդ ընտանիքներին: Մեզ խրախուսելու փոխարեն՝ հիմա էլ մի կնոջ բողոքի հիման վրա հարցը դարձնում են քննարկման թեմա: Հիմա պետության համար ո՞րն է կարևոր: Ես տասը միլիոն դոլարի ներդրում եմ կատարել տնտեսության մեջ այդ շենքը կառուցելու համար: Հիմա սա թողել, ինչ-որ կնոջ բողոք են քննում: