Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

23 հուլ 2018 10:52

Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ.հիմա ուրիշ է. կա մեկը, նա ինչպես ասի, այնպես էլ կանենք

Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ.հիմա ուրիշ է. կա մեկը, նա ինչպես ասի, այնպես էլ կանենքՀայաստանում իշխանափոխությունից գրեթե անմիջապես հետո սկսվեցին քրեական հեղինակությունների շրջանում հետախուզությունները, գրում է Lenta.ru-ն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին, և ուղիղ 10 օր անց ոստիկաններն այցելեցին «օրենքով գողերին» և կանչեցին զրույցի: Զրույցների բովանդակությունը, ինչպես նշում է կայքը, հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, «օրենքով գողերին» բացատրել են, որ նոր Հայաստանում պետք է հաշվի առնեն քրեական, այլ ոչ թե գողական օրենսգիրքը: Մի քանի օր անց «սխոդկա» տեղի ունեցավ: Ամենայն հավանականությամբ, զրույցները պատշաճ արդյունք չտվեցին. հունիսի 20-ին ոստիկանությունը կրկին «բարեկիրթ այցեր» կազմակերպեց քրեական հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Այցելեցին Անդրանիկ Սողոյանին (Զապ Լենինականսկի), Նորայր Փիլոյանին (Քոնչո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Անդրանիկ Հարությունյանին (Անդո Խրոմոյ), Ալեքսանդր Մակարյանին (Ալո) և այլոց: Ոստիկանությունը կրկին տեսանյութ հրապարակեց, որտեղ «օրենքով գողերին» կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել: Խուզարկությունների արդյունքով մի քանի հեղինակության ձերբակալեցին: Ոմանց մոտ հայտնաբերեցին զենք, ոմանց մոտ՝ թմրանյութ, ոմանց մոտ էլ՝ դեղամիջոց: Երկուսին թմրանյութ պահելու համար մեղադրանք է առաջադրվել՝ Անդո Խրոմոյին և Ալոյին:
 
««Օրենքով գող» կար գրեթե ամեն բակում». այսպես էր Երևանը բնութագրում գրող, քրեագետ Լևոն Սողոմոնյանը: Դրանք 1930-1940-ական թվականներն էին: Իսկ նախորդ դարի վերջին և այս դարի սկզբին երևանյան գողական աշխարհում մնացել էին Կառլեն Թովմասյանը (Գիժ Կառլեն), Մաելս Մկրտչյանը (Կնդո Մայիս), Վարդգես Ասլանյանը (Ցիպո Վարդգես), Ռաֆիկ Խոյեցյանը (Խոյ) և ևս մի քանիսը: Այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր-Պետրոսյանն է՝ Վանիկը, սակայն գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի է:
 
Այսպիսով, վերջին տարիների ընթացքում Հայաստանում գողական սերնդափոխություն տեղի ունեցավ. եկան համեմատաբար երիտասարդները, սակայն նրանք չունեին այն ազդեցությունը, որն ունեին իրենց նախորդողները:
 
Ներկայի հայաստանյան «օրենքով գողերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հյուսիսցիներ և երևանցիներ: Առաջինը՝ հյուսիսցիները, հիմնականում Գյումրիից են (նախկին անվանումը՝ Լենինական), և հենց նրանց առաջնորդն է Զապը: Այց ցուցակում են նաև Արտեմ Ղազարյանը (լենինականցի Արտեմ), Սուրեն Ավետիսյանը (լենինականցի Սուրո), ինչպես նաև Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ): Չնայած նման բաժանմանը՝ այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ «օրենքով գողերն» աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է, և հարցերը լուծվում են Հայաստան գործուղղված երկու «օրենքով գողերի» հետ՝ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) բարեկամ Մերաբ Քալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Շամազաշվիլիի (Կոբա Ռուստավսկի) հետ:
 
Կայքն ընդգծում է, որ Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: «Օրենքով գողերին» տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նա հանդիսանում է ներկայի Հայաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողը»: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին «Պետական օրենքով գող»: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:
Չնայած «օրենքով գողերն» արդեն նախկին ազդեցությունը չունեն՝ հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ «օրենքով գողերի» «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆը: Վերջինն «օրենքով գող» է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության «օրենքով գող» էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993թ.-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին «օրենքով գողեր» եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող «օրենքով գող» Հայաստանում այլևս չի եղել:
«Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, պետք է իմանալ, թե ինչ է եղել դրանից առաջ»,- գրում է կայքը՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «օրենքով գողերին» դիտարկում էին ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես լծակ, որը թույլ էր տալիս հարցեր լուծել: Նախկինում ամեն «օրենքով գող» իր հովանավորն ուներ: Օրինակ՝ Անդո Խրոմոյը սերտ կապեր ուներ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Սակայն այժմ այդպես չէ. Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հայտարարեց, որ այդ համակարգն այլևս պետք չէ:
Lenta.ru-ի զրուցակիցը՝ գողական աշխարհի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ, մի արտահայտություն է արել. «Դու գրում ես «օրենքով գողերի» կյանքի մասին, սակայն գլխավոր գողի անունը չես տալիս: Գլխավոր գողն այժմ Նիկոլ Փաշինյանն է: Հիմա նա է ամեն ինչ որոշում, ինչպես ասի, այնպես էլ կանենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր