«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք».Ի տարբերություն՝Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում
![«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք».Ի տարբերություն՝Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում «Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք».Ի տարբերություն՝Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1534922891_2222.jpeg)
Աղբյուրը գրում է, որ Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե «Պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ իր հունով է գնում: Բոլորը, այդ թվում՝ Մոսկվան պետք է ադապտացվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին», հետք թողեց քաղաքական հիշողությունների մեջ։ Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վարչապետը կառավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե մամուլի ասուլիսի, այլ՝ հանրահավաքի շրջանակներում, որին, ինչպես գրում է կայքը, մասնակցել են այն զանգվածները, որոնցից Փաշինյանը ստացել է իր իշխանությունը:
Օրենքի գերակայության տեսանկյունից կատարված քայլերից կայքը հատկապես շեշտել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ում մարտի 1-ի գործի շրջանակներում «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանք է առաջադրվել: Նշել է նաև, որ ավելի ուշ ազատ արձակված ու քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Քոչարյանը, ըստ տարածված կարծիքի, մինչև այժմ Մոսկվայի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող ղեկավարներից է:
Հիշատակելով նաև նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման դեպքը, կայքը գրել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովի «զգուշացման» մասին, թե նախկին քաղաքական առաջնորդներին հետաքննելու փոխարեն պետք է ուշադրություն դարձնել ազգային միասնության ու կայունության պահպանմանը և համատեղ կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։
Նշելով, որ այդ զարգացումներն, այնուամենայնիվ, չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրի փոփոխություն, աղբյուրը գրում է, որ մեծ հաշվով Հայաստանը պահպանում է նախկին ուղղվածությունը. Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնն են, սակայն Երևանը ցանկանում է լավ հարաբերություններ զարգացնել նաև Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ու այնուամենայնիվ հարկ համարում նկատել, որ հստակ իրողություն է նաև այն, որ Փաշինյանն իր ընտրած ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ:
«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք»՝ գրել է լրագրողը, պարզաբանելով որ Փաշինյանին ու իր կառավարությանն ուղղված ամենաշատ քննադատությունները վերաբերում են նրանց քաղաքական անփորձությանը: Աղբյուրը բերում է Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության օրինակը, նշելով, որ ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի, ով այդքան էլ կարևորություն չտալով օրենքներին, գրավեց Վրաստանի խորհրդարանի շենքը, Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում:
Կայքը Փաշինյանի համար ամենադժվար խնդիրներից մեկը համարում է Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը: «Վերջին շրջանում Երևանը հաճախ է հայտարարություններ անում ռազմական տեսանկյունից բավական հզորացած Բաքվի հետ ամեն պահի պատերազմ սկսվելու հավանականության մասին: Իհարկե, մեծ հաշվով այս հարցի բանալին Մոսկվայի ձեռքում է, սակայն եթե Հայաստանի իշխանությունը ներսում թուլանա և հեղաշրջման փորձի հանդիպի, դրսում նույնպես դժվար վիճակում կհայտնվի», -գրված է հոդվածում:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ կայքը հիշեցնում է, որ Թուրքիան շատ է հեռացել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» մթնոլորտից ու Ադրբեջանի պահանջները դարձրել հարաբերությունների կարգավորման, սահմանները բացելու նախապայման: