Կոնյակի կեղծման պրակտիկային վերջ դնելը կարող է հանգեցնել գյուղացուց մթերվող խաղողի գնի աճին. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը խոսեց խաղողագործության և գինեգործության վիճակի և խնդիրների մասին, ամփոփեց 2018թ-ի առաջին կիսամյակը:
Ավագ Հարությունյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ալկոհոլային խմիչքների՝ գինու, կոնյակի, վիսկու, գարեջրի արտադրության և արտահանման ոլորտներում, կտրուկ նվազել են կոռուպցիոն մեխանիզմները. «Շուկան մաքրվել է, չկա այն հիմքը, բազիսը, որը թույլ կտար արտադրել և արտահանել կեղծ կոնյակ: Վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավորություն ենք ունենում, որպեսզի մենք լրիվ հրաժարվենք կեղծ արտադրանքից։ Վերջին անգամ մաքուր մենք եղել ենք 1913թ, երբ իմաստ չկար կեղծելու և իրավական և քաղաքական դաշտը թույլ էին
տալիս լինել բացարձակ ազնիվ: 1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ պատերազմը
և կեղծարարությունը
եղբայրներ են, հետո եղան վայրիվերումներ, կեղծարարություն, որը վերջացավ 1-2 ամիս առաջ»,-նշեց Ավագ Հարությունյանը, հավելելով, որ փոքր խմբաքանակներով սպիրտը դեռ շարունակում են ներմուծել, բայց դրանք կոմերցիոն ծավալների չեն և գործարաններին չեն մատակարարվում։
Նրա խոսքով, քանի որ ռուսական շուկայում բավականին տարածում ունի հայկական կոնյակը, այդ իսկ պատճառով կեղծման գայթակղություն միշտ մեծ է եղել, ինչը չի կարելի ասել հայկական գինու մասին։ «Գինու առումով կարող եմ ասել, որ մեր որակով մրցունակ ենք: Եվ եթե առաջ մեզ համեմատում էինք ԱՊՀ կամ արևելյան երկրների հետ, ապա այսօր համեմատում ենք եվրոպական լավագույն գինեգործական երկրների հետ և կարող ենք ամրագրել, որ որակի հետ կապված որևէ խնդիր չունենք: Կոնյակի որակի կտրուկ անկում, գահավիժում ունեինք մինչև 1998 թվականը: Գահավիժում ունեցանք 2013 թվականից հետո, երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց, իսկ մեր պայմանագրերը ռուսական ռուբլով էին»:
Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ, առաջիկա 3 տարիներին կոնյակի նվազում կլինի՝ ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման առումով: Նրա ձևակերպմամբ, պատճառները երկուսն են՝ ռուսական դաշտը խստացրել է որակի նկատմամբ պահանջները, և հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են կոռուպցիոն մեխանիզմները, շուկան մաքրվել է, և չկա այն հիմքը, որը թույլ կտա արտահանել կեղծ կոնյակ. «Կոնյակի կեղծման պրակտիկային վերջ դնելը կարող է հանգեցնել գյուղացուց մթերվող խաղողի գնի աճին։ Օգոստոսի վերջին Երևանի կոնյակի գործարանի սեփականատեր «Պեռնո Ռիկար» ընկերությունը սովորաբար հայտարարում է, թե որքանով է խաղող գնելու գյուղացիներից։ Նրանք իրենց գինն առայժմ չեն հայտնում, քանի որ պարզապես դեռ չեն հասկանում` որքանով գնեն: Նախկինում սպիրտ էին ներմուծում և եթե գյուղացին ուզում էր վաճառել բերքը ավելի թանկ, նրան մերժում էին և ներմուծած սպիրտ էին գնում։ Այժմ ստիպված են աշխատել միայն տեղի խաղողով։ Խաղողի պահանջարկը կմեծանա, նշանակում է կբարձրանա նաեւ գինը։ Այդ պատճառով էլ շուկայում դեռ պարզապես չգիտեն ինչ անել»,- ավելացրեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ ԵԿԳ-ն նախորդ տարիներին 140 դրամ էր հայտարարել մեկ կգ-ի համար, որը սակայն այս տարի ավելի բարձր կլինի: