Ցեղասպանությունը Գերմանիայի խոցելի, դեռևս արյունահոսող վերքն է.«Մերկելը խուսափեց «հայերի ցեղասպանություն» եզրույթից
«Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարևոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003-ին»,- գրում է գերմանական «Տագեշպիգել»ը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»:
Մերկելը Հայաստանում չխուսափեց և չէր կարող խուսափել Ցեղասպանության թանգարան այցելությունից, Ցեղասպանությունը Գերմանիայի խոցելի, դեռևս արյունահոսող վերքն է: Վերք, որը միաժամանակ ներկայիս Գերմանիայի հեղինակությունը բարձրացնող կայուն վարկ է՝ Գերմանիան ամբողջ աշխարհին դաս է տալիս հոլոքոստի հարցում «անցյալի հետ գործնականում առերեսվելու» հետևողական վարքով: Բայց Գերմանիան այդպես էլ գործնականում չի առերեսվում հայոց ցեղասպանությանն իր մասնակցությանը: Առանց Գերմանիայի մասնակցության և նույնիսկ առանց գերմանական ոգեշնչնչման, երիտթուրքերը չէին համարձակվի իրականացնել հայերի, հույների, ասորիների կոտորածները: Տեղահանություններ անել թերևս կհամարձակվեին, բայց տոտալ կոտորածներ՝ թերևս ոչ: Այդ կոտորածներն էին, ի վերջո, հոլոքոստ իրականացնող նացիստների ներշնչանքի աղբյուրը: Երևանում հայոց Ցեղասպանության հուշարձան ու թանգարան այցելության ժամանակ նույնպես Մերկելը լռեց, նույնիսկ խուսափեց «հայերի ցեղասպանություն» եզրույթից, չնայած դա լավ առիթ էր Գերմանիայի դեմ հաճախակի բարձրաձայնվող Էրդողանի հոխորտանքները որոշ հավասարակշռության բերելու:
Եթե Մերկելն արդեն փաստացի մարսել է նաև Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքն Ադրբեջան մերժելու փաստը, և այսօր ու վաղը Բաքվում գազային պայմանագրի հարցի շուրջ համաձայնության գա բռնապետի իմիջ ունեցող Ալիևի հետ՝ կարելի է կասկածել, որ Գերմանիան վաստակել է Եվրոպայում ժողովրդավարության առաջատար լինելու և «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» իմիջը: Վերջ ի վերջո «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» խնդիրը ինքնանպատակ չէ, դրա գործնական նպատակը աշխարհում այդ կարգի հանցագործությունները նվազեցնելն է: Եվ եթե այսօր գազով կարելի է գնել հանցագործությունների և անպատժելիության իրավունքը, ապա կարելի է ասել, որ Գերմանիան մեծ հաշվով շարունակում է սատարել պոտենցիալ հանցագործությունների հնարավորությունը:
Եվ ես նախապես համաձայն չէմ այս կարգի գործարքները «իր երկրի շահերով» արդարացնող կամ բացատրող գրառումներին: Միշտ էլ կգտնվեն ցեղասպանությունները և տարատեսակ սարսափելի հանցագործությունները դրանք իրականացնողների երկրի շահերով բացատրողներ: Բոլոր պետական, միջպետական, մասնավոր գործարքների հետևում էլ շահեր կան, խնդիրը մարդկային հանրային անվտանգությունը շահերից վեր դասելու և բարոյական լուծումներ գտնելու մեջ է»: