ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 սեպ 2018 18:43

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Էրդողանին

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն ԷրդողանինՀայաստանի արտգործնախարարությունը հերքել է, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել է Թուրքիային վերադարձնել Կարսի 16-ամյա բնակչին, ով անասուններին արածացնելիս հատել է հայ-թուրքական սահմանը եւ ձերբակալվել էր Հայաստանի տարածքում: Ըստ թուրքական մամուլի, Փաշինյանը Էրդողանին տվել է դրական պատասխան: Հայաստանի ԱԳՆ խոսնակը ասել է, թե չի եղել զանգ եւ չի քննարկվել ոչինչ:
Այդուհանդերձ թուրքական մամուլում տեղ գտածը հետաքրքիր է, մի շարք այլ իրողությունների ֆոնին: Էրդողանը մեկնում է Բաքու: Առիթը Բաքվի ազատագրման 100-ամյակի տոնակատարությունն է: Մինչ այդ Բաքվում էր Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցը: Հայտնի է նաեւ, որ սեպտեմբերի 25-ին Բաքու կմեկնի Պուտինը: Այդ ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր եւ հանդիպել է այդ երկրի նախագահ Մակրոնի հետ:
Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանն արել է ուշագրավ հայտարարություն արցախյան կարգավորման թեմայով: Նա ասել է, որ, եթե համանախագահները ուզում են, որպեսզի լինի կարգավորում, պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին: Փաշինյանն այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ այդ մասին խոսվել է նաեւ հանդիպմանը: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարում է այդ մասին, ապա դա կնշանակի, որ Մակրոնը համամիտ է այդ դիտարկմանը: Այլապես Փաշինյանի խոսքը կստացվեր դեմարշ, որոշակի իմաստով, ինչին նա չէր գնա Մակրոնի Հայաստան կատարելիք այցին ընդառաջ: Այդպիսով, խոշոր հաշվով հնարավոր է արձանագրել, որ Փարիզում Նիկոլ Փաշինյանն արել է մի հայտարարություն, որի տակ դե ֆակտո առկա է թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, ում հետ էլ Փաշինյանը հանդիպել էր սեպտեմբերի 8-ին:
Այն, որ կա նաեւ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը՝ խոսքն իհարկե դե ֆակտո, ոչ առերեւույթ կամ դե յուրե ստորագրության մասին է, հուշում է Իսրայելի պաշտպանության նախարարի այցի ընթացքում Ադրբեջանից հնչող գնահատականը, թե Բաքուն նախընտրում է սպառազինություն ձեռք բերել Իսրայելից, ոչ թե Ռուսաստանից, որովհետեւ իսրայելականն ավելի լավն է:
Ակնառու է Ադրբեջանի այսպես ասած ակնարկը Ռուսաստանին, որ հնչեց դեռեւս սեպտեմբերի 1-ին Ալիեւի այցի ընթացքում: Ալիեւը հիշեցրեց, որ 5 միլիարդի զենք են գնել Ռուսաստանից: Բաքուն Մոսկվային ինտենսիվ հիշեցնում է անցյալը, որը փլուզվեց ապրիլյան քառորյայով: Ակնառու է, որ Իսրայելի նախարարի այցը Ադրբեջանն օգտագործում է Մոսկվային շանտաժելու համար: Մոսկվան կուլ չտվեց ՀԱՊԿ անդամակցության կամ դիտորդի կարգավիճակի ադրբեջանական խայծը: Գայթակղելու փորձը կարծես թե չաշխատեց, այժմ գործի է դրվում շանտաժի տարբերակը, Իսրայելի օգնությամբ: Բաքուն ասում է, որ այլեւս չի գնի զենք Ռուսաստանից, եթե չի ստանում իր ռազմական դիվանագիտության ամբողջ ծավալի վերականգնման քաղաքական աջակցություն: Միաժամանակ սկսվում է մասշտաբային զորավարժություն:
Այդ մասին առիթ ունեցել եմ գրելու տարիներ շարունակ, որ Ադրբեջանը Ռուսաստանից է ձեռք բերել իր սպառազինության մոտ 80 տոկոսը, որովհետեւ դրա հետ մեկտեղ ձեռք էր բերում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը: Եթե իրավունքը չկա, ապա ռուսական զենքը Բաքվին պետք չէ:
Ռուսաստանն այդ իրավունքը չի տալիս, քանի որ բախվել է դրա լրջագույն հետեւանքին ապրիլյան քառօրյայի ընթացքում, գիտակցելով, որ ես մեկ այդպիսի դրսեւորումը կարող է արժենալ Հայաստանի եւ Կովկասի կորուստ: Մոսկվայի համար զսպող հանգամանքները առավել եւս բազմացել են միջազգային պատժամիջոցների ու ներքին վիճակի հետեւանքով: Հայաստանը մնացել է Ռուսաստանի վերջին հույսը, որը կարող է աշխատել, եթե Մոսկվան կատարի անվտանգության հարցում իր պարտավորությունները եւ միաժամանակ չխանգարի ներքին վերափոխումների հարցում հանրության առաջ նոր կառավարության պարտավորությունների կատարմանը:
Հարաբերության այդ սխեման այն է, ինչ կարող է վայելել լեգիտիմություն Արեւմուտքում եւ լինել թերեւս ներկայիս Ռուսաստանի միջազգայնորեն լեգիտիմ բացառիկ քաղաքական օրակարգերից մեկը: Մոսկվան անկասկած պատկերացնում է դրա անհրաժեշտությունը, հատկապես մերձավորարեւելյան բարդ խաղում, որտեղ առերեւույթ Արեւմուտքի հետ դիմակայության պայմաններում Ռուսաստանի «ուղիղ ռեժիմով» դիմակայության սուբյեկտներն իրականում Թուրքիան, Իսրայելն ու Իրանն են:
Ահա այդ համատեքստում խաղի մեջ է մտնում հայկական դրոշը, Ռուսաստանի խողովակով՝ Սիրիա հումանիտար առաքելության ծրագրով: Դրան դե ֆակտո հավանության է տալիս Միացյալ Նահանգները, Հայաստանում իր դեսպանատան միջոցով, փաստացի ասելով, որ Նահանգները ընդունում են խաղի նոր մասնակցին, բայց զգուշացնում նաեւ, որ նա չխառնվի անմիջապես Իդլիբի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Դրանից հետո Իսրայելի պաշտպանության նախարարն ու Էրդողանը այցելում են Բաքու, Ադրբեջանի հետ նախաձեռնելով Ռուսաստանին շանտաժելու փորձ: Դրան զուգահեռ թուրքական մամուլը հրապարակ է նետում Էրդողանի զանգի եւ Փաշինյանի դրական պատասխանի մասին տեղեկությունը, որը հայկական կողմը հերքում է: Իսկ Կարսի այդ 16-ամյա բնակչին հայ-թուրքական սահմանում ձերբակալել էր ՌԴ սահմանապահ ստորաբաժանումը, որպես թուրք հետախույզի: Ըստ տեղեկության, նրա մոտ եղել էր հեռախոս, որում եղել էին հայ-թուրքական սահմանի ինժեներատեխնիկական կառուցվածքի լուսանկարներ ու դրա վերաբերյալ ֆայլեր: Այդ առումով, վերջին ամիսներին բավական հաճախակիացել են հայ-թուրքական սահմանի ուղղությամբ սահմանը «պատահաբար», «մոլորվելով» խախտելու դեպքերը, ընդհուպ խմբերով, այդ թվում այլ երկրների քաղաքացիներից կազմված:
Եղե՞լ է իսկապես զանգ Հայաստան, թե ոչ: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետաքրքիր էր ձեւակերպել զանգի մասին տեղեկության հերքումը, ասելով, որ զանգ չի եղել եւ «չի եղել քննարկում»: Եթե զանգ չի եղել, ապա տրամաբանական է, որ քննարկում չէր էլ կարող լինել: Թե՞ զանգ եղել է, իսկ ահա քննարկում՝ ոչ, եւ դրականի փոխարեն, Թուրքիայի նախագահը ստացել է դիվանագիտորեն կոշտ պատասխան, եւ կողմերն ընդամենը փոխզիջման էին եկել զանգի մասին ոչինչ չբարձրաձայնելու մասին, ինչը սակայն թուրքական կողմը խախտել է:
Թե՞ Անկարան փորձել է ՌԴ նախագահի հետ Էրդողանի հանդիպումից առաջ փորձել թողնել հայ-թուրքական «սեպարատ» շփման տպավորություն, Պուտինի հանդեպ հոգեբանական առավելության համար:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր