Հայցադիմումի թերությունները վերացվել են, իսկ պահանջն անփոփոխ է․ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումի վերադարձման պատճառները զուտ տեխնիկական են: Այդ մասին ասաց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:
«Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան»,-մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն ընդգծելով, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են անփոփոխ` պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Հիշեցնենք, որ 20.09.2018թ․ Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել էր վերադարձնել հայցը՝ նշելով, որ դրանում առկա են թերի տեղեկություններ ինչպես Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի անձնագրային տվյալների, այնպես էլ Արթուր Վանեցյանի բնակության և հաշվառման վայրերի մասին։ Բացի այդ հստակ ներկայացված չէ պահանջը։