Հայաստանի հաջողությունը ներկայում Պուտինին իսկապես անհրաժեշտ է.Պուտինը Փաշինյանի գրկում. այդքան սպասված

Բանն այն է, որ Հայաստանի հաջողությունը ներկայում Պուտինին իսկապես անհրաժեշտ է, կենսականորեն անհրաժեշտ: Այդ իմաստով մեկ այլ խորհրդանշականություն է պարունակում ԵՏՄ ղեկավարներին դիմավորելու տեսանյութը, որտեղ դիմավորելով Նիկոլ Փաշինյանին, Պուտինն առաջին է մղվում նրան գրկելու, ինչպես մեկին, ում վաղուց սպասում էր:
Եվրասիական ինտեգրացիոն նախագծերը, այդ թվում ԵՏՄ-ն դիտարկվել է Պուտինի մեծապետական քաղաքականության համատեքստում: Ընթացքում սակայն, աշխարհակարգային վերափոխումներին զուգահեռ, այդ նախագծերը Պուտինի համար սահուն վերածվում են ծուղակի:
Արեւմուտքի հետ դիմակայությունից թուլացող Ռուսաստանի նախագահն ավելի ու ավելի խորն էր հայտնվում եվրասիական ինտեգրացիոն նախագծերի բելառուս-թյուրքական օղակի սեղմման մեջ: Այդ օղակը նրա դեմ դուրս չէր գալիս բացահայտ հարցադրումներով, բայց սեղմվում էր ավելի ու ավելի ուժեղ:
Նույն Սանկտ-Պետերբուրգի Վեհաժողովում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բաց եւ հրապարակայնորեն էր փորձել Պուտինին նեղը գցել գազի գնի, միասնական շուկայի հարցում: Այն աստիճան, որ Պուտինն անգամ հորդորել էր բանավեճը շարունակել մամուլի աչքից դուրս: Իհարկե, Լուկաշենկոն հետո ներողություն էր խնդրել նույն մամուլի հետ շփման ժամանակ՝ Պուտինից, բայց հենց այդտեղ է օղակի սեղմման մեթոդիկան, որ կիրառում են թե ՀԱՊԿ-ում, թե ԵՏՄ-ում:
Մոսկվան դրա դեմ գործնականում անզոր է, որովհետեւ մեկ այլ օղակ էլ շատ ուժեղ սեղմում է Արեւմուտքը: Այստեղ իհարկե կա թերեւս մի նուրբ տարբերություն: Արեւմուտքի նպատակը Ռուսաստանը խեղդելը չէ, ի տարբերություն բելառուս-թյուրքականի: Կամ, ավելի շուտ՝ թյուրքականի, որտեղ Բելառուսը ընդամենը մի փոքր գործիք է: Արեւմուտքի նպատակը Ռուսաստանը խաղի կանոնների դաշտ բերելն է:
Պուտինն անշուշտ դա լավ է հասկանում: Բայց նաեւ բավական հեռուն է գնացել այդ հարցում ճկունություն ցուցաբերելու համար:
Ահա այստեղ է խորհրդանշականությունը: Թավշյա հեղափոխությունը Հայաստանում այդ իմաստով ունի խիստ ուշագրավ բնույթ: Հեղափոխության առաջնահերթություններն ու առաջնորդող նպատակները ըստ էության արեւմտյան քաղաքակրթական համակարգից են, կամ այսպես ասած խաղի արեւմտյան, եվրատլանտան կանոնների դաշտից: Մյուս կողմից Երեւանը ոչ միայն չի հրաժարվում եվրասիական դաշտում խաղից, այլ հակառակը՝ հայտարարում է, որ ձգտելու է ավելի աշխույժ խաղալ այդ դաշտում եւ առաջ տանել իր շահերը:
Այլ կերպ ասած, Հայաստանը, որ 2017-ի նոյեմբերին ստացավ եվրատլանտյան խաղի կանոնները եվրասիական դաշտում տրանսֆորմացնելու գործընթացի յուրօրինակ պրովայդերի «թղթային» հնարավորություն՝ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի տեսքով, 2018-ի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխության շնորհիվ ստացել է այդ պրովայդերությունն իրականացնելու իրական հնարավորություն, ձեռնամուխ լինելով դրան: Դա նաեւ Պուտինի համար չխեղդվելու հնարավորություն է, եւ զարմանալի չէ, թե ինչու է ՌԴ նախագահը շտապում գրկել այդքան սպասված Փաշինյանին:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը Ռուսաստանի համար փրկօղակ է դարձել բելառուս-թյուրքական սեղմվող օղակից:
lragir.am