ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

29 հուն 2018 17:10

Պուտինի գնահատականը. ինչով է զբաղված Փաշինյանը

Պուտինի գնահատականը. ինչով է զբաղված ՓաշինյանըՀայաստանի ու Ռուսաստանի միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, հայ-ռուսական միջռեգիոնալ 7-րդ համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, եւ Պուտինի ուղերձը ընթերցել է ՌԴ պատվիրակությունը գլխավորող մշակույթի նախարար Մեդինսկին:
Ի՞նչ նկատի ունի ՌԴ նախագահը բովանդակալից քաղաքական երկխոսություն ասելով, կամ ավելի շուտ ինչ ժամանակահատված: Այդ երկխոսությունը գալիս է Սերժ Սարգսյանի՞ պաշտոնավարումից, թե՞ թավշյա հեղափոխությունից: Բոլոր դեպքերում, այն, որ նոր իշխանության պայմաններում Պուտինը ուղերձում թույլ է տալիս այդ ձեւակերպումը, հուշում է, որ այն առնվազն տարածվում է նոր իրավիճակի վրա, որում Պուտինն արդեն երկու անգամ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Թեեւ, առայժմ երկու հանդիպումն էլ եղել է աշխատանքային եւ պաշտոնական այց Ռուսաստան, Հայաստանի նոր վարչապետը դեռ չի կատարել եւ դեռեւս պարզ չէ, թե երբ է սպասվում:
Պուտինի հետ երկրորդ հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ ֆուտբոլի առիթով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց միջեւ ձեւավորվել է անկեղծ, ազնիվ հարաբերություն:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ ձեւավորվեց նոր կառավարություն, ակնառու էր այդ կառավարությանը հայ-ռուսական հարաբերության թեմայով ընդդիմախոսելու հին համակարգի փորձը, այն շեշտադրումով, որ Պուտինը «մերժում» է Նիկոլ Փաշինյանին, հայ-ռուսական հարաբերությունը վտանգվում է, իսկ դա հղի է նրանով, որ Մոսկվան Հայաստանին կպատժի Ադրբեջանով:
Զուտ ներքին խնդիրների եւ հարաբերությունների տրամաբանության տեսանկյունից հասկանալի է, որ նոր կառավարությանը ընդդիմախոսելու համար ընտրվում էր այդ բավական նուրբ թեման: Քաղաքական լայն համատեքստում սակայն հարցերի այդօրինակ շեշտադրումը փոքր ինչ պարզունակ է եւ մակերեսային, առնվազն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ առաջին հերթին նաեւ Մոսկվայի համար պարզ դարձավ թե Հայաստանի մասով, թե ռեգիոնալ քաղաքականության խորքային տապալումն ու սնանկությունը:
Այդ իմաստով, բովանդակալից քաղաքական երկխոսության մասին Պուտինի գնահատականի ժամանակային տարածությունը թերեւս 2016-ի քառօրյայից հետո ընկած ժամանակահատվածն է, որը հայ-ռուսական հարաբերության խորքային եւ բարդ տրանսֆորմացիայի ժամանակահատված է:
Այստեղ չափազանց կարեւոր է դառնում Պուտինի մակարդակը: Դրանից ցածր իրավիճակը վառվում է թե ներքին կյանքում, թե արտաքին հարաբերություններում, այդ թվում Հայաստանի ու Կովկասի մասով:
Առիթ ունեցել եմ այդ մասով նշելու, որ խնդիրը բարի թագավորի եւ վատ պալատականների տիրույթում չէ: Պարզապես խնդիրներն ու հեռանկարները այլ կերպ է ընկալվում Պուտինի մակարդակում՝ պատասխանատվության դրա շրջանակի բերումով, եւ այլ կերպ՝ ավելի ներքեւներում՝ դարձյալ արդեն ավելի նվազ եւ բնույթով տարբեր պատասխանատվության շրջանակի բերումով:
Մի բան ակնառու է, որ Հայաստանը թե Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում էր պարտվում այդ ցածր մակարդակում՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, թե պարտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում: Պատճառներն այստեղ բազմաթիվ են ու բազմազան, եւ այդ իմաստով թերեւս հետաքրքիր միտք էր արտահայտել նախագահ Արմեն Սարգսյանը, ռուսական Վեստիին տված հարցազրույցում, ասելով, որ շատ ցածր է Ռուսաստանում հայկական մեծաթիվ սփյուռքի ներկայացվածության որակը:
Քանակական, ռեսուրսային ծավալի առումով Հայաստանը միշտ զիջելու է Թուրքիային ու Ադրբեջանին, եւ միակ ելքը որակապես ավելի ներկայանալի համայնքի ձեւավորումն է: Իսկ դա անշուշտ բարդ խնդիր է, որ պահանջելու է ռեսուրս եւ ժամանակ:
Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության առանցքային կետը շարունակելու է մնալ Պուտինի դիմացի բազկաթոռը: Այդ կետում է թերեւս հնարավոր հայ-ռուսական բովանդակալից երկխոսություն, որի հնարավորությունը հայկական զինուժն ու հանրությունը տվեցին ապրիլյան քառօրյայից հետո: Քաղաքական նախկին իշխանությունը դա օգտագործեց հարաբերական արդյունավետությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի համար գլխավոր խնդիրը նաեւ իշխանական պլաններն էին:
Խոշոր հաշվով, ներկայում այդ խնդիրն է լուծում նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն այլ տրամաբանությամբ՝ նա ունի ազնիվ ու անկեղծ հարաբերությունից բացի, փոխադարձ վստահություն ձեւավորելու խնդիր, ինչը բարդացնում է եւ այն, որ Պուտինի մակարդակով անվստահություն առաջացնելու վրա աշխատում են թե Ադրբեջանը, թե Հայաստանի ներքին մի շարք շրջանակներ:
Նիկոլ Փաշինյանը մի կողմից պետք է կարողանա բովանդակալից երկխոսություն ապահովել, մյուս կողմից չեզոքացնել ականները, որ դրվում են ներսից ու դրսից պարբերաբար: Դա էլ արվում է Ադրբեջանի ռազմական շանտաժի ուղեկցությամբ, ինչն առավել բարդացնում է խնդիրը: Դրանով է թերեւս բացատրվում, որ նոր իշխանությունը բավական ինտենսիվ է աշխատում ռուսական ուղղությամբ, թվում է թե անտեսելով Արեւմուտքը կամ այլ ուղղություններ:
Դա իսկապես այդպես է, սակայն թերեւս ոչ թե անտեսելով, այլ հենց այդ ուղղություններով աշխատանքի համար երաշխիքների դաշտ ապահովելով, որովհետեւ ներկայում իրադարձությունների զարգացումը պահանջում է օպերատիվ միջոցառումներ, մասնավորապես ադրբեջանական շանտաժին հակազդելու մասով, իսկ օպերատիվ տրամաբանության ռեժիմում այստեղ աշխատանքի ներքին դաշտին ուգահեռ, արտաքին մասով հիմնական դաշտը Ռուսաստանն է, եւ դա անկասկած գիտակցում են նաեւ Արեւմուտքում նրանք, ովքեր Կովկասի անվտանգության եւ կայունության խնդրին մոտենում են պատասխանատվությամբ:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր