Ես վստահ չեմ, որ քաղցկեղը վերջնականապես կվերացվի.Անհնար է հաղթել քաղցկեղը. Նոբելյան դափնեկիր
Անհնար է հաղթել քաղցկեղը, կարելի է միայն վերահսկել այդ հիվանդությունը, հավաստիացնում է քիմիայի Նոբելյան դափնեկիր Արիե Վարշելը։
Նրա հայտնագործություններն ընկած են հակաքաղցկեղային դեղամիջոցների ստեղծման դեղագործական մի քանի մեթոդների հիմքում, բայց նա թերահավատորեն է գնահատում քաղցկեղը լիովին հաղթահարելու մարդկության հեռանկարը։ Գիտնականը կասկածում է, որ առհասարակ հնարավոր է հաղթել քաղցկեղը։
Նրա խոսքով՝ դժվարությունները, որոնց այսօր բախվում են ուռուցքաբանները քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում, դեռեւս անհաղթահարելի են գիտության համար, եւ առայժմ չկա որեւէ հիմք՝ մտածելու, որ այդ պատնեշները կհաղթահարվեն տեսանելի ապագայում։
«Ես կարծում եմ, որ այդ օրը երբեք չի գա։ Կլինեն մեծ հաջողություններ, իհարկե, թերապիայի նոր տեսակներ, նոր դեղամիջոցներ, բայց խնդիրները հիմնականում կշարունակեն գոյություն ունենալ։ Ես վստահ չեմ, որ քաղցկեղը վերջնականապես կվերացվի»,- ասել է Վերշելը։
Նա ուշադրություն է դարձրել վերջին տարիների միտմանը. երբ քաղցկեղի բուժման ոլորտում ինչ-որ ձեռքբերում է նկատվում, դա ներկայացվում է որպես մի ինչ-որ բազմախոստում բան։ Բայց հետո, նկատել է նա, սկսվում են հետազոտություններ, փորձեր, դրանց հետ միասին՝ նաեւ խնդիրներ։ Քաղցկեղի ուռուցքը գոյատեւելու եւ դիմակայելու մեխանիզմ ունի, որն այսօր անհնար է կոտրել։
«Հաստատ ոչ հաջորդ տարի»,- այսպես է ասել Վերշելը քաղցկեղի դեմ դեղամիջոցի ստեղծման հնարավորության մասին ռուս լրագրողների հետ զրույցում։
Միեւնույն ժամանակ, հավելել է Նոբելյան դափնեկիրը, քաղցկեղի դեմ պայքարի բնագավառում իսկապես զգալի հաջողություններ կան։ Նա համոզված է, որ ապագայում հիվանդությունը կարելի կլինի վերահսկել շատ ավելի լավ, քան դա արվում է այսօր։ Արիե Վերշելի խոսքով՝ այսօր համակարգչային ծրագրերը թույլ են տալիս կանխատեսել, թե ինչպես իրենց կպահեն քաղցկեղի առաջացման վրա ազդող սպիտակուցները. դեռեւս վերջերս բժիշկները նման հնարավորություն չունեին։