«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

03 հուն 2019 15:59

Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը.Որ շարքին կպատկանի Փաշինյանը՝ «երկարակյացների՞», թե՞ «ժամանակավորների»

Այս հարցի վերաբերյալ հայաստանյան և միջազգային դիտորդների կարծիքները բաժանված են երկու մասի:
Դիտորդների մի մասի կարծիքով թե՛ Հայաստանում և թե՛ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանին համարում են «ժամանակավոր» կառավարիչ: Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ անցած դեկտեմբերի 9-ի ընտրություններում Փաշինյանը հիմնավոր հաղթանակ արձանագրեց, և այն ընդունվեց հանրության մեծ մասի կողմից: Փաշինյանի «ժամանակավոր» լինելու թեզը հիմնավորում են նրանով, որ նա պետական կառավարման փորձչունի և իր իշխանությունը ձևավորել է «մեծերի մանկապարտեզի» մոդելով, ինչը երկարաժամկետ հեռանկար չի կարող ունենալ: Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի մարտահրավերներին Փաշինյանն ու իր թիմը հաստատ չեն կարող արժանապատիվ լուծումներ տալ։
Դիտորդների մյուս մասի կարծիքով Փաշինյանին այլևս ոչինչ չի խանգարելու երկրում հաստատել անձիշխանություն: Գործադիրն իր ձեռքում է, օրենսդիրը՝ նույնպես, մնացել է լուծել միայն դատական իշխանության հարցը, որը Փաշինյանի համար ժամանակի հարց է լինելու միայն։
Նույնիսկ երբ հայտնի էյֆորիան երկրում շեշտակի նվազի, միևնույն է, նշում են նրանք, Փաշինյանի դիրքերը ոչ ոք չի կարողանա սասանել՝ օրինակ բերելով Սերժ Սարգսյանի փորձը: Եթե ցածր հանրային լեգիտիմություն ունեցող Սերժ Սարգսյանին հաջողվեց կառավարել երկիրը 10 տարի, ապա ի՞նչն է խանգարելու Փաշինյանին կառավարել նույն ժամկետով։
Իմ կարծիքով ճշմարտությունն, ինչպես միշտ, գտնվում է այս երկու տեսակետի արանքում, և Փաշինյանի՝ ժամանակավոր լինելու մասով ոչինչ նախօրոք կանխորոշված չէ: Փաշինյանի ճակատագիրը կախված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը կառավարել տաս տարի, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նրա ժամանակ հասարակությունը «քնած էր» և չէր հավատում, որ ինքնուրույն կարող է փոխել իր ճակատագիրը, մինչդեռ այսօր մենք ունենք «արթնացած» հասարակություն, ով մի անգամ տեսել է, որ կարող է փոխել իշխանությունը, և նույնը կանի, եթե տեսնի, որ Փաշինյանը շեղվում է իր խոստացած գլխավոր ուղենշից:
Գամսախուրդիան ժամանակին նույնպես շռնդալից հաջողություն արձանագրեց ընտրություններում, սակայն ընդամենը 7 ամիս անց կորցրեց իշխանությունը: Նույնը կատարվեց Էլչիբեյի հետ: Այնպես որ, էյֆորիկ մթնոլորտում ընտրություններում հաջողություն արձանագրելը երաշխիք չի տալիս հանգիստ կառավարելու համար:
Ավելին՝ բոլոր հեղափոխական կառավարիչների քաղաքական կյանքը երկար չի տևել:
Գամսախուրդիան կառավարել է 7 ամիս, Էլչիբեյը՝ մեկ տարի, Շուշկևիչը Բելառուսում կառավարել է 3 տարի: Կրավչուկը Ուկրաինայում կառավարել է նույնպես 3 տարի: Բակիևը Ղրղզստանում կառավարել է 5 տարի, Վալենսան Լեհաստանում՝ նույնքան:
Ամենաերկարակյաց հեղափոխական գործիչներն են եղել Ելցինը Ռուսաստանում (կառավարել է 8 տարի), Սաhակաշվիլին՝ Վրաստանում (8 տարի), և Տեր-Պետրոսյանը (7 տարի):
Որ շարքին կպատկանի Փաշինյանը՝ «երկարակյացների՞», թե՞ «ժամանակավորների»՝ կախված է իր քայլերից և հանրության հակազդեցությունից: Պարզ է մեկ բան՝ վերը նշված հեղափոխական գործիչներից ոչ մեկն իր երկիրը կայուն և երկարատև զարգացման հիմքի վրա չի դրել: Նրանք ասպարեզ են բերել նոր մոտեցումներ, որոնց հիման վրա էլ նրանց փոխարինողներն իրենց երկրների երկարաժամկետ զարգացման հիմքերն են դրել:
Կվասնևսկին Վալենսայից հետո Լեհաստանը կառավարեց 10 տարի: Շևարնաձեն Գամսախուրդիայից հետո կառավարեց 10 տարի: Կուչման Կրավչուկից հետո կառավարեց 10 տարի Ուկրաինան, Ալիևները Էլչիբեյից հետո մինչ այսօր կառավարում են Ադրբեջանը՝ մոտ 26 տարի: Պուտինը Ելցինից հետո մինչ այսօր կառավարում է Ռուսաստանը՝ մոտ 20 տարի, Լուկաշենկոն Շուշկևիչից հետո մինչ այսօր կառավարում է Բելառուսը՝ մոտ 25 տարի, Քոչարյանը Տեր-Պետրոսյանից հետո 10 տարի կառավարեց Հայաստանը:
Այս օրինաչափությունը ցույց է տալիս, որ հեղափոխական գործիչների քաղաքական կյանքը սովորաբար երկար չի տևում՝ ի տարբերություն հետհեղափոխական գործիչների, որոնք ավելի երկար քաղաքական կյանք են ունենում:
Այս ամենի պատճառը նրանց տարբեր առաքելություններն են: Հեղափոխականներն ավելի շատ զբաղված են լինում հինը քանդելով՝ անկեղծ համոզված լինելով, որ հինը քանդելով ավտոմատ կսկսի կառուցվել նորը: Սակայն այդպես չի լինում, և կարճ ժամանակահատվածում հասարակությունները հոգնում են ցնցումներից ու պառակտումներից, և առաջ է գալիս նոր հիմքի վրա կայուն զարգացման պահանջը: Իսկ հեղափոխականները սովորաբար այդ խնդրի լուծմանը պատրաստ չեն լինում:
Պարզապես հեղափոխականների մի մասն արագ է քաղաքական արժեզրկման ենթարկվում, իսկ մյուս մասը՝ դանդաղ: Իսկ դա արդեն կախված է լինում այլ հանգամանքներից:
Մեր պարագայում նույնպես ոչինչ կանխորոշված չէ: Եվ որքանով ժամանակավոր կլինի Փաշինյանը՝ կախված է, միաժամանակ, և՛ իր քայլերից, և՛ հանրությունից:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր