2-ից մինչև 50 վարձու աշխատակից ունեցող որոշ ընկերությունների միանվագ դրամաշնորհ կտրամադրվի
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը։ Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը փոքր բիզնեսին է վերաբերում: Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսավարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:
Այսպիսով՝ միջոցառման շահառու են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:
Նախարարը պարզաբանեց, որ միանվագ օգնության չափը որոշվելու է ըստ առաջարակության, յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով ուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է: «Օրինակ՝ եթե կազմակերպությունն ունեցել է մեկ աշխատակցի հաշվով 150 հազար դրամ և ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ, քսանը կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ը՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչև հինգ աշխատկից ստացողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով ասում են, որ այն ընկերություններին, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել աշխատողների, ստանում են պետության կողմից դրամաշնորհ: