Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 սեպ 2020 12:35

Բացահայտվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի հանցակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, ինչպես նաեւ կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։


Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:


Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երեւան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաեւ 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։


2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր