Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

23 հոկ 2020 12:38

Կանխատեսումները կարծես թե մոտ են իրականություն դառնալուն՝ ռուս-թուրքական պատերազմն արդեն ուրվագծվում է

Ռուս-թուրքական նոր պատերազմի, Թուրքիայի մասնատման և աշխարհի քաղաքական քարտեզից վերանալու մասին Հույն Ուղղափառ եկեղեցու նորագույն սրբերից մեկի` ազգությամբ հույն Պաիսիոս Աթոսացու (1924-1994թթ) մարգարեությունները, ինչպես նաև մեկ այլ սրբի` Հովսեփ Վատոպեդացու մարգարեական կանխատեսումները կարծես թե մոտ են իրականություն դառնալուն:

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին օգնելու համար զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին: Թուրքիան «առանց երկմտելու» զինվորներ կուղարկի և ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, եթե Բաքվից նման խնդրանք ստացվի, Reuters-ի տեղեկացմամբ, հոկտեմբերի 21-ին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և հավելել, որ մինչ այժմ Ադրբեջանի կառավարությունից նման խնդրանք չի ստացվել: Առայժմ…

Այս հայտարարությունը Թուրքիայի փոխնախագահն արել է «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Օքթայը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար և ղեկավարվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից: Ըստ նրա, խումբը փորձում է չլուծված պահել Ղարաբաղի հարցը և աջակցում է Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով:

Թուրքիայի փոխնախագահն ասել է նաև, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինված հակամարտության վերսկսման սկզբից «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի, և մեր նախագահը` առավել ևս»:

Հիշենք, որ մոտ 2 շաբաթ առաջ էլ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպն էր «ՌԻԱ Նովոստի»-ին ասել, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապատկերին Ադրբեջան թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:

Ընդգծենք, որ Թուրքիան արդեն իսկ, առանց երկմտելու, զինվորականներ է ուղարկել ու տարաբնույթ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, մասնավորապես, տրամադրել ու տրամադրում է հետախուզական տեղեկություններ, ռազմական խորհրդատուներ, մասնագետներ, Թուրքիայի ռազմական ավիացիան է մասնակի աջակցություն ցուցաբերում և այլն:

Ինչպես արդեն նշել ենք, «Կոմերսանտ»-ի ռազմա-դիվանագիտական ​​աղբյուրների ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Խոսքը 600 ռազմական անձնակազմի մասին է, ներառյալ` 200 հոգուց բաղկացած գումարտակային մարտավարական խումբը, 50 հրահանգիչները Նախիջևանում, Բաքվում 90 ռազմական խորհրդականները (նրանք ռազմական գործողությունների ժամանակ կապ են ապահովել բրիգադ-կորպուս- գլխավոր շտաբ շղթայում), 120 թռիչքային անձնակազմը Գաբալայի ավիաբազայում, Դալլյարի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները, Եվլախի օդանավակայանում 50 հրահանգիչները, 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) 50 հրահանգիչները և 20 հոգին ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում:

Այս խմբավորումը ներառել է հետևակի 18 մարտական մեքենա, համազարկային կրակի մեկ ռեակտիվ համակարգ, տասը ավտոմեքենա և մինչև 34 միավոր ավիատեխնիկա (ներառյալ` 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում»:

Բացի վերը նշվածից, Թուրքիան հայերիս դեմ կռվելու համար Սիրիայից, Լիբիայից հազարավոր ահաբեկիչների, վարձկանների է տեղափոխել Ադրբեջան, հետևաբար Թուրքիայի փոխնախագահն իր վերոնշյալ հայտարարությամբ նկատի ունի պատերազմին Թուրքիայի արդեն լայնածավալ մասնակցությունը, այսինքն` Արցախ հետևակ, զրահատանկային, հրթիռահրետանային, դեսանտային զորքեր և, իհարկե, ավելի մեծաքանակ ռազմական ավիացիա ուղարկելը: Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ դա հանգեցնելու է պատերազմում Ռուսաստանի ներգրավմանը և այն տարածաշրջանային մեծ պատերազմի վերածելուն:

Ռուսաստանից արդեն կան առաջին արձագանքները Ֆուաթ Օքթայի վերոնշյալ հայտարարության առնչությամբ: Այսօր Ռուսաստանի Դաշնության սենատոր, պետական և հասարակական գործիչ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը: Պուշկովը «Twitter»-ի իր էջում գրել է.

«Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման ու միջազգայնացման կհանգեցներ և կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»:

Դժվար է ասել, թե ինչ է նկատի ունեցել Պուշկովը` նշելով «անցյալի ուրվականների վերածննդի մասին», միգուցե ռուս-թուրքական նոր պատերազմի բռնկո՞ւմը…

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հիշյալ հայտարարությունը, ասել է.

«Բոլորին հայտնի է, որ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան ուղղակիորեն մտավ Անդրկովկաս, որ այն կռվում է Ադրբեջանի կողմից, Նախիջեւանը փաստացի գտնվում է թուրքական օկուպացիայի տակ, թուրքական զորքերը տեղակայված են Ադրբեջանի տարբեր հատվածներում: Թուրքիան չի պատրաստվում լքել Ադրբեջանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր Twitter-ում ցինիկաբար գրել էր. «Մենք Ղարաբաղում կռվող Թուրքիայի քաղաքացիներ չունենք, քանի որ նրանց բոլորին Ադրբեջանի քաղաքացիություն է տրվել»: Իսկ այժմ Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Եթե ​​նախկինում նրանք ինչ-որ կերպ փորձում էին քողարկել, ապա այժմ բացահայտ են գործում: Անկարան հայտարարում է զորք տրամադրելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն խնդրի: Թուրքական զորքերն արդեն Ադրբեջանում են: Բաքուն պաշտոնապես խնդրում եւ օրինականացնում է թուրքական զորքերի ներկայությունն Ադրբեջանում»:

Ընդգծենք, որ դեռ չանդրադառնալով պատերազմին Թուրքիայի անմիջական ու լայնածավալ մասնակցության վերաբերյալ հիշյալ հայտարարությանը, նկատի ունենալով միայն ահաբեկիչների` տարածաշրջանի այլ երկրներ ու Ռուսաստան ներթափանցման վտանգը, ՌԴ Պետ​​դումայում արդեն սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին: Մոսկվան ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

NSN- ին տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թեև ասել է, որ վստահ չէ, թե Մոսկվան չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընթացող հակամարտությունում ինչպես պետք է վարվի, սակայն հնարավոր է համարել Ռուսաստանի դեսանտային օպերացիան:

Ընդ որում, ինչպես գրել է «Segodnya.ru»-ն, պատգամավորն օգնության մի քանի տարբերակի մասին է խոսել. Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով, ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական` ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով, օդային շրջափակումը բացելու միջոցով: Զատուլինն այսպիսով թվարկել է Մոսկվայի միջամտության հնարավոր ուղիները:

«Մենք անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է հստակ բացատրենք, և անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան,- ասել է Կոնստանտին Զատուլինը:- Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»:

Պատգամավորը շեշտել է, որ ուժի նման օգտագործումը հարկադրված կլինի, քանի որ Ղարաբաղում իրավիճակի առավել սրման հետևանքով զինյալները «կտարածվեն Կովկասով մեկ», ինչից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մնացած բոլորը: «Սպառնալիք կա հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը»,- հավելել է նա:

Զատուլինի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են խաղաղությունը տարածաշրջանում, սրել իրավիճակը` ռազմական ռեվանշի հասնելու համար, հետևաբար նրանց պետք է հիշեցնել, թե որ երկիրն է գերիշխողը հետխորհրդային տարածքում:

Բացի վերոնշյալից, Զատուլինը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ հակամարտությունը չունի դիվանագիտական ​​լուծում Ադրբեջանի գործողությունների պատճառով: Ինչպես արձանագրել է պատգամավորը, բանակցային գործընթացը փաստացի չի շարժվում առաջ` չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է խաղալ հասարակության առջև. կողմ է հանդես գալիս բանակցություններին, հայտարարում է ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամության մասին, սակայն միաժամանակ շարունակում է հարձակումը և «կուլիսներում անընդունելի պահանջներ է առաջադրում»:

Առաջիկա հրապարակմամբ կներկայացնենք, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ քայլեր են կատարում, որպեսզի պատերազմում ընդգրկվի նաև Թուրքիան:
Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր