Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 հուն 2021 14:18

Կարևոր իրադարձությունները դեռ առջևում են.Անկարան սկսում է նոր «հայկական խաղ»

«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վերլուծաբանի հոդվածը. 

«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ինտրիգային հայտարարություն է արել: Առաջին սցենարն այն է, որ, ըստ նախարարի, «Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը վերջապես թույլ կտա Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», և որ «Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը չի խախտի հրադադարի ռեժիմը»:

Սա Երևանի հետ կապված Անկարայի նոր դիրքորոշումն է: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել էր իր կողմից առաջադրված «վեցյակի հարթակի հետ» (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան և Հայաստան)՝ «իրավիճակը կայունացնելու և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»: Բայց սա պահանջում է զգալի դիվանագիտական ջանքեր և ժամանակ: Այլ հարց է նախ հասնելը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մակարդակին, մանավանդ, որ հեշտ չի լինի հասնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի կետերից մեկի իրագործմանը, որը նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության միջանցքի ստեղծում` առանց Երևանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման:

Երկրորդ սյուժեն այն է, որ Անկարան սկսում է Հայաստանի հետ իր հարաբերությունները  կարգավորել Եվրամիության հետ համագործակցության համատեքստում: Ինչպես գիտեք, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Փարիզը սատարում էր Երևանին, բայց Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը ոչ թե պատերազմի ընթացքում, որը կարող էր փոխել իրավիճակը, այլ դրա ավարտից հետո: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվեց հետևել այս բանաձևին, որը դրական կերպով ընդունվեց ինչպես Անկարայում, այնպես էլ Բաքվում: Ավելին, ինչպես գրում է Le Figaro ֆրանսիական հրատարակությունը, «Փարիզը հրաժարվեց առաջատարի դիրքերից՝ ԵՄ այլ երկրներից պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը և նման կերպով ամրապնդեց Եվրամիության հավակնությունները՝ ձգտելով դառնալ աշխարհաքաղաքական գլխավոր խաղացող Հարավային Կովկասում»:

Մեծ հաշվով, Անկարան Փարիզից պահանջներ չունի այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ծագած խնդիրներին, ապա Անկարան դրանք համարում է «բավականին լուծելի»: Պատահական չէ, որ Չավուշօղլուն սկսեց ակտիվ ջանքեր գործադրել Ֆրանսիայի ուղղությամբ, հեռախոսազրույց ունեցավ իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ և պայմանավորվեց մշակել հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ: Բայց այստեղ կա մեկ կարևոր կապող նրբություն: Էրդողանը կարծում է, որ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծում՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցը: Անկարան վստահ է, որ վաղ թե ուշ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կրկին կսկսի աշխատել, իսկ Ֆրանսիան, որպես նրա համանախագահներից մեկը, դժվար թե չեզոք մնա:

Նման իրավիճակում Թուրքիան ակնկալում է «հայկական խաղաքարտը» խաղարկել այնպես, որ, ինչպես կարծում են եվրոպացի փորձագետները, «ազատվի Ռուսաստանից Անդրկովկասում և փորձի ԵՄ-ին կապել դրա հետ»: Գերմանական Deutsche Welle պարբերականը խորհուրդ է տալիս Անկարային քայլեր ձեռնարկել Երևանի ուղղությամբ, որոնք կարող են «փրկել ժողովրդավարական փորձը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության», որը կարող է «ներկայացվել որպես Պուտինի կառավարման մոդելի այլընտրանք և խոչընդոտ ռուսամետ քաղաքական ուժերի իշխանության գալու համար»:

Ըստ արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) փորձագետ Անդրաշ Ռաշի՝ հարկավոր է հակադրություն որոնել այն փաստի դեմ, որ «խաղաղապահներ ուղարկելով Ադրբեջան և պահպանելով այն, ինչ մնում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վերահսկողության տակ, Ռուսաստանը լծակներ է ձեռք բերում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի նկատմամբ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղի այն հատվածը, որը մնացել է Բաքվի վերահսկողությունից դուրս»:

Այսինքն՝ Թուրքիային առաջարկվում է գործողությունների որոշակի սցենար, որը նա պետք է փորձի իրագործել մինչև մարտի 30-ը՝ ԵՄ կողմից նրա դեմ նոր պատժամիջոցների սահմանման օրը, ելնելով այն փաստից, որ Բրյուսելը չի համարում «Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ Անդրկովկասում հաստատված դաշինք», նրանք դա անվանում են պարզապես «մեկանգամյա գործընկերություն՝ հիմնված ընդհանուր մարտավարական շահերի վրա»:

Իսկապես, Անկարան Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կողմերից չէ: Եվ Էրդողանը սկսել է սակարկել: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին բանակցությունների ընթացքում նա բարձրացրեց նշաձողը, այն է՝ վերափոխել միգրացիոն համաձայնագիրը, թարմացնել մաքսային միությունը ԵՄ-ի հետ, ապահովել անայցագրային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առնչությամբ և վերականգնել փոխվստահությունը:

Միևնույն ժամանակ, Անկարան հասկանում է, որ Բրյուսելը դժվար թե ընդունի առաջարկվող պայմաններն ամբողջությամբ: Վերջերս Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության նախագահի թեկնածու Ֆրիդրիխ Մերզը առաջ քաշեց ԵՄ-ի և Թուրքիայի հնարավոր հարաբերությունների ծրագիր՝ «առանց Միության լիիրավ անդամության իրավունք ստանալու»: Դրանք ներառում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Լոնդոնի և Բրյուսելի կողմից ստորագրված առևտրի և համագործակցության համաձայնագրի կնքումը, աստիճանաբար հրաժարումը պատժամիջոցներից Թուրքիայում գտնվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում գազի հանքավայրերի մշակման աշխատանքներին: 

Տարասովը նկատում է, որ թերևս այս փուլում սա կարող էր «ձեռք տալ» Անկարային: Բայց ոչ ամբողջությամբ, քանի որ այն խաղում է այլ մակարդակում և տարբեր վայրերում՝ ցույց տալով Բրյուսելին, ինչպես ասել է շվեյցարացի մի դիվանագետ, «Հարավային Կովկասը կորցնելու ռիսկերն ու սպառնալիքները»:

Շատ բան դեռ առջևում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա հարցը բաց է, «հավաքական Արևմուտքը» ցանկություն ունի տապալել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագիրը, դեպի իր կողմը քաշել Թուրքիային, իրադարձությունների համատեքստում ներկայացնել «հայկական քարտը» ավելի լայն աշխարհաքաղաքական տիրույթում՝ Մերձավոր Արևելքում պրոյեկցիայով՝ իր կողմից ավելացված տուրբուլենտությամբ: Միգուցե Անկարան ձգտում է արագորեն կարգավորել իր հարաբերությունները Երևանի հետ հենց այն նպատակով, որ խուսափի հնարավոր զինված բախումներից՝ Անդրկովկասի չորրորդ ճակատը փակելու համար՝ Սիրիայից, Լիբիայից և Միջերկրական ծովից հետո:

Այսպիսով, կարևոր իրադարձությունները դեռ առջևում են: Անկարան սկսում է նոր «հայկական խաղ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր