Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 հուն 2021 10:00

Ընտրությունների արդյունքում ամեն ինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ նոր փուլ է սկսվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ հայաստանյան ներքաղաքական կյանքը ծայրահեղ բևեռացված է։ Նախընտրական քարոզարշավը ևս ցույց տվեց, որ հանրության տարբեր հատվածների միջև 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից գծված բարիկադներն ավելի են ընդլայնվում։ Ու դժվար չէ չտեսնել, թե ինչպես կարող է քաղաքական գործիչների վարմունքը վարակիչ դառնալ հասարակ քաղաքացիների համար։ Պատահական չէ, որ ինչպես վիրտուալ տիրույթում, այնպես էլ համացանցից դուրս մարդիկ անխնա վիրավորում ու հայհոյում են միմյանց, թշնամանում իրար հետ, հարաբերություններ խզում հենց միայն նրա համար, որ աջակցում են այս կամ այն ուժին կամ քաղաքական գործչին։

Պատահական չէ, որ երեք տարի շարունակ ԶԼՄ-ները, մեծ թվով փորձագետներ ահազանգեր էին հնչեցնում ատելության և թշնամանքի գեներացման վտանգի մասին՝ նշելով, որ երկրի քաղաքական դաշտն ու հասարակությունն ընդհանրապես այդպիսով սահուն անցում են կատարում դեպի առճակատման և բախումների։ Իսկ թե ինչ ուղղությամբ կպարպվի հանրային մթնոլորտում կուտակված թշնամանքի այս դոզան, մեծապես կախված է հետընտրական վերադասավորումներից և քաղաքական ուժերի պահվածքից։ Մի բան պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է անցնեն քաղաքական խոսույթի առողջացման։ Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերի մրցակցությունը տեղի ունենա գաղափարական և քաղաքական հարաբերությունների մակարդակում։ Իսկ եթե ուզում ենք անցում կատարել կառուցողականության և կանխատեսելիության դաշտ, ապա հարկավոր է քաղաքական պրակտիկայում հրաժարվել անձնական վիրավորանքներից, զրպարտություններից ու պիտակավորումից։

Այս առումով Նիկոլ Փաշինյանի թիմը դեռևս շարունակում է մնալ նախընտրական «մուրճային» էյֆորիայի մեջ և պյուռոսյան «հաղթանակից» հետո հոխորտում ու սպառնում են այլ ուժերի, նրանց բառապաշարը շարունակում է մնալ փողոցային մակարդակի ու բացառապես ընդդեմի տիրույթում: Ընդդիմության դիրքորոշումը դեռևս վերջնական պարզ չէ, ըստ ամենայնի, այսօր առավել հստակ կդառնա: Ճիշտ է, «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է ՍԴ դիմելու որոշման մասին, սակայն ամբողջական մոտեցումները դեռևս նոր պետք է ներկայացվեն: Այդուամենայնիվ, հենց միայն ՍԴ դիմելու հանգամանքը խոսում է պայքարը քաղաքական և իրավական հարթության մեջ լուծելու վճռականության մասին, ինչը չենք կարող ասել Նիկոլ Փաշինյանի թիմի մասին:

Այնինչ, այս հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են իշխանությունները, որոնք իրենց քաղաքական ուղեգիծը կառուցել են ոչ թե ապագայի ծրագրերի, այլ անցյալը մերժելու ու նախկինների ուղղությամբ ցեխ շպրտելու հիմքի վրա, բացառապես հայհոյանքի, սպառնալիքների, թշնամանքի հողի։ Եթե քաղաքական բառապաշարում, քաղաքական հարաբերություններում փոփոխություններ չլինեն, ապա թշնամանքը ավելի մեծ ուժով է շարունակելու քամել մեր հասարակության ներուժը՝ արտաքին վտանգի առաջ առավել խոցելի դարձնելով մեր պետականությունը։ Ընդ որում, ընտրությունների արդյունքում ամեն ինչ չի ավարտվում, դեռ ընդհակառակը՝ նոր փուլ է սկսվում, որի ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու։ Առավել ևս, այնպիսի ընտրություններով ու ընտրությունների այնպիսի ընթացքով ու արդյունքներով, որոնք ունեն լեգիտիմության աննախադեպ դեֆիցիտ:

Վերջապես պահն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը խելքները գլուխները հավաքեն, վերջ տան հիստերիաներին ու ղժղժոցներին, զերծ մնան վրեժխնդիր լինելու, վենդետաներ կազմակերպելու հայտարարություններից, հասարակությանը նոր պառակտումների տանելու իրենց սիրելի գործելաոճից։ Ի վերջո, երեք տարի շարունակ նրանք սրանով են զբաղվել, իսկ ծանրագույն արդյունքները հայտնի են։ Առավել ևս, որ պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ այս ընտրությունները կապ չունեն ո՛չ ժողովրդի վստահության, ո՛չ էլ հանրության տրամադրությունների հետ: Իրականությունն իրենք էլ գիտեն, ու դա իրենց օգտին չէ:

Այնպես որ, օդերով սավառնել պետք չէ, իսկ ինքնախաբեությունը կարող է ոչ միայն վերջնական հարված լինել այդ ուժին, այլև շարունակել նորանոր փորձանքներ բերել մեր երկրին: Ընդդիմության դիրքորոշումը ևս առանցքային նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական միավորները իրենց ներուժը կենտրոնացնեն իշխանությունների սանձերն իրենց ձեռքում պահելու ուղղությամբ, ընդ որում, երբեք չտեղափոխվելով Նիկոլի էժանագին մեթոդների՝ շրիշակից ցածր դաշտ, մնալով բացառապես գաղափարականության, հետևողականության ու քաղաքակրթության հարթության մեջ, ինչպես անցկացրել են քարոզարշավը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր