Քաոս Աֆղանստանում. Հուսահատ աֆղանցիները սկսել են գրոհել օդանավակայան, դատարկ դեսպանատներ

Մարդիկ սկսել են «գրոհել» մայրաքաղաքում գտնվող օտարերկրյա դեսպանատների շենքերը, քանի որ լուրեր էին տարածվում վիզաների տրամադրման կամ գոնե մինչեւ օդանավակայան անվտանգ հասնելու մասին:
Ըստ սոցցանցերի չհաստատված հաղորդումների՝ մի քանի մարդ զոհվել է, քանի որ ամերիկյան բանակը եւ թալիբները պայքարում էին ոչ պաշտոնական նեյտրալ գոտու իրենց կողմերում հուսահատ ամբոխին զսպելու համար:
«Ես երեխաների եւ ընտանիքի հետ գնացի օդանավակայան… թալիբներն ու ամերիկացիները կրակում էին»,- ասել է տղամարդը, ով մինչեւ վերջերս աշխատում էր օտարերկրյա հասարակական կազմակերպությունում: «Չնայած դրան, մարդիկ շարունակում էին առաջ շարժվել (ներս մտնելու համար), քանի որ գիտեին, որ օդանավակայանից դուրս նրանց մահից ավելի վատ վիճակ է սպասվում»:
Հանգստյան օրերից հետո, երբ թալիբները առանց դիմադրության ներխուժեցին մայրաքաղաք երկշաբաթյա կայծակնային հարձակումից հետո, որը վերջ դրեց շարունակվող 20-ամյա ապստամբությանը, քաոսային վիճակ է տիրում:
Ծանր լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես են մարդիկ հուսահատորեն փորձում են նստել ցանկացած մեկնող ինքնաթիռ, նույնիսկ փորձում են բարձրանալ ամերիկյան ռազմական Hercules-ը:
Կարգուկանոնը փոքր-ին վերականգնվեց, բայց հազարավոր մարդիկ հայտնվեցին թալիբների եւ ամերիկյան զորքերի արանքում՝ կառչած մնալով ներս մտնելու եւ տարհանվելու անիրական հույսից:
Շատերն արտասահման մեկնելու վիզաներ ունեն, եւ նրանք ասում են, որ իրենց տարհանում են խոստացել, բայց նրանք պարզապես չեն կարողանում ներս մտնել:
«Ես խոսեցի իմ ընկերոջ հետ, ով այնտեղ է, եւ նա նամակ ունի Իսպանիայից, որում ասվում է, որ նա կարող է մեկնել նրանց հետ, բայց երբ նա փորձել է մոտենալ դարպասին, նրանք սպառնացել են, որ կրակեն,- AFP-ին ասել է տղամարդը:- Իսպանացիները նրան ասում են, որ եթե նա ներս մտնի, ամեն ինչ կարգին կլինի, բայց նա չի կարող ներս մտնել»:
Թալիբները պաշտոնական ուղեկցորդներ են տրամադրել որոշ օտարերկրյա դեսպանատներին, որոնք իրենց հետ վերցրել են ինչպես իրենց քաղաքացիներին, այնպես էլ աֆղաններին, եւ ամերիկացիները նրանց ներս են թողնում:
«Մարդիկ խփում էին ավտոբուսի պատուհաններին՝ փորձելով ներս մտնել,- ասել է կինը:- Մեզ ուղեկցող թալիբներն օդ կրակեցին՝ նրանց ցրելու համար»:
Հինգշաբթի դիվանագիտական անկլավի շուրջ հուսահատություն էր տիրում, քանի որ հազարավոր մարդիկ փորձում էին գրավել որեւէ մեկի ուշադրությունն այժմ մեծապես լքված դեսպանատներում:
Վաշինգտոնը հայտարարել է, որ թալիբները հրաժարվում են երկրից դուրս թողնել ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների հետ աշխատած աֆղաններին: