Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

09 հոկ 2021 10:30

Քաղաքացու հետ պետք է անկեղծ խոսել պատվաստումների, դրա ազդեցության և հակացուցումների մասին. «Փաստ»

Համաճարակն իր դիրքերը չի զիջում աշխարհում: Եկել-հասել ենք պատվաստումային փուլին: Ակնհայտ է դառնում, որ ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մեր երկրում ունենք պատշաճ իրազեկման և պատվաստումային գործընթացը կազմակերպելու խնդիր: Պոլիկլինիկաներում ու շրջիկ կետերում հերթեր են, վերջին օրերին՝ հատկապես Modernaով պատվաստվելու համար, նշվում է չինական պատվաստանյութի դեֆիցիտի մասին, ահազանգում են, որ բժշկական համայնքի որոշ ներկայացուցիչներ իրենք են քաղաքացիներին խորհուրդ տալիս չպատվաստվել:


Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ այս ամենում կազմակերպվածության հետ կապված խնդիր է տեսնում:


«Պատվաստելու հարցը դրվեց առաջնային օղակի վրա, բայց մոռանում ենք այդ օղակի ծանրաբեռնվածության մասին, իսկ սա հավել յալ աշխատանք է, հատկապես, երբ մարդը կարող է պատվաստվել ոչ թե իր պոլիկլինիկայում, այլ որտեղ ցանկանա: Օրինակ՝ ինքս հակված կլինեի, որ ստեղծվեին պատվաստման կենտրոններ, սա, իհարկե, հավել յալ ծախս էր ենթադրում: Այն, ինչը կապված է հավել յալ ծախսի հետ, փորձում են չանել: Ռուսաստանում, օրինակ՝ կային ամբուլատոր կովիդ ծառայություններ, այնտեղ առաջնային օղակներին չէին ծանրաբեռնում: Իսկ մենք ծանրաբեռնեցինք՝ առանց իրենց գիտելիք տալու, թողեցինք իրենց վրա այն ծանր դեպքերը, որոնք հոսպիտալիզացիայի էին ենթակա, բայց հիվանդանոցներում տեղ չկար, հետո նույնը արեցին նաև պատվաստման դեպքում: Չեմ կարողանում հարմարվել փողոցում՝ շրջիկ կենտրոններում պատվաստվելու մտքի հետ: Մեկ խոսքով ասած՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ մեր առողջապահության համակարգը կոլապսի մեջ է: Կարծում եմ՝ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի, գոնե մի մասը կարելի է կոլապսից դուրս բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:


Հարց է առաջ քաշում՝ ինչո՞ւ ստացվեց այնպես, որ շատերը որոշեցին պատվաստվել չինական պատվաստանյութով: «Որովհետև ասացին, որ չինականի ազդեցությունն ավելի քիչ է, այն ավելի անվնաս է, մարդիկ որոշեցին դրանով պատվաստվել: Սա էլ ինֆորմացիայի պակասի մասին է վկայում: Տեսե՞լ եք, որ որևէ մեկը՝ բժիշկ կամ համաճարակաբան, հեռուստատեսությամբ պարզաբանի, թե որ պատվաստանյութն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կազմ ունի, ինչ ազդեցություն, տեսե՞լ եք, որ որևէ մեկը խոսի հակացուցումների մասին: Իսկ դա շատ կարևոր է, մարդը պետք է իմանա հակացուցումների մասին, որ ամեն փոքր բանից չվախենա: Այս հարցերը պետք է գրագետ մատուցվեն մասնագետի կողմից, ոչ թե խոսի նախարարը: Նախարարը մասնագիտական կրթություն չունի, պետք է խոսի համաճարակաբանը, ինֆեկցիոնիստը: Կամ հիմա հերթեր են գոյացել Moderna-ով պատվաստվելու համար, որովհետև դա ստեղծել է Նուբար Աֆեյանը»,-նշում է մեր զրուցակիցը:


Հիմա նաև խոսվում է այն մասին, որ եթե չպատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով, ապա նրա բուժումը կլինի վճարովի: Ամեն դեպքում շրջանառվում են տեղեկություններ, որ առողջապահության նախարարությունը նաև այս տարբերակով է ցանկանում էլ ավելի մասշտաբային դարձնել պատվաստման գործընթացը՝ մարդկանց գրպանին հարվածելով:


«Սրա փոխարեն պետք է մարդկանց հետ թափանցիկ և անկեղծ զրուցել: Պատվաստումն այսօր միակ պաշտպանիչ միջոցն է: Պատվաստելուց առաջ պետք է մարդկանց իրազեկենք դրական և բացասական ազդեցությունների, հակացուցումների մասին: Բավականին մեծ ալիք բարձրացավ, երբ կորոնավիրուսով 1-2 օր վարակված մարդիկ գնում էին պատվաստվելու, մեկ օր հետո, երբ թվում էր, որ ի հայտ են գալիս պատվաստման կողմնակի ազդեցություններ, պարզվում էր, որ մարդը կովիդ ունի: Նա էլ ասում է՝ գիտեք, պատվաստանյութից վարակվեցի: Ես պարզաբանում էի՝ պատվաստանյութը կենդանի վիրուս չէ, դուք չեք կարող դրանից վարակվել: Դեռ ամենասկզբում ասացի, որ կարծում եմ, թե ավելի գրագետ կլինի, եթե մարդը պատվաստումից առաջ թեստավորվի: Պատվաստման առաջին հակացուցումը սուր ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդություններն են: Առաջինի մեջ մտնում է նաև կորոնավիրուսը: Այսինքն, եթե արդեն վարակված ես, քեզ հակացուցված է պատվաստվելը: Բնական է, որ պատվաստվելուց հետո կորոնավիրուսն ավելի ծանր կտանես, քան եթե պատվաստված չլինեիր: Այսինքն, պատվաստումով այդ պահին վնասեցինք իրեն: Պատվաստումից առաջ թեստավորումը չարվեց:


Երկրորդ՝ իմ մի քանի հրապարակումից հետո նոր միայն ասվեց այն մասին, որ պատվաստումը չի կանխարգելում վարակելիությունը, այն միայն կանխարգելում է ծանր ընթացքը և մահացությունը: Կային պաշտոնական հրապարակումներ, հետազոտություններ: Տեսեք՝ առաջին դոզաչափն ընդունելուց 21 օր հետո երկրորդն ենք ընդունում, դրանից էլ 14-21 օր հետո նոր սկսվում են արտադրվել մեր հակամարմինները: Այսինքն՝ այդ ընթացքում մարդիկ շատ խոցելի են վարակվելու տեսանկյունից՝ կարող են վարակվել և վարակը տարածել: Առաջարկեցի, որ կարելի է ուժեղացնել հակահամաճարակային կանոնները հենց այս խմբի՝ պատվաստվածների համար, որպեսզի իրենք չվարակվեն: Այս ուղղությամբ էլ ոչինչ չարվեց: Երրորդ՝ ասվում էր, որ պատվաստանյութը վեց ամիս պաշտպանում է վարակվելուց: Հիմա այս պահին ունեմ հիվանդներ, որոնք պատվաստվել են երեք ամիս առաջ, այսինքն՝ նրանց հակամարմինները ձևավորված են, բայց նրանք վարակվել են և միջին ծանրությամբ են տանում հիվանդությունը: Այսինքն՝ մարդիկ սկսում են կասկածել, որ պատվաստանյութն իրենց չի պաշտպանում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:


Հավելում է՝ սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են ենթադրում: «Այսօր շատերը կնախընտրեն ամսական երկու անգամ թեստավորվել, բայց չպատվաստվել: Քաղաքացուն պետք է համոզիչ, թափանցիկ ինֆորմացիա տաս: Չպետք է միայն հորդորես պատվաստվել, այլ պետք է բացատրես, թե նա ինչու պետք է դա անի: Չկա զրույց քաղաքացու հետ: Գոնե մեկ պաշտոնական հաղորդում կամ հրապարակում տեսե՞լ եք, որտեղ մասնագետը կխոսի հակացուցումների մասին: Մարդիկ այստեղից-այնտեղից կարդում են դրանք և ամեն մեկն իր ձևով մեկնաբանում է»,-եզրափակում է Լամարա Մանուկյանը:


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր