Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 նոյ 2021 11:02

Թեստավորման հակասական պատասխաններ.չգիտես էլ արդեն ում հավատաս, արդյունքում՝բազմաթիվ մարդկային կյանքեր են խլվում

Factor.am-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդության հաստատվելուց և իր մոտ էլ այս հիվանդությանը բնորոշ ակնհայտ ախտանշանների ի հայտ գալուց հետո դիմել է Աբովյան քաղաքում գործող «Սուրբ Մարիամ» բժկական կենտրոն և թեստավորվել։ Ստացված պատասխանը բացասական է եղել։ Վստահ լինելով, որ ամեն դեպքում իր մոտ առկա է կորոնավիրուսային վարակ, քաղաքացին հաջորդ օրը ևս մեկ անգամ ՊՇՌ թեստավորման է գնացել, սակայն մեկ այլ բժշկական կենտրոնում․ պատասխանն այս անգամ դրական է եղել և հաստատվել է կորոնավիրուսային վարակը։ Քաղաքացին մեր խմբագրությանը տրամադրել է երկու հետազոտությունների արդյունքները հաստատող փաստաթղթերը՝ պնդումով, որ իրար հակասող արդյունքների պատճառը «Սուրբ Մարիամ» բժկական կենտրոնում հետազոտության իրականացման ոչ պատշաճ պայմաններն են եղել։



Քաղաքացին պնդում է, որ «Սուրբ Մարիամ» ԲԿ-ում նույնիսկ նմուշառումը պատշաճ կերպով չեն իրականացրել, իսկ նմուշառման սրահի պայմանները և աշխատակցի կողմից հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումն,  առաջին տպավորությամբ, չեն համապատասխանում նվազագույն չափանիշներին։ Նա նաև տարօրինակ է համարում այն, որ իրենից նախապես հետաքրքրվել են՝ արդյոք պարզապես աշխատավայրում փաստաթուղթ  ներկայացնելու համար է թեստավորվում, թե ոչ։ 
 
Կասկածի տեղիք է տվել նաև այն, որ այստեղ կորոնավիրուսային վարակի հայտնաբերման ՊՇՌ հետազոտության արժեքը  8000 ՀՀ դրամ է, ի տարբերություն մյուս ԲԿ-ի, որտեղ թեստավորումն արժեցել է 13000 ՀՀ դրամ։ Բացի այդ քաղաքացուն տրամադրված փաստաթղթում նշված է, որ նմուշառում կատարվել է քթից և կոկորդից, բայց իրականում միայն քթից է իրականացվել, այն էլ՝ մակերեսային։ «Սուրբ Մարիամ» ԲԿ-ի տրամադրած  փաստաթղթի վրա անգամ QR կոդ և անձնագրի տվյալներ չկան։   Հասկանալու համար, թե  որքանով են քաղաքացու մտահոգությունները հիմնավոր,   զանգեցինք Աբովյանի «Սուրբ Մարիամ» ԲԿ։ Հեռախոսազանգին պատասխանած և ԲԿ-ի սեփականատեր ներկայացած անձը, երբ լսեց  քաղաքացու ահազանգի էությունը, պատասխանեց․  «Եթե հարմար կլինի՝ արի մեր կլինիկա, այստեղ ամեն ինչ կտեսնես, նոր կհիմնվես իրենց ասածների վրա»,- ասաց սեփականատերը։ 
 
Հարցին՝ այդ պատասխանից կարելի է՞ եզրակացնել, որ հերքում է նշվածները, հնչեց հետևյալը․ «Եթե գաս՝ ավելի լավ կլինի քո համար, դու ինքդ էլ կհամոզվես՝ ինչը, ոնց»։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են իրենց տրամադրած փաստաթղթի վրա բացակայում QR կոդը և հետազոտվողի անձնագրի տվյալները,ԲԿ-ի ներկայացուցիչը վրդովված կրկնեց՝  «Ասում եմ արի ստեղ, ամեն ինչ քո աչքով կտենաս», ապա հետաքրքրվեց, թե ով է եղել թեստավորված քաղաքացին։ Մեր հիմնավորմանը, թե ունենք ապացույց լուսանկարների տեսքով, սեփականատեր ներկայացած անձն ասաց՝ «Դու թուղթը ուղարկի, մենք դրա հիման վրա քեզ կպատասխանենք»։ Բժշկական կենտրոնից այդպես էլ  հստակ պատասխան չհնչեց բարձրացված մտահոգություններին։ 
   
Փորձեցինք քաղաքացու բարձրացրած խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաև Առողջապահության նախարարությունից․ այստեղից մեզ ուղղորդեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ ԱԱՏՄ-ի մամուլի խոսնակ Գայանե Խաչատրյանը մեզ հայտնեց, որ ՊՇՌ թեստավորման փաստաթղթի վրա  QR կոդի առկայությունը պարտադիր է, սակայն Տեսչական մարմինը լաբորատորիաների հետ կապված որևէ գործառույթ  իրականացնել չի կարող․ «Տեսչական մարմինը կարող է ստուգումներ անցկացնել, եթե կա կարգավորում և դրա վերահսկողությունը տրված է տեսչական մարմնին․ այս դեպքում նման գործառույթ չունի Տեսչական մարմինը, այսինքն՝ մենք իրավունք չունենք գնալ, ստուգել»,- ասաց Խաչատրյանը։ 
 
Իսկ այդ դեպքում ո՞վ ունի վերահսկողություն իրականացնելու գործառույթ․ այս հարցին տեսչական մարմնից իրենց հերթին մեզ ուղղորդեցին դիմել Առողջապահության նախարարություն՝ նշելով, որ կարգավորումներ իրականացնելու հնարավորություն ունի նախարարությունը։ Երկրորդ զանգը կատարեցինք այս գերատեսչություն՝ կրկին ստանալով նույն բացասական պատասխանը։   
 
Տեսչական մարմին կատարած երկրորդ զանգից հետո միայն պարզ դարձավ, որ իրենք կարող են որևէ լաբորատորիայում ստուգումներ իրականացնել, եթե կա դիմում-բողոք։
Ըստ ԱԱՏՄ-ի մամուլի խոսնակ Գայանե Խաչատրյանի՝ Տեսչական մարմինն իրավասություն ունի ստուգումներ իրականացնելու, եթե  քաղաքացու դիմումը վերաբերում է սանիտարահիգենիկ ոչ նորմալ պայմաններին, բայց իրականացված հետազոտության որակի հսկողություն հարցում ԱԱՏՄ-ն որևէ գործառույթ իրականացնել չի կարող։ 
 
Մինչ պետական գերատեսչություններից հստակ պատասխան չի հնչում, թե իրականացվող լաբորատոր հետազոտությունների որակի վերահսկողության հարցում ով է պատասխանատու, Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն օր կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 10 հազար  ՊՇՌ հետազոտություն է իրականացվում։  Դրանց արդյունքների ճշգրտությունից կարող են կախված լինել ոչ միայն համաճարակային իրավիճակի կառավարումը, այլև բազմաթիվ մարդկային կյանքեր, որոնք կարող է խլել վարակը հիվանդության ոչ ճշգրիտ ախտորոշման  պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր