Ալիևի և Փաշինյանի անմիջական երկխոսությունները ենթադրում են պայմավորվածություններ, որոնք չեն արձանագրվում փաստաթղթերում կամ միջնորդների հետ բանակցություններում. Տարասով
![](https://factor.am/wp-content/uploads/2019/03/collage-59.jpg)
«Ինքներդ դատե՛ք. Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում բանակցություններ են վարել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ձևաչափում: Դրանից առաջ նրանք առանձին-առանձին հանդիպել են Միշելի հետ: Այնուհետև նրանք որոշ ժամանակ առանձնազրույց են ունեցել: Մի շարք նշաններով՝ ամեն ինչ պտտվում էր Հայաստանի համար ցավոտ թեմայի՝ հետհակամարտային կարգավորման՝ Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք»: Սոչիում Ալիևի և Փաշինյանի միջև ծավալված հակասությունից հետո դժվար էր պատկերացնել, որ նրանք առաջ կշարժվեն: Բայց Բրյուսելում հանկարծ հայտնի դարձավ, որ կողմերը «կարողացել են համաձայնության գալ այդ հարցով և պատրաստ են անցնել երկաթուղային գծի վերականգնմանը»: Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է փորձագետների առաքելություն ստեղծել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին աջակցելու համար»,- գրում է կովկասագետը:
Ըստ Տարասովի՝ նույն ձևակերպումներն ավելի վաղ հրապարակել էր ՌԴ ԱԳՆ-ն՝ փորձելով մոտեցնել Բաքվի և Երևանի դիրքորոշումները, սակայն իր մասնակցությամբ: Այժմ խաղաղ գործընթացի նախաձեռնությունը մասնակիորեն անցել է Փարիզին: Պատահական չէ, որ Ալիև-Փաշինյան երկխոսությանը հանկարծակի միացել է Ֆրանսիայի նախագահը:
«Բրյուսելյան բանակցությունները, որոնք որակվում են որպես Սոչիի գործընթացի շարունակություն, այնուամենայնիվ, տարբեր արդյունքներ ունեն: Դրանցից մեկն այն է, որ Բաքվի և Երևանի թույլատվությամբ իրադարձությունների ընթացքին միացավ Փարիզը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամներից մեկը: Այժմ Ֆրանսիան կարող է Անդրկովկասում իրեն ներկայացնել որպես ազդեցիկ արտաքին խաղացողներից մեկը՝ ՌԴ-ի և Թուրքիայի կողքին: Այսինքն՝ անում է մի բան, որից նախկինում խուսափում էր: Եթե Մակրոնն առաջ միայն Հայաստանի վրա էր խաղադրույք անում, ապա այժմ նաև Ադրբեջանի՝ փորձելով շահել ադրբեջանցիների համակրանքը»,- կարծիք է հայտնում Տարասովը՝ նշելով, որ այդպիսով հնարավոր կլինի նաև ոչ միայն ներգրավվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրագործմանը, այլև որոշակի փոփոխությունների ենթարկել այն՝ ելնելով սեփական շահերից:
Հոդվածագիրը նկատում է, որ առաջ Բաքուն «նենգ դավադրություն» էր տեսնում Փարիզի գործողություններում՝ հօգուտ Երևանի, իսկ այժմ Ֆրանսիայի հետ մերձեցման քաղաքականություն է վարում:
Տարասովը ևս մեկ կարևոր պահ է առանձնացնում. բազմաժամանոց անմիջական երկխոսություններն Ալիևի և Փաշինյանի միջև ենթադրում են պայմանավորվածությունների ձեռք բերման գործոնը, որոնք չեն արձանագրվում փաստաթղթերում կամ միջնոդրների հետ բանակցություններում:
Մասնագետը, հաշվի առնելով նաև Սոչիում արված հայտարարությունը «սահմանազատման համար երկկողմ մարմնի» ստեղծման անհրաժեշտության մասին, ենթադրում է, որ Ալիևի և Փաշինյանի միջև կարող է գաղտնի բանավոր պայմանավորվածությունների մեխանիզմ գործել: Դա կարող է լուրջ մարտահրավերներ առաջ բերել, նախևառաջ, Հայաստանի համար, որը նախկինում միշտ պարտվել է Ադրբեջանին գաղտնի դիվանագիտության հարցում:
«Ալիևն ունի հստակ նպատակ, որի իրագործմանն էլ ձգտում է: Պատահական չէ, որ նա բրյուսելյան բանակցություններն անվանել է «արդյունավետ և գործնական»՝ հավելելով, որ «կարևոր է չկորցնել այս հնարավորությունն ու աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»: Իսկ ի՞նչ նպատակներ ունի Հայաստանը պարտությունից հետո»,- եզրափակում է փորձագետը: