Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

08 մար 2022 10:47

Փորձագետը ավիատոմսերի գների բարձրացման պատճառների եւ ավիացիայի զարգացման նոր հնարավորությունների մասին

Ռուս-ուկրաինական հակամարտությունից ամենից շատ տուժած ոլորտներից է ավիացիան։ Ռուսաստանը եւ արեւմտյան երկրները փոխադարձ պատժամիջոցներ են մտցրել, ներառյալ չվերթների արգելքը եւ օդային սահմանների փակումը։ Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մեր ինքնիշխանության պահպանումը, օդային տարածքի պաշտպանությունը ներկա պայմաններում կօգնեն Հայաստանին հասնել զգալի առաջընթացի։


«Ռուսական ավիաընկերություններն այժմ կանգնած են, նրանք նոր տեղեր են փնտրում, որտեղ կարելի է ուղարկել իրենց ինքնաթիռները։ Այդ նոր տեղերից մեկը կարող է դառնալ Հայաստանը։ Առաջիկայում դա երեւալու է։ Հայաստանում շատ են զբոսաշրջիկները Ռուսաստանից։ Նրանք հո ինչ-որ կերպ հասնում են այստեղ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խաչատրյանը։


Նա այնքան էլ հավանական չի համարել Հայաստանի՝ ավիացիոն պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգը։


«Կարեւորագույն բաղադրիչ է այն, որ մենք անկախ երկիր ենք։ Իրանն արդեն 30 տարի պատժամիջոցների տակ է, բայց եւ եվրոպական երկու ընկերություն թռիչքներ է իրականացնում այդ երկիր։ Ուստի, վտանգներ ես չեմ տեսնում։ Եթե իշխանությունները հստակ կատարեն միջազգային պահանջները, ապա խնդիրներ չպետք է առաջանան»,- ավելացրել է Խաչատրյանը։


Նա հիշեցրել է Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության (EASA) «սեւ ցուցակի» մասին, որտեղ ներառված է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Նոր աուդիտին պատրաստվելու ժամանակ կա, իսկ դրա հաջող ավարտը թույլ կտա հանգիստ չվերթներ կատարել Եվրամիության երկրներ։ Միեւնույն ժամանակ, Խաչատրյանը ափսոսանքով նշել է, որ ավիացիայի ոլորտում Հայաստանը խիստ հետ է մնում համաշխարհային հիմնական միտումներից։


Մենք ակնհայտորեն ռեսուրսների պակաս ունենք՝ պատժամիջոցային պատերազմի պայմաններում Արեւմուտքի եւ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ տարանցման երկիր դառնալու համար։ Մենք ընդամենը երեք գործող ավիաընկերություն ունենք, որոնցից յուրաքանչյուրը գործարկում է երկու ինքնաթիռ։ Բայց ներկա իրավիճակը հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել զրոյից։ Հարցին պատշաճ ուշադրության պարագայում որոշակի տեղ զբաղեցնելու լուրջ հեռանկար կբացվի։


Ավելի վաղ  գրել էինք Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների տոմսերի գների կտրուկ բարձրացման մասին։ Խոսքը հնգակի, երբեմն անգամ տասնակի բարձրացման մասին է։ Նավիկ Խաչատրյանի կարծիքով՝ գների այդ մակարդակը կպահպանվի այնքան, որքան կտեւեն մարտական գործողություններն (Ուկրաինայում –խմբ.)։ Ամեն բան պայմանավորված է պահանջարկի եւ առաջարկի մասին օրենքով. կա պահանջարկ, բայց առաջարկ չկա (քանի որ ռուսական ավիափոխադրողները դադարեցրել են չվերթները)։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատարկ տեղը չի լրացվել, այդ թվում՝ ի հաշիվ շուկա այլ ավիափոխադրողների մուտքի։ Ամեն ինչի հիմքում ընկած են մարտական գործողությունները, փակ օդային սահմանները, ինքնաթիռները լիզինգատուներին չվերադարձնելը։ Հենց որ առաջարկն ավելանա (մեծանա ավիաչվերթների քանակը), գները կընկնեն։


«Եթե մենք ինքնաթիռներ ունենայինք, ստեղծվեր նոր հայկական ավիաընկերություն, ապա դա մեծ օգուտ կբերեր։ Այդ դեպքում այդ ընկերության իքնաթիռները կթռչեին այն ուղղություններով, որտեղ մինչ այդ թռչում էին ռուսական ավիաընկերությունները»,- ասել է Խաչատրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր