300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2022/06/l-0x0wh-786x458z-1-2.jpeg)
«Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ եւ անվավեր: Այս դեպքում ցանկացած շահագրգիռ անձ տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան եւ պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետեւանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացած արժեքը դրամով: Նշված կարգավորումը գործելու է նաեւ այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է, եւ վճարումը մաս-մաս է կատարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու նպատակով: Այս դեպքում նույնպես գործարքն առոչինչ կհամարվի:
Տնտեսվարող սուբյեկտները պետք է պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումը՝ բացառությամբ կրպակների: Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:
Նախագծին ԱԺ ֆինանսավարկային են բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կավելանան պետական բյուջեի մուտքերը, քանի որ կկրճատվի ստվերային շրջանառությունը: