Սահմանային խնդիրներ կարող են ծագել Թուրքիայի հետ․ Արաքս գետը նախկին հունին վերադարձնելու կարիք է առաջացել
Պետական բյուջեից 22 380 000 դրամ կհատկացվի Արաքս գետն իր նախկին հունը վերադարձնելու համար։ Կառավարության այսօրվա նսիտու որոշումը հաստատեց։ Խնդիրն այն է, Հայաստան-Թուրքիան դեմարկացիոն գիծն անցնում է Արաքս գետի կենտրոնով, նախկին հունի վերացման և նոր հունի ձևավորման հետևանքով հետագայում կարող են սահմանային խնդիրներ առաջանալ:
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է․
«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև պետական սահմանը, համաձայն 1973թ.-ի վերասահմանանշման, անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը այժմ գետի հունի փոփոխման հետևանքով ջրազրկվել է, պատվել է խիտ թփուտներով և ծառերով: Արաքս գետի նախկին հունի և ներկայիս հունի միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում։ Արաքս գետի՝ Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգվել է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որը կարող է պատճառ դառնալ ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողմանը՝ իր անկանխատեսելի հետևանքներով»։
Նշվում է նաև, որ Հրազդանի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգավոր է դարձել, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնց հետևանքով կարող են ողողվել անգամ սահմանային կառույցները։
Նախագիծը հեղինակած Տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատնեշ կառուցել գետի ջրերը նախկին հունն ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: