Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

26 օգոս 2022 16:55

ԱՄՆ նոր որոշումը կարող է կտրուկ փոխել իրավիճակն Արցախի հարցում

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին ԱՄՆ-ը պետքարտուղարի նախկին օգնական Ֆիլիպ Ռիքերին նշանակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։


Այդ կապակցությամբ Բաքվի ԱԳՆ-ն հերթական դեմարշն արեց՝ հայտարարելով, որ «գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կհեռանա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից»։ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։


Բլինքենը նշանակման մասին թվիթերում գրել է, որ «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ։ Դեսպան Ռիքերը կաշխատի նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»:


Ֆիլիպ Ռիքերը պետքարտուղարի օգնականի կարգավիճակում տարածաշրջան այցելեց 2021 թվականի հունիսին՝ ՀՀ տարածք Բաքվի զորքերի ներխուժումներից հետո։ Բաքվի ներխուժումների կապակցությամբ Ռուսաստանը Հայաստանի առջեւ խորհրդային քարտեզներով «սահմանազատման» պայման դրեց և ոչ մի անգամ չդատապարտեց ներխուժումը։


Ադրբեջանի զինված ուժերը պետք է նահանջեն ելման դիրքեր, Հայաստանի ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց Ռիքերը։ Նրա այցից հետո 15 հայ գերի վերադարձավ Հայաստան և դրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերագործարկման հարցը։


Ռիքերին Մինսկի խմբի համանախագահ նշանակելով՝ Վաշինգտոնն ընդգծում է միջազգային ձևաչափեր վերադառնալու հրամայականը և «եռակողմ» համաձայնության մերժումը որպես Արցախի խնդրի կարգավորում։ Առավել եւս մի ժամանակաշրջանում, երբ Մոսկվան ու Անկարան փորձում են արագացնել Հայաստանի պետականության վերացումն արտատարածքային միջանցքներով ու սեպարատ «խաղաղ պայմանագրով»։ Դա կարեւոր է նաեւ իրանական միջուկային գործարքի հնարավոր վերականգնման նախօրեին։
Lagir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր