Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

07 սեպ 2022 14:25

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվելու դեպքում պետք է արձանագրվի, որ այն չի շոշափում Արցախի կարգավիճակի հարցը. Արցախի ԱԺ պատգամավոր

Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը միմյանցից առանձին պետք է քննարկվեն։ Ավելին, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում այդ փաստաթղթում պետք է պարտադիր ամրագրվի, որ այն չի շոշափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և ԼՂ-ի այն տարածքները, որոնք այժմ բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։

«Մենք մեր անկախությունը ձեռք ենք բերել այն նույն ճանապարհով, ինչ՝ Ադրբեջանը. Խորհրդային միությունը փլուզվեց, և ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային նորմերին համապատասխան Արցախն էլ անկախություն ձեռք բերեց։ Ինչո՞ւ իրենց կարելի էր այդ հնարավորությունից օգտվել, մեզ՝ ոչ։ Չի կարող լինել նման բան»,-նշեց Բալայանը։

Պատգամավորը շեշտում է՝ Հայաստանը պետք է անընդհատ խոսի, բանակցի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ և պարտադիր չէ, որ այդ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ կամ հանրային լսարանի առաջ։

«Քանի որ Արցախը բանակցությունների կողմ չէ, Հայաստանի իշխանությունները պետք է բանակցային գործընթացում իրապես հանդես գան որպես Արցախի շահերը ներկայացնող և արցախահայության անվտանգությունը երաշխավորող կողմ։ Պետք է այդ գործընթացում մշտապես հիշեցնել նաև այն, որ Արցախը Խորհրդային միության փլուզումից հետո օգտվել է իր իրավասությունից և հռչակել անկախություն՝ այնպես, ինչպես Ադրբեջանը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի հետ որևէ առնչություն չունի»,-ասում է Բալայանն ու հավելում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ակտիվացնելուն ուղղված կարևոր քայլ էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից նոր համանախագահների նշանակումը։

Արցախի Աժ պատգամավորը նկատում է՝ Ադրբեջանը, որ ժամանակին եղել է ԽՍՀՄ կազմում, կհրաժարվե՞ր արդյոք իր անկախությունից ու կմտնե՞ր միութենական կազմավորման մեջ, եթե նորից ստեղծվեր նման միավոր. իհարկե, ոչ։

«Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը և միայն դրանից հետո թե՛ մենք, թե՛ իրենք ինքնորոշվեցինք։ Մենք պարզապես օգտվել ենք մեր իրավունքից և որևէ երկրի տարածքի նկատմամբ երբեք հավակնություն չենք ունեցել և չունենք, իսկ Ադրբեջանը բառապես բռնությամբ և ուժի կիրառմամբ է լուծում իր խնդիրները»,-նշում է պատգամավորը։

Որ ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալ կստացվի, եթե համայն հայությունը միատեղի ուժերն ու ռեսուրսները, պատգամավորն ավելի քան վստահ է։ Վերջերս մեկնարկած «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը, ըստ նրա, կարող է հասնել նպատակին՝ իրոք դառնալ Արցախյան շարժում-2, եթե աշխարհի 10 մլն հայությունը միավորվի։

«1988-94թթ.մենք խնդիր ենք լուծել. ձեռք ենք բերել պետականություն։ Հիմա մեր երկրի տարածքների մեծ մասը բռնազավթված է. դա փաստ է։ Կարևոր խնդիրը ժողովրդին համախմբելն է, և, եթե այս շարժումը դա անի, ապա Հայաստանի ու Արցախի բոլոր խնդիրները կկարողանանք լուծել»,-վստահեցնում է Բալայանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել է, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»: Սակայն պաշտոնական Երեւանն առայժմ չի հստակեցնում, թե արդյոք համաձայնություն ձեռք բերվել է այդ հարցի շուրջ։ Ավելին՝ Արցախի խորհրդարանականները եւս տեղյակ չեն, թե արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում որոշվելու է նաեւ Արցախի ապագա ճակատագիրը՝ առանց նրա համաձայնության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր