ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

19 հուն 2023 10:30

Բացասական սպասումներ են ձևավորվում.ոչ մի լավ բանի չսպասել, քանի դեռ իր խնդիրները չի լուծել, Թուրքիան կշարունակի ՀՀ-ի տնտեսական շրջափակումը, քաղաքական ճնշումները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի շրջափակումը բավականին լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ, բացասական սպասումներ է առաջացրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Մինչև 2020 թվականը Հայաստանի և Արցախի տնտեսությունները բավականին սերտ ինտեգրման մեջ էին: Արցախը ոչ միայն ՀՀ անվտանգության վահանն էր, այլև ՀՀ-ի համար կարևոր, էական տնտեսական ներուժ էր ապահովում: Իրավիճակը փոխվեց 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո, երբ ՀՀ գործող իշխանությունները հանձնեցին Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները, որտեղ կենտրոնացված էին նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, հանքեր: 2020 թ.-ից հետո Արցախից եկող տնտեսական ներուժը ՀՀ տնտեսության համար կտրուկ նվազել է: Հիմա ճիշտ հակառակն է՝ ՀՀ-ն է էլեկտրաէներգիա, սնունդ մատակարարում Արցախին»,ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այնպիսի ճգնաժամերի պարագայում, ինչպիսին այսօր է, ակնհայտ են դառնում ԱՀ և ՀՀ տնտեսության մեջ առկա խնդիրները:

Նա շեշտեց մի քանի ուղղությունների մասին, որոնք վերանայման կարիք ունեն հատկապես Արցախում. «Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ հետևություններ պետք է արվեն նաև ապագայի համար՝ հաշվի առնելով, որ նման իրավիճակները կարող են կրկնվել: Արցախում, նաև ՀՀ հարավային շրջաններում որոշակի պաշարներ պետք է կուտակել, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարիք ևս կա»: Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի կողմից իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը ցածր արդյունավետություն ունեին:

«Արցախցիների սոցիալական, տնտեսական բարեկեցության խնդիրները չէին կարող լուծվել զուտ նրանց գումարներ, նպաստներ բաժանելով: Պետք է գիտակցել, որ Արցախը մայր Հայաստանի մի մասն է, և հենց այդ տրամաբանությունից ելնելով քայլեր իրականացնել: Ձեռնարկությունների, տնտեսական ներուժի ստեղծման անհրաժեշտություն կա, որ մարդիկ կարողանան արժեք ստեղծել: Բայց երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը միայն գումար տալու համատեքստում էր դիտարկում Արցախը՝ հայտարարելով, թե գումար է տալիս ճանապարհի, նպաստների համար, կոմունալ ծախսերի փոխհատուցման համար: Սա հարցի լուծում չէր, ավելի համակարգված աշխատանքի կարիք կար: Այդ անհրաժեշտությունը կա նաև այսօր: Ավելի լուրջ պետք է մոտենալ այդ հարցին, ինչը, սակայն, ոչ միայն ցանկության, այլև մտավոր կարողության հարց է. ՀՀ կառավարությունն այդ ռեսուրսը չունի: Անգամ ՀՀ-ում չեն կարողանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, էլ ուր մնաց Արցախում իրականացնեն կամ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից օգնեն»,նկատեց տնտեսագետը:

Բերձորի միջանցքի փակված լինելու փաստը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում նաև ՀՀ-ի վրա: «ՀՀ-ում ներդրողների մոտ որոշակի բացասական սպասումներ են առաջանում: Հատկապես սահմանամերձ շրջանի բնակչության մոտ են այդ սպասումները ձևավորվում: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, նաև Ջերմուկ քաղաքի մասին է: Այդ տարածաշրջաններում ներդրումային ակտիվությունը կտրուկ նվազել է: Նաև մարդկանց տնտեսական ակտիվությունն է նվազել: Ջերմուկում, նաև Գորիսում զբոսաշրջության հոսքերն են նվազել: Այս ամենն իր հերթին որոշակի բացասական ազդեցություն է թողնելու նաև անշարժ գույքի շուկայում՝ հողի, տան գների մասով, որովհետև նշված հատվածները վտանգավոր գոտի են համարվոմ մարդկանց համար: Լարվածությունը, շրջափակումը, սահմանային միջադեպերը ամբողջ Հայաստանի տեսանկյունից նաև արտագաղթի են հանգեցնում: Հայաստանի որակյալ, կադրային լուրջ ներուժը դուրս է գալիս երկրից՝ մեկնելով հիմնականում ԱՄՆ կամ Եվրոպա»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ իրավիճակը մտահոգիչ է:

«Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, այո, մեր երկրում մոտ 50 հազար ռուսաստանցիների տեղակայում ունենք, ինչը, սակայն, ժամանակավոր է: Երբ նրանք վերադառնան իրենց երկիր, մեր տնտեսական ներուժը, տնտեսական պոտենցիալը, գումարների ներհոսքը կտրուկ նվազելու են: Եվ հարց է, թե ով է լրացնելու նաև տնտեսական ակտիվության այդ բացը, երբ այդ ամենն ապահովողների՝ մեր քաղաքացիների թիվն օրեցօր նվազում է»,-նշեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելուն: Նրա խոսքով, այս քայլով Թուրքիան ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քանի որ Թուրքիայից եկող բեռների զգալի մասն այսպես, թե այնպես, իրականացվում է ցամաքային եղանակով: «Միայն փոքր մասն է իրականացնում օդային բեռնափոխադրումների միջոցով, քանի որ այդ տարբերակով թանկ է: Հիշենք նաև, որ 2022-ի հունվարի մեկից հայկական կողմը վերացրել է թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Ու թեպետ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, տնտեսական կապերը վերականգնելու ուղղությամբ իր քայլը վաղուց արել է, ակնհայտ է, որ Թուրքիային Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրում տնտեսական ներուժը, շուկան: Իրենց հետաքրքրում են իրենց իսկ քաղաքական խնդիրները տարածաշրջանում. Թուրքիան հստակ ձևակերպել է Հայաստանին ուղղված պահանջը՝ կապված միջանցք տրամադրելու հետ: Քանի դեռ իր խնդիրները չի լուծել, Թուրքիան կշարունակի Հայաստանի տնտեսական շրջափակումը, քաղաքական ճնշումները, նաև ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Ուզում եմ հիասթափեցնել այն պաշտոնյաներին, օլիգարխներին, որոնք Հայաստանի տնտեսական զարգացումը կապում են Թուրքիայի հետ: Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացմամբ»,-եզրափակեց տնտեսագետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր