Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

13 հուն 2021 14:30

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու միտքը, ըստ Թադևոս Ավետիսյանի, երկրորդ կողմ ունի Ադրբեջանի և Թուրքիայի համար։


Այս փուլում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին դրույթն օրակարգ բերելը հանրության «աչքին թոզ փչել է»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով երեկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությանը։


Ավելի քան 3 ժամ տևած եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարել էին, որ աշխատանքային խումբ կստեղծվի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն աջակցելու նպատակով։


«Կորցրել ենք հայրենիքի մի մասը, ռազմական ու տնտեսական կորուստներ ունեցանք։ Նման իրավիճակում կարծես երեխային խաղալիք կամ կոնֆետ առաջարկեն տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին խոսելով։ Սա չի կարող Հայաստանի համար երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմք դառնալ»,–ասաց Ավետիսյանը։


Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում պետք է հաշվի առնենք, որ ապաշրջափակման դեպքում գործ ունենք 2 պետությունների հետ, որոնք հայ ժողովրդի նկատմամբ դեռ դարերից եկող թշնամական վերաբերմունք ունեն։


Ավետիսյանը նշում է, որ բացարձակ անորոշություն է այն հարցում, թե ինչպես պետք է տրանսպորտային ճանապարհները կառուցվեն և շահագործվեն։ Տնտեսագետը հիշեցնում է` Թուրքիան Հայաստանի հետ սահմանները փակել է իր աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով։ Այսինքն` Թուրքիան այդ խաղաքարտով փորձում էր Արցախի հարցը հանգուցալուծել հօգուտ իրեն։ Ավետիսյանը շեշտում է` չկա ոչ մի երաշխիք, որ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուց հետո Ադրբեջանը մի օր չի որոշի սահմանափակումներ իրականացնել` չեղարկելով ամեն ինչ։


Տնտեսագետը նշում է` Ադրբեջանը նավթ և գազ արտադրող երկիր է և հայտնի է, որ իր երկրում այդ ռեսուրսներն էապես էժան են։ Բնականաբար, էներգետիկ ռեսուրսների հաշվին դժվար է լինելու մրցակցել այդ երկրի տնտեսության հետ, ինչը կհանգեցնի շուկայից տեղական արտադրողների դուրսմղմանը և սննկացմանը։ Կկրճատվի մեր արտահանման ներուժը, այդտեղից եկող հարկային եկամուտները կնվազեն։ Օրինակ` մեր վերամշակող ընկերությունների հիմնական ծախսերը ջերմոցներում էներգետիկ ռեսուրսն է, իսկ երբ ադրբեջանցիներն ավելի մատչելի գնով են ջեռուցում իրենց ջերմոցները, գյուղմթերքի գինն էլ կարող է ավելի մատչելի լինել։ Ավետիսյանը նշում է`ադրբեջանական գյուղմթերքը մտնելու է հայկական շուկա` տեղական արտադրանքը դուրս մղելով։


«Այս ամենից զատ, տնտեսության անվտանգության հարց կա, քանի որ ինտեգրման ենք գնում այնպիսի երկրների հետ, որոնք մեզ կանգնեցրել են գոյատևման խնդրի առաջ։ Մեծ հաշվով` Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատկերացնում հայ ժողովրդի զարգացումը, խաղաղ գոյատևումը և մրցակցությունը` պարզ հարևանական հարաբերությունների մեջ։ Օրինակ, Վրաստանի հետ չունենալով հանդերձ թշնամական խնդիրներ, միևնույն է, թուրքական կապիտալը գրավել է վրացական տնտեսության հիմնական ուղղությունները»,–ասում է Ավետիսյանը։


Նա վստահեցնում է` տնտեսական անվտանգության մեր ռիսկերն անչափելի կդառնան։ Հարցն այն է, որ ներդրումների դեպքում էլ Թուրքիան և Ադրբեջանն են ավելի ակտիվ լինելու, իսկ այլ երկրների դեպքում ներդրում կատարելը ռիսկային կհամարվի` հաշվի առնելով առկա անորոշությունները։


Ավետիսյանի խոսքով` ապաշրջափակումից կկորցնենք մեր տնտեսական անկախությունը և կախվածության մեջ կհայտնվենք թուրքական կամ ադրբեջանական կապիտալից։ Իսկ մեր տնտեսական կախվածությունը վաղը շրջվելու է մեր դեմ` կործանարար հետևանքներով։


Բացի այդ, ըստ տնտեսագետի, եթե Հայաստանի աշխատաշուկայում թուրք կամ ադրբեջանցի գործատուներ հայտնվեն, կստացվի` որոշ խմբի եկամուտները կախված են լինելու հենց նրանցից։ Այսինքն` եթե նայում ենք տնտեսական ապաշրջափակմանը երկարաժամկետ առումով, ստացվում է, որ ռիսկի տակ ենք դնում մեր տնտեսական համակարգի գոյությունը։


Ավետիսյանը նշում է` մեծ հաշվով` ապաշրջափակումն ավելի շատ օգուտներ է բերելու Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ ենք շահելու մեզ բաժին հասած որոշ օգուտների դիմաց։ Տնտեսագետը վստահ է, որ իրականում այս ամենի հետևում թաքնված է թուրք–ադրբեջանական տանդեմի նպատակը` հայրենազրկելու, թուրքականացնելու հայերիս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր