Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 փետ 2023 10:45

«Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Ադրբեջանի արկածախնդրությունը կարող է պատճառ դառնալ, որ Իրանը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում գլոբալ առումով աշխարհաքաղաքական նոր վերափոխումներ են տեղի ունենում, որոնցից էլ ածանցվում են տարածաշրջանային մակարդակով ուժերի դասավորության լանդշաֆտի ակտիվ խմորումները, ինչի արդյունքում բախվում են տարբեր ուժերի կենսական շահերը։ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը և Արցախի տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից ճանապարհ են բացել պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Դրա համար էլ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հետևողականորեն առաջ է քաշվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման, որը թույլ կտա առաջ տանել թյուրքական աշխարհի ինտեգրացիայի հարցը։ Իսկ այդ «միջանցքի» բացմանը կտրականապես դեմ է Իրանը։ Նույնիսկ անցյալ տարի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խամենեին հստակ զգուշացրել և կտրուկ դեմ էր արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը։

Հասկանալի է՝ պանթուրքական ծրագրերի կենսագործման դեպքում հիմք է դրվելու նաև, այսպես կոչված, «Իրանական Ադրբեջանում» անջատողական ձգտումների հրահրման և Իրանի մասնատման համար։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանում և Թուրքիայում շատ ցավոտ են ընդունում այն հանգամանքը, որ Իրանից այնպիսի հայտարարություններ են հնչում, թե Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Ըստ այդմ, Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև Իրանի դեմ հանդես եկող այլ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահագրգռվածությունը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը հակաիրանական հողի վրա լրջորեն համագործակցում է Իրանի տարածաշրջանային հիմնական հակառակորդի՝ Իսրայելի հետ։

Մյուս կողմից՝ հակաիրանական քաղաքականության հողի վրա Ադրբեջանը փորձում է աջակցություն ստանալ Արևմուտքի կողմից, որը պատժամիջոցներ և սահմանափակումներ է կիրառում Իրանի նկատմամբ։ Արևմուտքին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ Թեհրանը ռազմական առումով ակտիվորեն համագործակցում է Մոսկվայի հետ, և նույնիսկ իրանական տեխնիկա է փոխանցվում ռուսական կողմին։ Եվ անցած տարի նույնիսկ արևմտյան փորձագետներն էին արձանագրում, որ իրանական ԱԹՍ-ները վճռորոշ դերակատարություն ունեն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նոր պատժամիջոցներ սահմանվեցին անօդաչուներ արտադրող իրանական ընկերությունների նկատմամբ։ Բայց Արևմուտքին մեծապես անհանգստացնում է նաև այն փաստը, որ Ռուսաստանն էլ իր հերթին է ռազմական տեխնոլոգիաներ փոխանցում Իրանին։

Անգամ խոսք է գնում ՍՈւ 35 կործանիչների գնման մասին։ Ուստի Արևմուտքին դիմակայելու տեսանկյունից Ռուսաստանի և Իրանի շահերը համընկնում են։ Մյուս կողմից էլ Թեհրանը հայտարարում է, թե մտադիր չէ զիջումների գնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով բանակցություններում։ Եվ միջուկային ծրագրի հարցում Իրանի կոշտ դիրքորոշումը պատճառ է դառնում Իրանի նկատմամբ նոր ճնշումների համար։ Ուստի, պատահական չեն Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նախ՝ հարձակման է ենթարկվում Իրանում Ադրբեջանի դեսպանատունը, ապա անօդաչուների միջոցով հարձակումներ են տեղի ունենում իրանական ռազմական օբյեկտների վրա, որն, ըստ տարբեր տեղեկությունների՝ նախաձեռնել են Իսրայելն ու ԱՄՆ-ը։

Իսկ այդ իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, թե Թեհրանում իր դեսպանատունը դադարեցնում է գործունեությունը, ինչին հետևում են այն տեղեկությունները, թե Թեհրանում իրենց գործունեությունը կարող են դադարեցնել նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները։ Փաստացի Իրանի դեմ քայլերի հարցում մի շարք խոշոր խաղացողների՝ Թուրքիայի, Իսրայելի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Զուգահեռ ակտիվանում են այն խոսակցությունները, թե հնարավոր է Իրանի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնում կամ ռազմական բախում։ Նկատենք, որ միշտ էլ այդպիսի խոսակցություններ եղել են, սակայն, ըստ շատ փորձագետների, առկա իրավիճակում դեռևս լուրջ ռազմական բախման սկսվելու մասին ենթադրություններ անելու հիմքեր չկան, և ներկայում Իրանի վրա հարձակումները և ճնշումները Թեհրանին զիջումներ պարտադրելու նպատակ են հետապնդում։

Այնուամենայնիվ, Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելը բացառված չէ ապագայում, իսկ Ադրբեջանը կարող է դառնալ դրանց համար անհրաժեշտ պլացդարմ։ Դրա մասին են վկայում Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կտրուկ սրման դրսևորումները։ «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված Բաքվից ուղերձներ են հնչում, իսկ ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն իրենց հասարակության շրջանում հակաիրանական տրամադրություններ են սերմանում՝ ձեռքի հետ էլ իրանական «լրտեսներին» ձերբակալելու օպերացիաներ նկարում։ Իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Ադրբեջանի արկածախնդրությունը կարող է պատճառ դառնալ, որ Իրանը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր