Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

14 հուլ 2023 14:26

Պետք է պատրաստ լինենք, որ կհայտնվենք թուրքական էքսպանսիայի տակ,ՀՀ-ի համար այլ ճանապարհ չկա և չի էլ կարող լինել, այդ ճանապարհը ԵԱՏՄ-ն է

Pressunity.org-ը գրում է, որ Հայաստանում հասարակական տրամադրությունների մասին pressunity.org-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանի հետ։


  – Գևորգ Արամովիչ, ինչպե՞ս կբնութագրեք հայ հասարակության ներկա վիճակը։ Պատերազմից հետո շատ էին խոսում ապատիայի մասին... Ինչպիսի՞ն է իրավիճակը: 


-Ապատիան, իհարկե, պարտված պատերազմից հետո էր։ Անցնում է, բայց քաղաքական գործընթացների ու իրադարձությունների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չկա։ Կարծում եմ դա ինչ-որ հասարակության հոգնածություն է։ Երբ ակտիվության և ապատիայի շրջաններն անցնում են, ապա վերականգնման շրջան է անհրաժեշտ։ Հիմա հանրային տրամադրությունների առումով մենք այնպիսի անորոշ վիճակում ենք, երբ ինչ-որ հատված ակտիվ է, որոշ հարցեր, իհարկե, բոլորին են հուզում, բայց ասել, որ հասարակությունն ակտիվորեն արձագանքում է, դա այդպես չէ։ Մի կողմից հոգնել են խնդրից, մյուս կողմից անորոշությունից։ Ցանկացած գործունեություն, պայքար ունի որոշակի նպատակներ։ Բայց այսօր անորոշ են նպատակները, չկան ընդդիմադիր լիդերներ, ուստի հասարակությունն որոշակի շփոթության, սպասողական վիճակում է։


- Խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին, որ պետք է գա։ Որքանո՞վ է հասարակությունը պատրաստ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության։


- Եթե կարճ՝ պատրաստ չէ: Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում հարցումներ են անցկացնում ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային կազմակերպությունները, և արդյունքները ցույց են տալիս, որ փոխադարձ ընկալումը մնում է թշնամական: Թուրքիայում մեզ ընկալում են որպես թշնամի երկիր, Ադրբեջանում Հայաստանը թիվ 1 թշնամին է։ Հայաստանում էլ ըստ հարցումների թշնամիները վերջին 30 տարիների ընթացքում, եղել են Թուրքիան և Ադրբեջանը։ Այս պայմաններում շատ դժվար է խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքականություն վարել ոչ միայն մեր երկրում, այլ նաև իրենց երկրներում։ Դժվար է, քանի որ ժողովուրդները պատրաստ չեն։ Երբ սահմանին անընդհատ կրակոցներ են, տարածքները մի քանի ամիս շրջափակման մեջ են, միամտություն է խոսել ինչ-որ խաղաղության բանակցությունների մասին։ Եթե ​​նույնիսկ թղթի վրա կնքվի խաղաղության պայմանագիր, վախենամ, որ այն մնա միայն թղթի վրա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։ Կարծում եմ, որ նախ պետք է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել, հետո տնտեսական, և միայն հետո, գուցե տասը տարի հետո, հնարավոր լինի խոսել պայմանագրի մասին։


– Պատերազմից հետո ակտիվացան նաև հակառուսական տեղեկատվական արշավները։ Ինչպե՞ս է դա ազդում հասարակության տրամադրությունների վրա։


– Ամբողջ արևմտյան աշխարհում է հակառուսական քարոզչություն: Այդ գործընթացը նաև հետխորհրդային երկրներում է։ Դա ակնառու է վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Մինչ այդ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ շատ դրական է եղել. Ռուսաստանն ամենամոտ գործընկերն է, բարեկամ է, անվտանգության երաշխավորն է։ Բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում կարելի է տեսնել ու ֆիքսել  տրամադրությունների այլ միտում։ Երբ հանրային հեռուստատեսությունն, իշխող վերնախավը խոսում է այնպիսի բաներից, որոնք մեզ հեռացնում են Ռուսաստանից, դա ազդում է բնակչության վրա: Նկատելի է, որ կա հասարակական կարծիքի վերաֆորմատավորման գործընթաց: Եվ դա պատահականորեն չի արվում։ Դա հնարավոր է, եթե հատուկ ջանքեր գործադրվեն։ Այդ ամենն իր հետքն է թողնում։ Եվ տարօրինակ ու ցավալի է այն, որ եթե նախկինում բնակչության 80-85%-ը բացարձակապես դրական էր վերաբերվում Ռուսաստանին, ապա այժմ այդ նշաձողը իջել է 60%-ի և ունի նվազման միտում։ Մտահոգիչ է նաև այն, որ դեպի վատն է փոխվում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:


– Ինչպե՞ս է բնակչությունը վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: 


– 2015 թվականին, երբ այն ստեղծվեց և Հայաստանը միացավ դրան, բնակչության վերաբերմունքը շատ լավ էր՝ հավանության մակարդակը մոտ 75%: Միգուցե ինչ-որ չափով մեծ սպասելիքներ կային, բայց իրականում ամեն ինչ դանդաղ էր զարգանում, ուստի բնակչության շրջանում որոշակի հիասթափություն կար։ Բայց միևնույն ժամանակ, երբ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, տեսնում ենք, որ Հայաստանն անկասկած շահել է և կշահի։ Մեր հիմնական արտահանողը Ռուսաստանն է, ներմուծումը նույնպես այնտեղից է, տնտեսական շրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ուղղակի հսկայական է։ Եվրասիական ուղղությամբ կա երկու խոշոր ինտեգրացիոն նախագիծ՝ ԵՄ և ԵԱՏՄ։ Եվ, իհարկե, կա կատաղի մրցակցություն։ Այնքան, որ ԵՄ-ն դուրս է բերում որոշ երկրների Ռուսաստանի գրավչության դաշտից, օրինակ մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան... Հիմա փորձում են քաշել նաև Հայաստանին։ Մրցակցությունն ոչ միայն տնտեսական է, այլ նաև ռազմաքաղաքական։ Այս իրավիճակում ԵԱՏՄ-ն զարգանալու համար պետք է շատ նոր ջանքեր ու գաղափարներ ներդնի այն ավելի գրավիչ դարձնելու համար։ Հակառակ դեպքում մի ուղեծրից մյուսը տեղաշարժ կլինի:


-Նման պայմաններում ի՞նչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։


– Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր երկրները ձգտում էին միավորվել Եվրոպայի հետ։ Ռուսաստանն ինքն էր ձգտում մերձենալ ԵՄ-ին։ Բայց 2008 թվականից Ռուսաստանը հասկացավ, որ իրեն չեն սպասում ԵՄ-ում։ Հիմա աշխարհը դառնում է բազմաբևեռ, և Հայաստանի նման երկրների համար կողմնորոշվելը շատ դժվար է։ Հասկանալի է, որ մենք պետք է միանանք ինչ-որ խոշոր ինտեգրացիոն սխեմայի։ Եթե ​​շարունակենք ասել, որ նպատակ ունենք միավորվել Եվրոպայի հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա պետք է հստակ հասկանանք, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, Թուրքիան է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, որ կհայտնվենք թուրքական էքսպանսիայի տակ, ինչպես եղավ Վրաստանում... Հուսով եմ, որ մեր ղեկավարությունը կունենա բավական խելք և ողջախոհություն դա հասկանալու համար։ Թուրքիան այն երկիրն է, որն իրականացրել է ցեղասպանությունը և այժմ նաև թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի և հայ բնակչության նկատմամբ։ Ուստի կարծում եմ, որ Հայաստանի համար այլ ճանապարհ չկա և չի էլ կարող լինել, և այդ ճանապարհը ԵԱՏՄ-ն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր