Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

12 սեպ 2023 12:53

Կաթսայում նաև Հայաստանն է եռում, խաղաքարտ ենք դարձել գերտերությունների ձեռքում.Թուրքիային և Ադրբեջանին անհանգստացնում է այս ամենը

Մեր տարածաշրջանը եռում է, նույն կաթսայում նաև Հայաստանն է, կարծես խաղաքարտ լինենք գերտերությունների ձեռքում: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասում է՝ վերջին մի քանի հարյուրամյակում ցավալի վիճակում ենք հայտնվել, իրոք խաղաքարտ դարձել գերտերությունների ձեռքում: Անդրադառնալով տարածաշրջանից Ռուսաստանի հնարավոր դուրս մղմանը՝ նա նշում է, որ, բնականաբար, դա խիստ նպաստավոր կլինի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համար:


«Վերջինս խրախուսում է Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում՝ Ռուսաստանին հնարավորինս չեզոքացնելու և հեռացնելու հարցում: Սա գաղտնիք չէ: Մեր հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում սերմանվող կա՛մ արհեստական, կա՛մ բնական՝ Արցախի հետ կապված, տրամադրությունների պատճառով մարդիկ չեն նկատում, որ Ռուսաստանի տեղն ազատ չի մնալու: Ո՞վ է գալու՝ Թուրքիան: ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի գալու մեր տարածաշրջան, նա այստեղ ունի իր զինվորը՝ Թուրքիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսպիրյանը:


Թուրքիայի նախագահը G20 գագաթաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ հեռախոսազրույց է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ: Իսպիրյանի խոսքով, ի սկզբանե պարզ էր, թե այդ հեռախոսազրույցի ժամանակ ինչ պիտի քննարկվեր: «Ադրբեջանի՝ Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանի իշխանություններն՝ իրենց հերթին, աշխարհի հայությունն՝ իր հերթին, իրազեկման, ահազանգման քաղաքականություն են վարում: Այս կտրվածքով Ադրբեջանի նկատմամբ ոչ բարենպաստ ֆոն է ձևավորվել աշխարհում, այդ թվում՝ նաև Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարությունների տեսքով: Որքան էլ ասենք, որ դատապարտումը ռեալ գործողություն չէ, բավարար չէ, բայց, միևնույնն է, այդ ֆոնը Թուրքիային և Ադրբեջանին անհանգստացնում է:


Երկրորդ կարևոր գործոնը, որը ստիպեց Էրդողանին անելու հայտարարություն, թե խոսելու է Փաշինյանի հետ, Արցախում անցկացված ընտրություններն էին: Էրդողանի անհանգստությունը և խոսքերը՝ «Ղարաբաղում ճիշտ քայլեր չեն կատարվում», ընտրությունների հետ են կապված, նաև նրա, որ հրաժարվում են Ադրբեջանի հետ գնալ համագործակցության՝ բացելու Ակնայի ճանապարհը: Վերջին շրջանում Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությանը գումարվել են նաև Հայաստանի և Արցախի սահմանների որոշ հատվածներում զինտեխնիկայի խոշոր կուտակումները և լրատվամիջոցներով ապատեղեկատվության տարածումը, թե իբր հայկական ուժերը «ռմբակոծել, հարձակվել, սադրանք են իրականացրել տարբեր ուղղություններով»: Սա տեղեկատվական հող է նախապատրաստում հավանական, հնարավոր սադրանքից առաջ՝ արդարացնելու համար այն»,-նշում է մեր զրուցակիցը:


Մեր տարածաշրջանում կարևոր դերակատար է Իրանը, որը մշտապես խոսում է իր կարմիր գծերի մասին: «Տարածաշրջանում Թուրքիա-Իրան դիմակայությունը մի քանի հարյուրամյակի պատմություն է, մշտապես եկել են ինչ-որ համաձայնությունների՝ կապված տվյալ ժամանակահատվածում ուժերի հարաբերակցության հետ: Վերջին տարիներին Իրանի հաջողությունները ռազմական ոլորտում ստիպում են Թուրքիային հաշվի նստել նրա հետ: Ունեն հակադիր շահեր, յուրաքանչյուրը ցանկանում է իր ազդեցությունն ունենալ: Թուրքիան ցանկանում է միջանցքով կապվել Ադրբեջանի հետ և շարունակել դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք իր պանթյուրքական էքսպանսիան, որն ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է Իրանի համար: Այստեղ գործոնը Իրանի համար ոչ թե Հայաստանն է, այլ իր ազգային անվտանգությունը, իր երկրի ամբողջ տարածքի անձեռնմխելիության վտանգը: Սեփական շահի համար Իրանին ձեռնտու չէ, որ Հայաստանը կիսեն: Բացի դա, այդ հատվածը կարող է դառնալ պլացդարմ, որտեղից Իսրայելի և Արևմուտքի կողմից Իրանի հյուսիսին հարվածներ կհասցվեն, ինչը կարող է հանգեցնել Արևմտյան և Արևել յան Ատրպատականների կորստին»,-հավելում է թուրքագետը:


Եվ վերջում՝ Հայաստանի և Արցախի սահմաններին զորքերի կուտակումների մասին: «Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեկ գերխնդիր՝ միջանցք ունենալ, ռազմական որոշակի գործողություններ կարող են տեղի ունենալ միջանցք բացելու նպատակով: Կարող են նաև գործողություններ տեղի ունենալ Արցախի նկատմամբ, այնտեղ սահմաններին ևս կուտակումներ կան: Այս օրերին աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են Թուրքիային և Ադրբեջանին չգնալ նման քայլերի: Խոսել պատերազմից՝ տեղին չէ, լոկալ սադրանքների հավանականություն միանշանակ կա»,-եզրափակում է Անդրանիկ Իսպիրյանը:


 «Փաստ» 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր