Մինչեւ հիմա վարչապետը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձեւակերպումից.Ինչ գնով Ադրբեջանին կտա Սյունիքի ճանապարհ-միջանցքը . «Ժողովուրդ»
![](https://www.pastinfo.am/news_images/553/1656202_1/nnnn.thumb.png)
Եվ այսպես, Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում են, թե այս միջանցքը պետք է բացվի։ Օրինակ՝ սեպտեմբերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Ալիեւը հայտարարել էր. «Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջող է ընթանում։ Ադրբեջանի տարածքում աշխատանքները, ամենայն հավանականությամբ, պետք է ավարտվեն հաջորդ տարվա վերջին»։ Իսկ աշխարհաքաղաքական որեւէ այլ կենտրոն մինչ օրս չի հայտարարել այդ միջանցքի կամ ճանապարհի չլինելու մասին։ Տպավորություն է ստեղծվում, թե այսպիսով աշխարհում կա կոնսենսուս՝ Հայաստանը պետք է տրամադրի այս միջանցքը Ադրբեջանին, բայց չկա կոնսենսուս՝ ինչ փաստաթղթի հիման վրա պետք է այն լինի եւ ինչ կարգավիճակով:
Արդյոք խոսքը 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի՞ մասին է՝ կնքված Փաշինյանի, Պուտինի ու Ալիեւի միջեւ, որտեղ կա այսպիսի ձեւակերպում. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Արդյոք ճանապարհի վերահսկողությունը պետք է անի հայկակա՞ն կողմը։
Մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձեւակերպումից։ Այս առումով Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումը ճակատագրական է, եւ հենց այնտեղ է որոշվելու, թե որ փաստաթղթի հիման վրա կտրվի միջանցք-ճանապարհը: Բացի այդ, կորոշվի՝ ինչ նոր արհավիրք է սպասվում, եթե հայկական կողմը հրաժարվի որոշում կայացնելուց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես նշել է, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը խոսում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը», – սեպտեմբերի 21-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նման հայտարարություններ հաճախ անում է նաեւ եվրոպական կողմը: «ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- երեկ էլ նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մոցելան: Այսպիսով, իրավիճակը ցույց է տալիս, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա այդ միջանցքը, բայց Արեւմուտքը չի ցանկանում, որ դա որեւէ դեպքում լինի ռուսական վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, պե՛տք է լինի: Թե ինչ գնով եւ ում վերահսկողությամբ, պարզ կդառնա այս ամսվա վերջին Բրյուսելում։
Այսինքն՝ անգամ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ. զավթած՝ ՀՀ ճանաչված սահմաններից մոտ 140 քառ. կիլոմետր տարածքները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարման անկարողության մասին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 10․ 23 թ համարում։