Երկընտրանքի առաջ է կանգնած Հայաստանը՝ գնալ կռվի այդ 4 տարածքների համար, պարտություն կրել և մնալ ոչնչով, կամ գնալ զիջումների և դրա դիմաց ստանալ բովանդակային որևէ բան
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ պնդումը, թե Տավուշի մարզից որևէ տարածք է հատկացվում Ադրբեջանին, սխալ է, որովհետև այդ տարածքները չեն մտնում Հայաստանի մեջ:
«Խոսքը Տավուշի մարզին կից, դրա հետ սահման ունեցող 4 էսկլավների մասին է, որոնք նախկինում եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում: Ներկայումս, ըստ էության, Երևանի պաշտոնական մոտեցումն այն է, որ դրանք զբաղեցրել է ՀՀ-ն և պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի տրամաբանության մեջ վերադարձվեն Ադրբեջանին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ Քոչինյանի՝ պնդումը, թե պարբերաբար ինչ-որ զիջումներ են արվում, ևս սխալ է. «Որովհետև Հայաստանը որևէ անգամ որևէ մի տեղ որևէ բան չի զիջել, ընդհանրապես ամբողջ խոսույթը և խոսակցությունը զիջումների մասին կեղծ է: Մեծ տարբերություն կա պատերազմում պարտվելու և այդ պարտության հետ առերեսվելու ու զիջում հասկացության միջև: Իրականում վատ չէր լինի, որ անցնող 3-4 տարիների ընթացքում Հայաստանը ինչ-որ մի բան զիջած լիներ, ոչ թե մինչև վերջ պայքարեր ու ջախջախվեր, դանակը ոսկորին հասներ ու մնար առանց ոչնչի»:
Քաղաքագետի խոսքով՝ այժմ, ըստ էության, հենց այդպիսի երկընտրանքի առաջ է կանգնած Հայաստանը՝ գնալ կռվի այդ 4 տարածքների համար, մարտադաշտում պարտություն կրել և մնալ ոչնչով, կամ գնալ զիջումների և դրա դիմաց ստանալ բովանդակային որևէ բան:
«Իսկ թե ո՞րն է բովանդակայինը, դրա մասին հայտարարվել է, վարչապետն էլ գյուղեր կատարած այցի ընթացքում խոսեց դրա մասին, որ մենք պետք է սկսենք դեմարկացիայի և դելիմիտացիայի բովանդակային գործընթացը: Սա Ադրբեջանի հետ դելիմիտացված և դեմարկացված սահման ունենալու առաջին արարը պետք է լինի»,- կարծում է Քոչինյանը:
Նրա կարծիքով՝ Սովետական միությունը միայն Հայաստանում և Ադրբեջանում չէ, որ այսպիսի «ռումբեր» է տեղադրել (էսկլավներ, անկլավներ). «Նմանատիպ պատմություն է Մոլդովայում, միջին Ասիայում, դրա նման մի բան է Վրաստանում: Այսինքն՝ ամբողջ հետխորհրդային տարածքը լի է երկարժամանակյա ազդեցության «ռումբեր»-ով, և դրանք ի սկզբանե դրա համար են ստեղծվել»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, թե Ռուսաստանը սրա հետ կապ չունի՝ քաղաքագետը նկատում է. «Ընդամենը պատեհապաշտական փորձ է եղած բարդ իրավիճակը հնարավորինս օգտագործել սեփական շահերի համար, մեղադրել բոլորին՝ ում հնարավոր է՝ Արևմուտքին, ՀՀ իշխանություններին ու փորձել դրա վրա որոշակի քաղաքական կապիտալ ձեռք բերել: Նույնը անում է ընդդիմությունը. ցանկացած պարագայում, երբ մենք բախվում ենք որոշակի խնդրի կամ հասնում որոշակի փուլի, խնդիրները փորձում ենք լուծել, ու երբ որոշակի լարում է առաջանում, ընդդիմությունը փորձում է իրավիճակը օգտագործել, ցուցադրել հնարավորինս այդ խնդիրը՝ չխոսելով, բնականաբար, լուծման մասին: Բնական քաղաքական պրոցես է, ուղղակի պետք է ֆիքսել, որ Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս որոշ ուժեր, ըստ էության, ելնում են նույն շահերից և գործում նույն շահերի տրամաբանության մեջ՝ ընդդեմ ՀՀ-ի պետականության»,- ասում է զրուցակիցը: